Հայերեն   English   Русский  

Այո՝ Brexit-ին, ոչ՝ համաձայնագրին․ ինչ և ինչու տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայում


  
դիտումներ: 1704

Եվրոպան շունչը պահած սպասում է Brexit-ի շուրջ զարգացումներին Մեծ Բրիտանիայում։ Միացյալ Թագավորության խորհրդարանի ստորին պալատը երեկ քվեների 202 կողմ և

432 դեմ հարաբերակցությամբ մերժել է վարչապետ Թերեզա Մեյի և ԵՄ ղեկավարության միջև կնքված համաձայնագիրը Brexit-ի մասին։ Արդյունքում անհայտ է, թե ինչ պայմաններով պետք է առաջիկայում՝ մարտի 29-ին, Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը։

ԵՄ-ում նախապատրաստվում են հնարավոր զարգացումներին, այդ թվում և կոշտ՝ առանց պայմանների Brexit-ին, որի պարագայում տնտեսական խնդիրներ կառաջանան նաև ԵՄ անդամ երկրներում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, թե ափսոսանքով է տեղեկացել Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած քվեարկության արդյունքներին։ «ԵՄ-ի կողմից մենք կշարունակենք միությունից դուրս գալու մասին համաձայնագրի վավերականացումը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ համաձայնագիրը «հնարավոր լավագույն գործարքն է»։

Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը իր թվիթերյան հաշվում գրել է․ «Եթե գործարքն անհնար է, իսկ Brexit առանց գործարքի ոչ ոք չի ուզում, ապա ով քաջություն կունենա մատնանշելու խնդրի լուծման միակ դրական տարբերակը»։

Յունկերը և Տուսկը նաև համատեղ հայտարարություն են տարածել, որում կարևորում են ԵՄ հետ կնքված համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս Brexit-ի պարագայում «թափանցիկ» սահման ապահովել Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև։

Միևնույն ժամանակ՝ ԵՄ-ն Մեծ Բրիտանիային Brexit-ից հրաժարվելու մասին ուղերձներ է հղում։ Այսպես՝ եվրոպական խորհրդարանի 100-ից ավելի պատգամավորներ հայտարարել են, որ կաջակցեն բրիտանացիներին, եթե ԵՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ ևս մեկ անգամ քվեարկություն իրականացնեն։

Ինչո՞ւ խորհրդարանը մերժեց Մեյի առաջարկը

Բրիտանական խորհրդարանի կողմից մերժված փաստաթուղթը ենթադրում էր, որ ՄԹ-ն այս տարվա մարտի 29-ին պետք է դադարի լինել ԵՄ անդամ։ Սակայն մինչև 2020 թվականը երկիրը պետք է մնար Մաքսային միության և Եվրոպական միասնական շուկայի մաս։ Այդ շրջանը կհամարվեր անցումային, որի ընթացքում ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պետք է համաձայնության հասնեին առանցքային հարցերի շուրջ։ Սակայն, եթե մինչև անցումային ժամանակահատվածի ավարտը՝ 2020թ․ դեկտեմբերի 31-ը, կողմերը Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հարցում համաձայնության հասած չլինեին, ապա գործելու էր backstop մեխանիզմը՝ անժամկետ երկարացնելով անցումային շրջանը։ Ընդ որում, Մեծ Բրիտանիան այդ մեխանիզմից միակողմանիորեն հրաժարվել չի կարող։

Բրիտանացի խորհրդարանականների մեծամասնությունը դեմ է համաձայնագրին հենց անցումային դրույթների և դրա երկարացման հնարավորության պատճառով։ Նրանք կարծում են, որ Brexit-ի առաջնային խնդիրը Մեծ Բրիտանիայի ինքնավարության, տնտեսական անկախության վերականգնումն է, մինչդեռ Մաքսային միության կազմում մնալը սահմանափակելու է երրորդ երկրների հետ առևտրային գործարքներ կնքելու ազատությունը։

Ուշագրավ է, որ բրիտանացի շատ խորհրդարանականներ կողմ են կոշտ Brexit-ին, որի պարագայում հենց իրենց երկիրը մեծ տնտեսական կորուստներ կունենա։ Նրանք առավել կարևորում են առևտրային ազատ քաղաքականություն վարելու հնարավորությունը։

Համաձայնագիրը մերժած պատգամավորների մի մասն էլ կարծում է, որ Brexit-ի հարցը երկրորդ անգամ հանրաքվեի դնելու անհրաժեշտություն կա: Նրանց կարծիքով՝ հանրությունը չի աջակցում Թերեզա Մեյի գործողություններին։ Ընդ որում, նման տեսակետ ունեցողները երկու ծայրահեղական խմբի են բաժանվում։ Մի մասի կարծիքով՝ կրկնակի հանրաքվեն Brexit-ից հրաժարվելու հնարավորություն կտա, քանի որ այս ընթացքում մարդիկ հասկացել են՝ 2016-ին տրված խոստումները չեն իրագործվել և ԵՄ-ից դուրս գալն իրենց ցանկությունների շրջանակներում կարծես հնարավոր չէ։ ԵՄ անդամակցությունից հրաժարվելու հնարավորություն Մեծ Բրիտանիային տվել է նաև Եվրադատարանը՝ որոշելով, որ մինչև մարտի 29-ը այդ երկիրը միակողմանիորեն կարող է դադարեցնել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։

Մինչդեռ պատգամավորների մի մասն էլ համոզված է, որ երկրի բնակիչները Մեյի գործողությունների հետ համամիտ չեն, քանի որ կոշտ Brexit-ի կողմնակից են։

Աշխատավորական կուսակցությունն, իր հերթին, Մեյի առաջարկած գործարքին դեմ է, քանի որ կարծում է՝ փաստաթուղթը չի ապահովում աշխատավորների իրավունքները։ Նրանք պնդում են, որ Մեծ Բրիտանիան պարտավորվի ԵՄ-ից դուրս գալուց հետո անգամ հետևել աշխատավորների իրավունքները կարգավորող ԵՄ օրենսդրությանը։

Հնարավոր զարգացումներ

Այս պահին, մասնագետների կարծիքով, ամենահավանական տարբերակը ԵՄ-ից դուրս գալու ժամկետի երկարաձգումն է։ Նման քայլ անելու համար, սակայն, Թերեզա Մեյը պետք է ստանա ԵՄ ղեկավարության համաձայնությունը։ Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ում զիջումների կգնան և Մեծ Բրիտանիային հեռանալու համար լրացուցիչ ժամանակ կտան․ Բրիտանիայի՝ առանց գործարքի հեռանալը ձեռնտու չէ նաև ԵՄ անդամներին։ Իսկ ստացած ժամանակը Մեյը պետք է օգտագործի ԵՄ հետ իր երկրի համար գործարքի առավել ձեռնտու պայմանների շուրջ բանակցելու և բանակցությունների արդյունքների շնորհիվ խորհրդարանում կողմնակիցներ գրավելու համար։ Թե որքանով Մեյի մոտ կստացվի մի քանի ճակատով արդյունավետ աշխատել, ցույց կտա ժամանակը։

Հնարավոր զարգացում է նաև երկրորդ հանրաքվեն։ ՄԹ յուրաքանչյուր քաղաքացի հանրաքվեին մասնակցությամբ կկարողանա որոշել, թե ինչպես վարվի իր երկրի կառավարությունը։ Այս զարգացումը հավանական է, եթե ԵՄ-ն հրաժարվի զիջումներից։

Մյուս հավանական սցենարը կառավարության փոփոխությունն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Ընտրություններից հետո ձևավորված նոր իշխանությունն արդեն կորոշի՝ շարունակի Մեյի քաղաքականությունը, թե ԵՄ-ի հետ նոր բանակցություններ վարի և նոր համաձայնագիր կնքի։

Իհարկե, տարբերակ է նաև առանց որևէ համաձայնագրի Brexit-ը, բայց դրա հնարավորությանը քչերն են հավատում։ Պատճառը ծանր տնտեսական հետևանքներն են թե ԵՄ, թե ՄԹ համար, հետևաբար փորձագետները համոզված են, որ կողմերն այդ ճանապարհով չեն գնա։

Կողմնակի խնդիրներ

Եթե Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու վերջնաժամկետը երկարաձգվի, խնդիրներ կարող են առաջանալ առաջիկա եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ։ Ինչպես հայտնի է, ընտրությունները տեղի են ունենալու մայիսին և ԵՄ-ում պլանավորում էին Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո կրճատել պատգամավորների թիվը՝ 751-ից հասցնելով 705-ի։ Սակայն ինչպե՞ս կարող են խորհրդարանում տեղ չհատկացնել այդ պահին դեռևս ԵՄ անդամ հանդիսացող երկրի համար, հարց է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: