Հայերեն   English   Русский  

​Հարյուրավոր գերմանացի քաղաքական գործիչների, լրագրողների և նշանավոր անձանց անձնական տվյալներն արտահոսել են ցանց


Հետաքննությամբ զբաղվում է ԳԴՀ-ի տեղեկատվական տեխնիկայի անվտանգության դաշնային գերատեսչությունը, հակահետախուզությունը, գլխավոր դատախազությունը, ինչպես նաև քրեական գործերի դաշնային գերատեսչությունը


  
դիտումներ: 707

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հարյուրավոր գերմանացի քաղաքական գործիչների, ինչպես նաև լրագրողների ու նշանավոր անձանց անձնական տվյալները ցանց են արտահոսել: Կայքահենները տեղեկությունները հրապարակել են թվիթերի միջոցով ամբողջ դեկտեմբերի ընթացքում, սակայն ԶԼՄ-ները դրա վրա ուշադրություն են դարձրել միայն այժմ: Հայտնի չէ, թե ով է այդ կիբեռհարձակման հետևում, ինչ ժամանակում և ինչ աղբյուրներից է հավաքվել տեղեկատվությունը:

Հետաքննության մեջ ներգրավված է ԳԴՀ-ի տեղեկատվական տեխնիկայի անվտանգության դաշնային գերատեսչությունը, հակահետախուզությունը, գլխավոր դատախազությունը, ինչպես նաև քրեական գործերի դաշնային գերատեսչությունը:

Ինչ և ումից են գողացել

Ցանց հոսած տեղեկությունները հիմնականում մասնավոր բնույթ ունեն: Ըստ ստացված տվյալների՝ Գերմանիայի կառավարության ներքին ցանցն անձեռնմխելի է մնացել, իսկ դա նշանակում է, որ քաղաքականության ոլորտի գաղտնի տեղեկատվություն չի հրապարակվել: Գերմանիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները պատմել են լրագրողներին, որ չարագործները գաղտնի տվյալներ չեն գողացել թե՛ պաշտպանության նախարարությունից, թե՛ դաշնային կանցլերի գերատեսչությունից:

Համացանցում հայտնվել են քաղաքական գործիչների բջջային հեռախոսներն ու հասցեները, ինչպես նաև ներկուսակցական փաստաթղթերի շրջանառության մի մասը՝ համագումարներին մասնակցելու հայտարարություններ, տարբեր միջոցառումների մասնակիցների ցուցակներ և այլն: Առանձին դեպքերում կայքահենները կարողացել են ձեռք բերել պատգամավորների անձնական փաստաթղթերը՝ հաշիվները, բանկային հանձնարարությունները, անձնագրերը, վարկային քարտերի տվյալները, անձնական լուսանկարները: Այդ առումով ամենից շատ տուժել է «կանաչների» կուսակցության համանախագահ Ռոբերտ Հաբեկը: Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ կայքահենները ձեռք են բերել նրա նամակագրությունը հարազատների հետ:

Ըստ Bild թերթի տվյալների՝ արտահոսքը դիպել է Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների 405 ներկայացուցիչների, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության 294, «կանաչների» 105, Ձախ կուսակցության 82, լիբերալների 28 անդամի: Տուժածների թվում են մասնավորապես նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և կանցլեր Անգելա Մերկելը:

Մերկելի դեպքում խոսքն ընդունարանի ֆաքսի համարի, էլեկտրոնային փոստի մի հասցեի և մի քանի նամակների մասին է: Կառավարության նախագահ Մարտինա Ֆիցն ասել է, որ «զգայուն տվյալներ» չեն գողացել:

Չարամիտների թիրախը բնավ միայն քաղաքական գործիչները չեն եղել: Մասնավորապես կիբեռհանցագործների համար հասանելի են դարձել դերասան Թիլ Շվայգերի անձնական տվյալները, ինչպես նաև հեռուստամեկնաբան Յան Բեմերմանի, որին դատել են Թուրքիայի իշխանությունների հասցեին վիրավորանքների համար, և լրագրող Հայո Զեպելտայի անձնական տվյալները, որը համբավ է ձեռք բերել դոփինգի մերկացումների շնորհիվ:

Ո՞վ է հարձակման հետևում

Արտահոսքի մասին տեղեկությունը հայտնվելուց հետո ԶԼՄ-ներն անմիջապես սկսեցին կապեր փնտրել արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ: Դիտորդներին հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք հնարավոր է տեղի ունեցած հարձակումը կապել Բունդեսթագի ներքին ցանցի վրա երկամյա վաղեմության հարձակման հետ: ՆԳՆ-ի ներկայացուցիչ Զյորեն Շմիդտն ասել է, որ «շատ վաղ» է նման եզրակացություն անելու համար: «Այս պահին ես չեմ կարող տվյալներ ներկայացնել այդ առնչությամբ, դա հետաքննության առարկա է»,- ասել է նա:

Հնարավոր չէ կայքահենների գործողությունների մեջ որևէ համակարգ գտնել, չափից ավելի տարաբնույթ է հրապարակված տեղեկատվությունը: Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ չարագործները կարող էին նշանավոր մարդկանց փոստարկղերի մի քանի տասնյակ գաղտնաբառեր ընտրել և ապա պատահականորեն տեղադրել սոցիալական ցանցերում:

Գողացված տվյալների հղումները տարածվել են թվիթերի 16 հազար բաժանորդ ունեցող հաշվի միջոցով: Այժմ այն փակված է: Ուշագրավ է, որ տեղեկություններն օրական հրապարակվել են ամբողջ դեկտեմբերի ընթացքում, ընդհուպ կաթոլիկների Սուրբ Ծնունդը՝ դեկտեմբերի 25-ը: Էջին ուշադրություն են դարձրել միայն երեկ երեկոյան: Այդ ժամանակ էլ տեղեկացրել են իշխանություններին և կուսակցությունների ներկայացուցիչներին:

Կիբեռհարձակումը կապում են աջ ակտիվիստների հետ, քանի որ, համաձայն նախնական տեղեկատվության, արտահոսքը շրջանցել է պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիային» կուսակցության ներկայացուցիչներին: Ներկայումս այս առնչությամբ հակասական տեղեկություններ են հասնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: