Հայերեն   English   Русский  

Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել Երևանի հիվանդանոցներից մեկի բակում


  
դիտումներ: 261

Հիմա, հիվանդանոցի գլխավոր բժշկի միջամտության արդյունքում, տղամարդը բուժում է ստանում։

Այսօր Մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի բակում մի տղամարդ փորձել է ինքնահրկիզվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունվարի 24-ին, ժամը 11:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված մոտ 62 տարեկան քաղաքացին Երևան քաղաքի Ֆուչիկի 32 հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կանգնած սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն:

Փրկարարների կողմից կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը:

Shamshyan.com-ի տեղեկություններով` տեղում հավաքված քաղաքացիներն ասել են, որ տղամարդն օրեր առաջ եկել է նշված բժշկական կենտրոն՝ բուժում ստանալու նպատակով, սակայն նրան հայտնել են, որ պետպատվերի շրջանակում բուժում ստանալու համար նա պետք է տեղեկանքներ ներկայացնի, որից հետո նա գնացել է առողջապահության նախարարություն, որտեղից նրան ուղարկել են Երևանի քաղաքապետարան։ Երևանի քաղաքապետարանից էլ նրան պատասխանել են, որ նա կարող է դիմել մի քանի օրից, սակայն, քանի որ ցավերը նրա մոտ ուժեղացել են, նա այսօր իր վարած տաքսի ավտոմեքենայով եկել է նշված կենտրոն ու փորձել է իր վրա բենզին լցնելով ինքնահրկիզվել։ Հիմա, հիվանդանոցի գլխավոր բժշկի միջամտության արդյունքում, տղամարդը բուժում է ստանում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գլխավոր բժշկի հետ զրույց է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա միջամտության արդյունքում է, որ համաձայնվել են քաղաքացուն հրատապ անվճար բուժել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: