Հայերեն   English   Русский  

«Դեղին բաճկոնների» առաջնորդներից մեկը հայազգի երիտասարդ է


  
դիտումներ: 1394

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» շարժումը, որի մասնակիցները բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ, ինչպես նաև քաղաքական պահանջներ ներկայացնում` մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը, նոր թափ է առնում: Գրում է Rusarminfo.ru-ն:

Պարզվում է, որ շարժման հիմնադիրներից և ղեկավարներից մեկը հասարակական ակտիվիստ Հայկ Շահինյանն է, որը ծնվել է Երևանում, սակայն մեծացել և ապրում է Փարիզում:

Շահինյանը նախօրեին արձագանքել է ժողովրդին ուղղված Ֆրանսիայի նախագահի ուղերձին, որը խոստացել է զիջումների գնալ և սոցիալ-տնտեսական միջոցներ ձեռնարկել:

«Մենք մտադիր ենք մոբիլիզացված մնալ շատ պարզ պատճառով` մենք դեմ ենք, թե ինչպես են կառավարության դրամական միջոցները ծախսվում, դեմ ենք ընդունված որոշումներին: Լարծում ենք, որ միլիարդները, հարյուրավոր միլիարդներ, կարելի է ստանալ խելամիտ տնտեսություն վարելով և անհրաժեշտության դեպքում հարկեր սահմանելով, այլ ոչ թե ամբողջ բեռը փոքր հարկատուների ուսերին դնելով», - հայտարարել է հայազգի ակտիվիստը Euronews- ի եթերում:

Հայկ Շահինյանը նաև հայտարարել է, որ շուտով «դեղին բաճկոնների» շարժումը քաղաքական ուժի կվերածվի և կմասնակցի 2019 թ. մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններին:

Շահինյանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նաև հայկական սփյուռքի կյանքին: 2018թ ապրիլ-մայիս ամիսներին նա մասնակցել է ֆրանսահայերի բողոքի ակցիաներին, որոնք նման կերպ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում անցկացվող հանրահավաքներին:

«Դեղին բաճկոնների» շարժումը սկսվեց Ֆրանսիայում 2018 թ. վերջին` ի պատասխան իշխանությունների կողմից վառելիքի գների բարձրացման:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: