Հայերեն   English   Русский  

​Դը Գոլից մինչև Մակրոն. կպահպանի՞ Ֆրանսիան հինգերորդ հանրապետության ինստիտուտը


Դմիտրի Գորոխովը Շառլ դը Գոլի ու Էմանուել Մակրոնի քաղաքական արժեքների և վեցերորդ հանրապետության անցնելու հավանականության մասին


  
դիտումներ: 1492

60 տարի առաջ՝ 1959 թ. հունվարի 8-ին, իր պաշտոնը ստանձնեց Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության առաջին նախագահը:

Շառլ դը Գոլն առաջադրված էր Ֆրանսիայի պատմության մեջ երկրի ղեկավարի վերջին ոչ ուղղակի ընտրություններում, սակայն առիթ չկար կասկածելու համընդհանուր աջակցությանը: Նա ընտրվեց առաջին իսկ փուլում՝ իրենից շատ մեծ հեռավորությամբ հետ թողնելով մրցակիցներին: Գեներալը ստացավ 80 հազար հոգուց բաղկացած ընտրիչների կոլեգիայի՝ խորհրդարանականների, քաղաքապետների, տարածաշրջանային ժողովների պատգամավորների ձայների 78 տոկոսը:

Դը Գոլը Ֆրանսիան ղեկավարեց այնուհետև 10 տարի՝ 1965 թ. նախագահ ընտրվելով արդեն ուղիղ ընտրություններով:

Իր պաշտոնը նա թողեց 78 տարեկանում՝ 1969 թ. ապրիլին, երբ նրա առաջարկած Սենատի (խորհրդարանի վերին պալատի) վերակազմավորման նախագիծը մերժվեց հանրաքվեով: Դրանից հետո մոտ մեկուկես տարի անց նա կնքեց մահկանացուն: Սակայն այս պատմական առաջնորդի ազդեցությունը Ֆրանսիայի քաղաքականության վրա պահպանվում է մինչ օրս:

Ամեն ինչից վեր

Մորիս Դրյուոնը, որ ղեկավարում էր Ֆրանսիայի ակադեմիան, դը Գոլի ժառանգությունը համարում էր «վեհ ապրած կյանքի դպրոց»: Գրողը մտել էր «Ազատ Ֆրանսիա» շարժում, որը գեներալը հիմնել էր բռնազավթված տարիներին: «Ես խորհուրդ եմ տալիս կարդալ նրա օրագրերը»,- ասում էր գրողը:

Խաղաղ ժամանակ դը Գոլի առաջին հոգսը միշտ էլ մնում էր Ֆրանսիայի ինքնիշխանությունը: «Չի կարելի զոհաբերել օրինականությունը,- զգուշացնում էր նա:- Ազգի բարձրագույն շահը նրա ինքնիշխանությունն է»: Եվ մեջբերում էր լատինական ասացվածքը. Primum omnimum salus patriae («Հայրենիքի փրկությունը ամեն ինչից վեր է»):

Նա ի սպաս դրեց իր վճռականությունը: 1963 թ. հունվարին նախագահը Ալեն Պեյրեֆիտին, որին նոր-նոր էր տեղեկատվության նախարար նշանակել, հիշեցրեց. «Ամերիկացիներն ուզում էին այստեղ տեր դառնալ: 1944 թվականին նրանք պատրաստվում էին իշխել Ֆրանսիային AMGOT-ի միջոցով (Allied military governement of occupied territories - օկուպացված տարածքների միութենական ռազմական կառավարություն): Եվ եթե ես չհաստատեի մեր ժամանակավոր կառավարության իշխանությունը՝ շուտով ժամանելով Բայո դաշնակիցներին Նորմանդիայում ափ հանելուց հետո, Ֆրանսիայի հետ կվարվեին ինչպես նվաճված երկրի հետ»:

Նապոլեոնի սխալը

Դը Գոլը, Ֆրանսիայի ինքնիշխանություն ասելով, հասկանում էր նաև գործընկերներին ինքնուրույն ընտրելու օրինական իրավունքը: 1965 թ. ձմռանը, Պեյրեֆիտին Մոսկվա ուղարկելով ԽՍՀՄ-ում գունավոր հեռուստատեսության համակարգ ստեղծելու բանակցությունների համար, դը Գոլը նրան մանրամասն խրատներ տվեց՝ հորդորելով «Ռուսաստանի հետ այնպիսի հարաբերություններ հաստատել, որպիսիք միշտ են եղել»:

«Մենք ընդհանուր շատ բան ունենք ռուսների հետ, և այդպես եղել է հնուց անտի,- նկատել է նա:- Ֆրանսիայի շահերից է բխում լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Մեր պատմության մեջ միշտ էլ եղել է բարենպաստ շրջան, երբ մենք սերտ կապեր են ունեցել ռուսների հետ»:

1812 թվականի պատերազմը դը Գոլը համարում էր բացառություն: Նրա խոսքով՝ Ռուսաստանի վրա հարձակվելու որոշումը Նապոլեոնի երբևէ գործած «ամենամեծ սխալն» էր: «Ոչինչ չէր հարկադրում դրան, դա հակասում էր մեր շահերին, ավանդույթներին, նկարագրին,- ասում էր նա:- Հենց Ռուսաստանի հետ պատերազմից սկսվեց մեր անկումը»:

Գեներալի մերձավոր զինակից, գրող Անդրե Մալրոն՝ նրա օրոք մշակույթի անփոփոխ նախարարը, մի անգամ նկատել է. «Բոլորն էլ եղել են, մի օր կլինեն կամ կդառնան գոլական»: Եվ դա այնքան էլ հեռու չէր ճշմարտությունից: Դը Գոլին հարգանքի տուրք մատուցելը իր պարտքն էր համարում նրա հաջորդած յոթ նախագահներից յուրաքանչյուրը:

Միտերանի անակնկալը

«Շառլ դը Գոլը մեր երկրին տվեց պետական ինստիտուտները և ներկայիս տեղը աշխարհում,- ասում էր դը Գոլի հետնորդ Ժորժ Պոմպիդուն, որ մահացավ նախագահական պաշտոնում 1974 թ. ապրիլին:- Մենք պետք է խոստանանք, որ արժանի կլինենք այդ դասերին»:

Վալերի Ժիսկար դ’Էստենը դը Գոլի ուշադրությունը գրավեց անմիջապես խորհրդարանում ընտրվելուց հետո և 32 տարեկանում հրավիրվեց զբաղեցնելու ֆինանսների պետքարտուղարի (փոխնախարարի) պաշտոնը: Կաբինետի նիստերի ժամանակ նա նախարարից ավելի հաճախ էր հանդես գալիս: Գեներալը նրան իր «լավագույն գանձապետն» էր համարում և 4 տարի անց եռանդուն քաղաքական գործչին վստահեց ֆինանսների ողջ գերատեսչության ղեկավարումը:

«Նա մի նպատակ ուներ՝ ջնջել պատերազմի, օկուպացման, նվաստացման հետքերը,- ասում էր հինգերորդ հանրապետության հիմնադրի մասին Ժիսկար դ’Էստենը, որ ղեկավարեց Ֆրանսիան 1974-1981 թթ.:- Յոթ տարի ինձ վստահել էին գեներալի անունից կառավարել մեր բյուջեն: Ես գիտեի, որ Ֆրանսիայի արդիականացման համար 7 տարին քիչ է, երկու-երեք տասնամյակ է անհրաժեշտ, բայց կարողացա փոփոխությունների նախաձեռնող դառնալ, քանի որ ընդօրինակելու կերպար կար՝ Շառլ դը Գոլը»:

Ֆրանսուա Միտերանը՝ հինգերորդ հանրապետության չորրորդ ղեկավարը և առաջին սոցիալիստ նախագահը, դը Գոլի քաղաքական ընդդիմախոսն էր, բայց երբեք չի ժխտել նրա դերը Ֆրանսիայի պատմության մեջ: Նա Ելիսեյան պալատում մնաց ամենից ավելի երկար՝ 14 տարի: Նախագահական երկրորդ ժամկետը սպառվելուց հետո նա լիզարությունները հանձնեց Ժակ Շիրակին, որը առաջին անգամ կառավարություն էր հրավիրվել դեռ դը Գոլի օրոք:

Շիրակն ահա այսպես է նկարագրում լիազորությունների հանձնումը չորրորդ նախագհից հինգերորդին. «Մտնելով նրա առանձնասենյակը՝ ես քարացա անակնկալից: Ֆրանսուա Միտերանը կարգադրել էր ինձ համար առանձնասենյակում ամեն ինչ վերականգնել այնպես, ինչպես եղել էր գեներալի օրոք: Նախկին տեղում էր հայտնվել անգամ այն ժամանակվա կահույքը: Միտերանը ցանկանում էր ինձ համար ինչ-որ բան անել, որը կարող էր բավականություն պատճառել»:

դը Գոլի հուշակոթողը

Ճանապարհ դեպի Կոլոմբե

Հինգերորդ հանրապետության վեցերորդ նախագահ Նիկոլյա Սարկոզին 2008 թ. Կոլոմբե դե Դեզ Էգլիզում, որտեղ գեներալն անցակցրել էր իր կյանքի վերջին տարին, հատուկ հուշակոթող բացեց՝ նվիրված Ֆրանսիայի պատմական առաջնորդին: Յուրաքանչյուր ընտրված նախագահ պարտադիր այցելում է հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Մառնա դեպարտամենտի այդ կոմունան, որպեսզի ծաղիկներ դնի գեներալի շիրմաքարին:

Սարկոզիի կարծիքով՝ ինչ էլ որ արել է դը Գոլը, ձգտել է, որ Ֆրանսիան հավատարիմ մնա իրեն, իր պատմությանը, արժեքներին, նկարագրին: «Գեներալը երբեք չի նահանջել, երբ անհրաժեշտ է եղել որոշում կայացնել, քանի որ նա գիտեր՝ հետաձգելով որոշումները՝ մենք սոսկ ավելացնում ենք խնդիրները»,- ասել է Սարկոզին, որը Ելիսեյան պալատում մնաց միայն մեկ նախագահական հնգամյակ՝ 2007-2012 թթ.:

Վերլուծաբանները հիշեցնում են, որ դը Գոլի կառավարման շրջանում հանրապետության նախագահի վարկանիշը երբեք 42 տոկոսից վար չի իջել: Ամենացածր մակարդակը՝ 13 տոկոս, արձանագրվել է միայն կես դար անց՝ Ֆրանսուա Օլանդի օրոք, որը չկատարեց գործազրկությունը նվազեցնելու խոստումը: Վերջին հաշվով դա էլ ստիպեց հինգերորդ հանրապետության յոթերորդ նախագահին հրաժարվել նախագահական երկրորդ ժամկետի համար առաջադրվելուց:

Ճանապարհ դեպի պալատ

Այդպես ահա ճանապարհ բացվեց դեպի Ելիսեյան պալատ Օլանդի թիմի ամենաերիտասարդ մասնակցի՝ Էմանուել Մակրոնի համար: Հաղորդակցության փորձագետները հիշեցնում են, որ նախընտրական մեծ հանրահավաքներից մեկում թեկնածու Մակրոնը խնդրեց մեծ էկրանին ցուցադրել հատված դը Գոլի հարցազրույցից:

«Երբ աջերի և ձախերի հետևորդները հերթով հայտարարում են, թե իբր ես պատկանում եմ հակառակ ճամբարին, այդպիսով սոսկ հաստատում են իմ խոսքերի արդարացիությունը,- ասել է գեներալը:- Ո՛չ հիմա, ո՛չ երբևէ ես չեմ պաշտպանում այս կամ այն կողմը, ես Ֆրանսիայի կողմից եմ»:

Արդեն 2016-ի գարնանը Մակրոնը, որ այդ ժամանակ զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, հայրենի Ամյենում հայտարարեց վերկուսակցական En Marche շարժում ստեղծելու մասին, որի անվան մեջ թաքցված են նրա անուն-ազգանվան սկզբնատառերը:

Թեկնածուն իր քարոզարշավը սկսեց Ֆրանսիայի մայրաքաղաքի Վերսալյան դարպասների մոտ հրավիրված հանրահավաքով: Գեթ մեկ անգամ չնայելով սեղմագրին ելույթի ողջ ընթացքում, որ տևեց մոտ երկու ժամ, Մակրոնը դիմեց լսարանին հետևյալ հարցով. «Պատրա՞ստ եք փոխել Ֆրանսիան»: Իր «վերկուսակցական» շարժումը նա չվերագրեց ո՛չ ձախերին, ո՛չ աջերին: «Մեր ծրագիրն է երկիրը տանել XXI դար, այն հաջողակ դարձնել փոփոխվող աշխարհում»,- բացատրեց նա: Դիմելով անմիջականորեն ընտրողներին՝ նա քննադատեց դասական քաղաքականության «զառամյալությունը» և դրան մասնակցող կուսակցություններին:

Մակրոնը դարձավ ամենաերիտասարդ նախագահը հինգերորդ հանրապետության պատմության մեջ: 2017 թ. մայիսի 7-ին՝ ընտրությունների երկրորդ փուլում, նրան ձայն տվեց ընտրողների երկու երրորդը: «Նախագահի պարտականությունները չեն փոխվել, սակայն Ելիսեյան պալատի յուրաքանչյուր տանտեր այդ դերը յուրովի է կատարում՝ ըստ իր խառնվածքի և իր մանդատի պատմական համատեքստի»,- կարծում է հաղորդակցությունների ռազմավարության մասնագետ Պիեռ Ջակոմետտին:

Հարացույցի փոփոխությունը

Նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնը 18 ամիս է եղել: Հինգերորդ հանրապետության ութերորդ նախագահին շատ փորձություններ վիճակվեցին, ներառյալ «Դեղին ժիլետների» շարժումը, որը ձևավորվել է հակահարկային ընդվզումների մասնակիցներով: Սոցիոլոգները խոսում են հասարակական կարծիքի «հիպերփոփոխականության» մասին:

Ներկայումս երկրի ղեկավարի վարկանիշը, որին 2017 թ. ձայն է տվել ընտրողների երկու երրորդը, 22 տոկոսի մակարդակում է: «Ժողովրդականության սանդղակը արագ փոփոխվում է կոնյունկտուրայի ազդեցության տակ»,- արձանագրում են սոցիոլոգները:

«Դեղին ժիլետների» ցույցերի ութ շաբաթները դրդել են իշխանություններին սրբագրումներ կատարել իրենց օրակարգում: Հունվարի կեսին պետք է սկսվեն նախագահի խոստացած ազգային բանավեճերը չորս գլխավոր թեմաներով՝ էկոլոգիական անցում, հարկային համակարգ, պետության գործունեություն, ժողովրդավարություն:

Այս նոր «գլխավոր շտատների» [միջնադարյան Ֆրանսիայի դասային ընտրական մարմին] կազմակերպմամբ զբաղվելու է հանրային լսումների հանձնաժողովը, որը ղեկավարում է Շանտալ Ժուաննոն՝ նախկին սպորտի նախարարը Սարկոզիի օրոք: Կառավարությունն արդեն խոստացել է, որ լսումների ժամանակ «քիչ է խոսելու և շատ է լսելու»:

Խաղագումար դնելով «գլխավոր շտատների» մոդելի վրա, որը գումարվում էր Ֆրանսիայի պատմության մեջ չորս դարերի ընթացքում, ընդհուպ մինչև 1789 թվականը, իշխանությունը հարթակ է ընձեռում հարկային հարցերի և սեփական ապագայի քննարկման համար՝ հինգերորդ հանրապետության ինստիտուտների պահպանման կամ վեցերորդ հանրապետության անցնելու, որի մասին արտահայտվում են ձախ կուսակցությունները:

«Դեղին ժիլետները» որոշել են այդ ընթացքում ընտրել իրենց համար ազգային համակարգողներ: Դա կապված է ոչ միայն գալիք բանավեճերի, այլև շարժման քաղաքական ծրագրերի հետ, որը պատրաստվում է մասնակցելու մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրություններին:

Շատ մեկնաբաններ համոզված են, որ իշխանությունը պետք է փոխի ոճը: Վերլուծաբանները կարծում են, որ երկրի ղեկավարը ստիպված կլինի ավելի շատ ժամանակ հատկացնել տնային գործերին՝ հետաձգելով արտասահմանյան ուղևորությունները: Հնարավոր է, որ պիտանի լինեն նաև վաղեմի խորհուրդները: Նախագահ եղած ժամանակ Ժակ Շիրակն իր վարչապետին՝ փայլուն և բանիմաց Ալեն Ժյուպպեին, խորհուրդ է տվել այդքան չշտապել, երբ ձեռք է սեղմում: «Դուք բավարար չափով չեք նայում մարդկանց աչքերին,- նկատել է Շիրակը:- Երբ անում եք դա, չարժի շտապել»:

Դմիտրի Գորոխով

Ֆրանսիայում ՏԱՍՍ-ի ներկայացուցչության ղեկավար





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: