Հայերեն   English   Русский  

​Արաբական վեհաժողովի միջանկյալ գործողությունները


  
դիտումներ: 448

Բեյրութի հյուրընկալած արաբական տնտեսական վեհաժողովը հիմնականում կենտրոնացավ փախստականների եւ տեղահանվածների տունդարձի անհրաժեշտության վրա:

Պաշտոնական Բեյրութի առաջադրանքը ստացավ համաարաբական համաձայնություն։ Անհրաժեշտությունը այս դեպքում միջոցներ է ենթադրում, եւ ուրեմն հիմնականում տնտեսական վեհաժողովը ֆինանսական միջոցների հայթայթումն է վերադարձի գործողություններ կազմակերպելու համար:

Փախստականների երեւույթը միջազգային ընտանիքի կողմից աշխարհի տարածքում հայտնվում է ուշադրության կիզակետում, որի համար գործում են մշտական բաժանմունքներ, կազմակերպություններ, հատկացվում են մեծագումարբյուջեներ, նախ իհարկե տեղում այդ կարգավիճակում գտնվողների կարիքները հոգալու, ինտեգրման բազմաոլորտ քաղաքականություն վարելու եւ հնարավորության պարագաներին` տունդարձի ճանապարհի հարթման համար ենթահող ձեւավորելու:

Նման գործողությունները երկարատեւ բնույթ ունեն, չասելու համար հաճախ` մնայուն տեսք եւ ուրեմն մնայուն նյութական միջոցների հայթայթում: Արաբական տնտեսական վեհաժողովը նման հանձնառություն ստանձնելու առաջադրանքը բանաձեւեց:

Հիմնախնդիրը անշուշտ միայն տնտեսական եւ ֆինանսական չէ: Հատկապես, երբ Սիրիայից Լիբանան անցած միլիոնավոր փախստականների մասին է խոսքը, տունդարձի գործողություններ կազմակերպելը բնականաբար ունի քաղաքական ենթատեքստի իմաստ: Դա նշանակում է, որ երկիրը խաղաղությունը վերագտնելու ընթացքում է եւ հետեւաբարտեղահանվածբնակիչներըպետք է վերադառնան:

Միաժամանակ սակայն, ռազմաքաղաքական իրավիճակը Սիրիայում առ այս պահը այն համոզումը չի փոխանցում, որ խաղաղության մեծ համաձայնությունը կայացել է: Իրավիճակըայնպիսինէ, որ իրադրությունները համոզում են, որ համաձայնեցված տեղաշարժեր են արձանագրվում, որոշ տարածքներ ահաբեկչազերծվում եւ այլ աշխարհագրական միջավայրերում ծրագրավորված համախմբումներ եւ սահմանափակումներ են գրանցվում: Այլ խոսքով, գոտիների սահմանագծումները գերտերությունների առեւտրի պարունակում չեն վերջնականացել դեռեվս:

Մարդասիրական թվացող, ըստ էության սակայն քաղաքական այն գործողությունները , որոնք վերաբերվում են տեղահանվածներին եւ փախստականներին թափ չեն հավաքում, մինչեւ այն պահը, որ քաղաքական կանաչ լույսեր չեն վառել: Սիրիական հանգուցալուծման միջազգային պայմանավորվածության վերջնական տեսք ստանալը կնախանշվի զուգահեռ` վերականգնման միջազգային աշխատանքներին:

Հետեւաբար գոտիների շուրջ համաձայնությունը ենթադրում է պատերազմիավարտ, որ ինքնին կնախանշի շինարարական հսկայածավալ աշխատանքների ձեռնարկում` միջազգային ընկերությունների ներգրավումով, զուգահեռ` միջազգային նկատելի օժանդակություններ փախստականների տունդարձի ծրագրերին նպաստող:

Արաբական վեհաժողովը այս հանգրվանին միջանկյալ դասավորումներ է կատարում Լիբանանը փախստականական բեռնաթափման ենթարկելու հայտարարություններով, բայց նաեւ այդ բոլորի համար բյուջե տրամադրելու հանձնառություններով:

Այս միտումներից թվում է, որ դժգոհ է Թել Ավիվը: Մինչ, Դոհայի բարձրագույն մակարդակով մասնակցությունը, գործնական օժանդակության տպավորիչ փաստը վերլուծաբանական մոտեցումներում չեն բացառում Անկարա-Դոհա համաձայնության վարկածը` նման քայլի դիմելու առումով: Դոհան Թեհրանի հետ բնականոն կապեր հաստատելու դիմաց ենթարկվել էր համաարաբական տարողությամբ մեկուսացման եւ մինչ այժմ գտնվում է նույն կարգավիճակում:

Ընդհանուր այս անհանգստությունը Թել Ավիվին մղում էր` հարվածելու Սիրիայում գտնվող իրանյան հենակետերը եւ ավելի շեշտակի հայտարարելու, որ Իրանի դեմ իր գործողությունները թափ պիտի հավաքեն:

Այս նախադրյալները վերահամոզում են, որ սիրիական հանգուցալուծման վերջնական պայմանավորվածությունները ձգձգվելու իրականության առաջ են կանգնել: Մինչ այդ, Բեյրութը կարող է ֆինանսական հատկացումներ ստանալ, Դոհան ապամեկուսացման առումով քայլեր արձանագրել, Անկարան առավել գրանցել Թել Ավիվի հաշւին եւ Թել Ավիվը իրանյան հենակետերին հարվածելով սպառնալ տարածաշրջանը ապակայունացնելով։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: