Թրամփն ընտրեց Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարին, որը հայտնի է «Գիժ աջակողմյան» և «Դանակ Միկ» մականուններով
Նույն հաղորդման մեջ Թրամփը 68-ամյա Քելլիին անվանել է իր երկրի «մեծ հայրենասեր» և շնորհակալություն է հայտնել նրան կատարած աշխատանքի համար:
Միաժամանակ ասում են` աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ գեներալ Քելլին բազմիցս նախագահին «ապուշ» (idiot) է անվանել և նրան նկարագրել է որպես մի մարդ, որին ոչինչ չես կարող համոզել: Այդ մասին հայտնի դարձավ հետաքննական լրագրության վետերան Բոբ Վուդվորդի «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» (2018) գրքից: Հետագայում Քելլին ստիպված էր հերքել, որ երբևէ իր պետին «իդիոտ» է անվանել:
Դեկտեմբերի սկզբին Թրամփը հայտարարեց, որ գեներալն իր պաշտոնը կթողնի տարվա վերջին: Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ այդ ժամանակ նախագահի և Քելլիի հարաբերություններն այնքան էին փչացել, որ իրար հետ այլևս չէին խոսում:
Ո՞վ է Միկ Մալվեյնին
Նա 51 տարեկան է: Մինչև այս նշանակումը ղեկավարել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի վարչաբյուջետային վարչությունը: Այդ մարմինն ամեն տարի պատրաստում է դաշնային բյուջեն նախքան Կոնգրեսին ներկայացնելը, իսկ հետագայում հաշվետվություն է ներկայացնում փաստաթղթի կատարման մասին:
Ինչպես հայտնում է Politico-ն, այդ պաշտոնում աշխատելիս է Մալվեյնին ստացել «Դանակ Միկ» մականունը, քանի որ շարունակ առաջարկել է կրճատել սոցիալական ծախսերի այս կամ այն հոդվածը:
2017 թ. նա հայտարարեց Ուկրաինային և մի շարք այլ երկրների անհատույց ռազմական օգնությունը կրճատելու մասին: Մալվեյնիի գաղափարն այն էր, որ ուղղակի սուբսիդիաները փոխարինվեն վարկերով:
Այս պաշտոնյան չի թաքցնում իր պահպանողական համոզմունքները: «Ողջույն, ես գիժ աջակողմյան եմ»,- այսպես է ներկայացել նա ժամանակին Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդական Գերի Քոնին: «Ողջույն, ես Գերին եմ»,- պատասխանել է վերջինս:
«Ես նրան «Ռոբիտուսին» եմ անվանում [հազի և մրսածության դեմ ամերիկյան դեղամիջոց]: Տհաճ համ ունի, բայց օգտակար է»,- այսպես է բնորոշել Մալվեյնիին նրա ընկերը՝ կոնգրեսմեն Թրեյ Գոուդին (մեջբերումն ըստ Politico-ի):
Հիշեցնենք, որ Թրամփը երկու տարվա մեջ արդեն երրորդ անգամ է աշխատակազմի ղեկավար փնտրում: Քելլին աշխատակազմի ղեկավար աշխատեց մոտ մեկուկես տարի, նրա նախորդը՝ Ռայնս Փրիբեսը, հեռացավ Թրամփի իշխանության գալուց կես տարի անց: Երկուսն էլ, ինչպես գրում էր մամուլը, բազմաթիվ դժվարությունների են հանդիպել իրենց աշխատանքում, ի թիվս որոնց համակարգման բացակայությունը, բացթողումները որոշումներ ընդունելու գործընթացում և Թրամփի անակնկալ որոշումները՝ առանց խորհրդականների հետ խորհրդակցելու:
Աշխատակազմի ղեկավարը համակարգում է Սպիտակ տան պաշտոնյաների աշխատանքը բազմաթիվ նախարարությունների և գերատեսչությունների հետ: Նա զբաղվում է նաև աշխատակիցների ընտրությամբ ու փաստաթղթերի շրջանառությամբ և պատասխանատու է նախագահի աշխատանքային օրակարգի համար: Նրա նշանակման համար Սենատի հավանությունը չի պահանջվում: