Հայերեն   English   Русский  

Լուկաշենկոն Զասի թեկնածությունը պաշտոնապես առաջադրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում


  
դիտումներ: 460

Բելառուսի նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել Ստանիսլավ Զասի հետ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը:

Լուկաշենկոն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Զասի հետ։ «Ես կանգ առա Զասի թեկնածության վրա, որպեսզի, այսպես ասած, օրինակ ցույց տամ, որ արդեն ժամանակն է` մենք այդ կազմակերպությունում նախկին, պաշտոնաթող գեներալների նշանակումից անցնենք գործող երիտասարդ ու խոստումնալից գեներալների, որպեսզի նշանակություն հաղորդենք այս կազմակերպությանը»,- ասել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6–ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի վերաբերյալ և տեղեկացրել, որ կազմակերպությունը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը հերքել էր` պարզաբանելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: