Հայերեն   English   Русский  

​Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ամուր ընտանիքի հիմք


  
դիտումներ: 1554

Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորությունները՝փոխադարձ։

Անսպահեր

Մարդու ողջ կյանքն անցնում է այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների մեջ։ Եվ, մարդն անկախ իր կամքից, գոնե երբեմն ստիպված է հարմարվել ուրիշների հետաքրքրություններին, ցանկություններին, պահանջմունքներին և այլն։ Սա սոցիալ-հոգեբանական ադապտացիան է, ավելի լայն իմաստով, մարդու հարմարումն է շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին՝ միաժամանակ պահպանելով սեփական արժեքային համակարգը և աշխարհայացքը։ Վերը նշվածը կարելի է վերագրել նաև ամուսնական կամ ընտանեկան ադապտացիային։

Այսպիսով՝ ամուսնական ադապտացիան զույգերի հարմարումն է մեկը մյուսին և այն իրադրությանը, որում գտնվում է տվյալ պահին ընտանիքը։ Ամուսնական ադապտացիան եթե դիտարկենք հոգեբանական տեսանկյունից, դա առաջին հերթին ամուսինների դրական զգացմունքների՝ սիրո, հարգանքի, համակրանքի, նվիրվածության և տարբեր պահանջմունքների՝ սեռական, նյութական, հոգևոր, ինչպես նաև նրանց հետաքրքրությունների, կարծիքների ու հայացքների համաձայնեցումն է։ Միշտ չէ, որ ամուսնական ադապտացիան հաջող է ընթանում, լինում են տարբեր տարաձայնություններ և բախումներ զույգերի միջև։ Այս դեպքում ընտանիքում ի հայտ է գալիս ադապտացիայի հակադիր երևույթը՝ դեզադապտացիան։ Վերջինս նպաստում է հետևյալ տիպերի ընտանիքների ձևավորմանը․

1․ Պրոբլեմատիկ

2․ Նևրոտիկ

3․ Հակասոցիալական

4․ Կոնֆլիկտային

Ամուսնական համատեղելիություն

Ընտանիքում ամուսինների հոգեբանական համատեղելիության հարցում շատ կարևոր է նրանց այս կամ այն չափով նման և տարբեր լինելը։ Առօրյայում հաճախ ենք լսում նմանատիպ արտահայտություններ՝ մենք այնքան նման ենք իրար, կամ հակառակը՝ մենք ծայրահեղ տարբեր բևեռներ ենք։ Այստեղ հարց է ծագում․ամուր և լիարժեք ընտանիք կազմելու համար ցանկալի է զույգերի տարբերությունը, թե նմանությունը։ Սա կարելի է բացատրել հետևյալ կերպ․մարդիկ ի սկզբանե տարբեր են՝ օժտված բնածին (խառնվածքի տարրեր, ժառանգական հատկություններ) և ձեռքբերովի (աշխարհայացք, սկզբունք) գծերով։ Բնածին գծերը պետք ընդունել, իսկ ձեռքբերովի գծերն հետաքրքրություն են առաջացնում զույգերի միջև։

Այնուամենայնիվ, ամուր ընտանիքի կառուցման հիմքը ամուսնական համատեղելությունն է, մասնավորապես՝ հոգեբանականը։ Հոգեբանական համատեղելիությունը ընդգրկում է մի շարք համատեղելիության ոլորտներ․

1․ ֆիզիկական և հոգեֆիզիոլոգիական- ներառում է մարմնական համատեղելություն և խառնվածքների համատեղում, օրինակ հոգեֆիզիոլոգիական առումով իրար լրացնում են սանգվինիկ-մելանխոլիկ, խոլերիկ-ֆլեգմատիկ խառնվածքով զույգերը։

2․ Սեքսուալ համատեղելիություն- ներառում է տղամարդու և կնոջ մարմինների համապատասխանություն, սեռական պահանջմունքների և սեքսուալ հարաբերություններում հուզականության համընկնում։

3․ Ինտելեկտուալ համատեղելիություն- ինտելեկտուլ զարգացվածության համընկնում, հաճախակի պետք է լինեն զույգերի միջև նմանատիպ զրույցները։

4․ Բնավորությունների համատեղելիություն- այստեղ կարևոր է հասնել այն գիտակցման, որպետք չի տարիներ շարունակ ջանք գործադրել զուգընկերոջ բնավորության այս կամ այն գիծը փոխելու համար, քանի որ դրանք բավականին խորքային են և անձնային։ Կարելի է որոշ չափով հարմարվել պարզապես և զուգընկերոջն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։

Վերոնշյալ ոլորտները չեն կրում բացարձակ բնույթ, շատ զուգերի մոտ ներդաշնակ հարաբերությունների համար նույնիսկ բավական է պարզապես սոցիալական և անձնային հասունություն, մասնագիտական ոլորտում բավականաչափ կայացածություն, ընտանիքը նյութապես ապահովելու կարողություն, երեխաների դաստիարակությամբ զբաղվելու ունակություն։

Հարգելի ընթերցողներ, անկախ ամուսնական հարաբերություններում ծագած դժվարություններից, պետք է հիշել,որ ընտանիքը հասարակության բյուրեղն է և բնության հրաշալիքներից մեկը։

Ընտանիք կազմելը դեռ բավական չէ նրա հարատևման համար, այն պահանջում է մշտական և փոխադարձ ուշադրություն՝ հիմնված սիրո և հարգանքի վրա։

Մարիամ Ասլանյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: