Հայերեն   English   Русский  

Կարեն Վրթանեսյան.մեծերով հավաքվել, մանկապարտեզի երեխաներին ենք ծաղրում


ֆբ գրառում


  
դիտումներ: 593

Պնդում եմ․ կոլեկտիվ հիշողության պահպանությունն ապահովող մեխանիզմները մեր հասարակությունում վատ են աշխատում։

Դրանք են․ լրատվամիջոցները, փորձագիտական շրջանակները, այսպես կոչված «քաղհասարակությունը», իսկ երկարաժամկետ հիշողության առումով՝ գիտակրթական համակարգը։

Պնդում եմ․ հանրային (մեծ հաշվով՝ ազգային) առաջնահերթությունները որոշող, օրակարգերը ձևավորող մեխանիզմներն էլ են վատ աշխատում։ Համակարգված գործողություններով համարյա թե ցանկացած կարևոր թեմա, քննարկում կարելի է խլացնել, շեղել, խեղդել մեդիաաղմուկի մեջ, երրորդականը կամ նեղ խմբայինը դարձնալ «ազգային կարևորության», իսկապես կարևորը մղել հետին պլան։ Սրա պատասխանատուներն էլ են լրատվամիջոցները, փորձագետները, «քաղհասարակությունը», գիտակրթական համակարգը, ու նաև քաղաքական վերնախավը։

Մի քանի օրինակ՝ ստորև, բայց թեման, բնականաբար, շատ ավելի լուրջ ուսումնասիրության և քննարկման կարիք ունի․․․

Ամբողջ Ֆեյսբուքը՝ այդ թվում և «քաղհասարակության», լրատվամիջոցների և քաղաքական վերնախավի մասնակցությամբ ծաղրում է նորընտիր «մանկական» ԱԺ-ն։

Գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում «Հրապարակի» երեկ հրապարակած լուրի վրա, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ոստիկանապետ Օսիպյանի՝ վերջերս աշխատանքից ազատված օգնականին, կաշառք վերցնելու մեղադրանքով։ Այսօր արդեն հերքվում է այդ լուրը, միակ հաստատված տեղեկությունն այն էր, որ աշխատանքից ազատվել է։ Կարևո՞ր իրադարձություն է։ Կարծում եմ, որ այո, կարևոր է։ Հարցեր պիտի առաջանան, թե ում էր պետք նման ապատեղեկատվություն պատվիրել ու շրջանառել, արդյոք իսկապե՞ս ինչ-որ պայքար է սկսվել երկու ուժային կառույցների միջև, թե կողքից ինչ-որ մեկը փորձում է այդպիսի կռիվ գցել և այլն։

Մեկ այլ օրինակ․ այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հեռարձակմամբ վերջապես հայտարարեց, որ «Մանվելապայքարն» իրականում Էջմիածնում ներկլանային պայքարի արտացոլումն է, այլ ոչ թե հանուն արդարության կռիվ։ Ազնվությամբ ասած, սա չպիտի Նիկոլն աներ, այս մասին պիտի դեռ շաբաթներ առաջ գրած լինեին լրատվամիջոցները և կրիմինալի ոլորտն ուսումնասիրող փորձագետները (նույնիսկ չգիտեմ, մենք այդպիսին ունե՞նք), իսկ հետաքննությունների համար տասնյակ հազարավոր դոլարների դրամաշնարհներ ստացող ՀԿ-ները արդեն պիտի պարզած լինեին, թե կոնկրետ որ կլանից մարդիկ են Արմավիրում ճանապարհ փակում։

Այլ օրինակ՝ արդեն 1–1,5 տարվա կտրվածքով․ 2017-ի դեկտեմբերին որոշ «երիտասարդ գիտնականները» անձնվեր պայքար էին մղում պարտադիր զինծառայությունից ազատվելու և գիտությանը լիովին նվիրվելու իրենց իրավունքի համար։ Զարմանալիորեն (չէ, իրականում բացարձակապես զարմանալի չէ) շարժման երկու առաջանորդներից Դավիթ Պետրոսյանն այդպես էլ չշարունակեց ուսումը, իսկ Վահան Կոստանյանը դարձավ ՔՊ խոսնակ (հա, շատ լուրջ գիտական ոլորտ է), հիմա էլ ոնց հասկանում եմ դառնալու է ԱԺ աշխատակազմի ղեկավար (ակադեմիկ :))։ Ընդ որում եթե Դավիթը գոնե ծառայած է, Վահանը զինծառայությունից ազատվեց, երբ իշխանության եկած ՔՊ-ական իր ընկերները համապատասխան որոշումներ ընդունեցին, ընդ որում ազատվեց գիտությամբ իբր զբաղվելու համար (և մի քանի օրից դարձավ ՔՊ խոսնակ)։ Լրատվամիջոցներն ու «քաղհասարակությունը» լուռ-լուռ է այս հարցով։

Եւս մեկ օրինակ․ 29 տարի առաջ Բաքվում հայերի ջարդ էր։ Իրավապաշտպան ՀԿ-ներից, հայ-ադրբեջանական հաշտեցման ջատագով ՀԿ-ներից, հատուկենտ բացառություններով՝ նաև լրատվամիջոցներից ձայն-ձուն չկա։

Փոխարենը մեծերով հավաքվել, մանկապարտեզի երեխաներին ենք ծաղրում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: