Հայերեն   English   Русский  

​Anonymous-ը նյութեր է հրապարակել Հայաստանում Integrity Initiative-ի աշխատանքի մասին


  
դիտումներ: 1380

Anonymous-ի կայքահենները փաստաթղթերի նոր շարք են հրապարակել Հայաստանում բրիտանական Integrity Initiative պետական նախագծի գործունեության մասին, ներառյալ հրապարակումների գրաֆիկը, հասցեների ցուցակը, ոչ լոյալ լրագրողների ցուցակը և վճարման փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»:

Կայքահենները հանրության սեփականությունն են դարձրել նոր փաստաթղթեր և վճարման հաշիվներ, որոնք իրենք համարում են վկայություն այն իրողության, որ Integrity Initiative-ը բրիտանական հարկատուների փողերով վերլուծում է Լեյբորիստական կուսակցության և նրա առաջնորդի, RT հեռուստաալիքի գործունեությունը, ինչպես նաև Լոնդոնի աշխատանքները Ռուսաստանի հարևան երկրներում: Փաստաթղթերում, մասնավորապես, արծարծվում են նախկին ԽՍՀՄ երկրների դրության լուսաբանումը, Սոլսբերիի միջադեպը և իրավիճակը Մերձավոր արևելքում, ներառյալ Սիրիան: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն արդեն ընդունել է նախկինում ԵՄ երկրների գործերին Լոնդոնի միջամտության և Ռուսաստանի դեմ նպատակաուղղված պատերազմ վարելու մասին Anonymous-ի հրապարակած փաստաթղթերի արժանահավատությունը: Փաստաթղթերի թվում են RT-ի աշխատանքի մասին զեկույցները և մի քանի օր անց Intergity Initiative-ի համար այդ աշխատանքի վճարման հաշիվները:

Կայքահենների հրապարակած փաստաթղթերը ներառում են 2016 թվականի համար տարածաշրջանում «Պետական կառավարման ինստիտուտի» գործողությունների յուրօրինակ գրաֆիկ՝ Ռուսաստանի ազդեցության և աշխարհում նրա բացասական դերի մասին ԶԼՄ-ների հրապարակումների ցուցակով, ինչպես նաև ոմն հետազոտող Էդուարդ Աբրահամյանի «Մոսկվան մտավախություն ունի, որ հայկական «թավշյա հեղափոխությունը» կարող է թուլացնել իր ազդեցությունը Երևանի վրա» գիտական հոդվածը Հայաստանում տեղի ունեցող ցույցերի մասին: Կցված է նաև տվյալ հետազոտողին վճարելու փաստաթուղթը, որը 265 ֆունտով տեղեկացնում է ինչ-որ «լսարանի» Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ընթացիկ դրության մասին:

«Պետական կառավարման ինստիտուտի» նվաճումների ցանկում նաև «RT-ի՝ պատշաճ անկողմնակալություն ապահովելու անկարողության» կապակցությամբ վեց բողոք կա բրիտանական Ofcom մեդիակարգավորողի դեմ՝ պաշտոնական հետաքննություն սկսելու խնդրանքով:

Եվս մի փաստաթուղթ հաշվետվություն է Հայաստանում տեղի ունեցող ընդվզումների լուսաբանման վերաբերյալ, որում ցույց է տրվում, որ նախագծի աշխատողները շեշտը դրել են «Ռուսաստանի բացասական դերի» վրա, ընդ որում մեջբերված հրապարակումների մեկնաբանություններում պարսավանքի են ենթարկվում այն լրագրողները, որոնք բողոքի ցույցերը լուսաբանել են պրոռուսական դիրքերից:

Ներկայացված է նաև Հայաստանի այն «ակտիվիստների» ցուցակը, որոնք առաջ են տանում Ռուսաստանի շահերը, քարոզում են «Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն ու մտադրությունները՝ միաժամանակ ներկայացնելով իրենց որպես «վերլուծաբան», «փորձագետ», «քաղաքական գործիչ»:

2018 թ. նոյեմբերին կայքահեններն առաջին անգամ հրապարակեցին «Պետական կառավարման ինստիտուտի» Integrity Initiative նախագծի փաստաթղթերը, որը Մեծ Բրիտանիան, իրենց ենթադրությամբ, կարող էր օգտագործել եվրոպական երկրների ներքին գործերին միջամտելու և Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ վարելու համար: Anonymous-ի տվյալներով՝ ինստիտուտի ծրագիրը 2017 թվականից ի վեր չի նորացվել, նրա աշխատակիցների և հաստատության հասցեների մասին տեղեություններ չկան, իսկ օնլայն հրապարակումների ծրագրային կոդը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ դրանք արվում են ավտոմատ ռեժիմով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: