Հայերեն   English   Русский  

Երկու նախագահ և մեկ երկիր․ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամ է


  
դիտումներ: 1242

Վենեսուելան քաղաքացիական պատերազմի եզրին է։ Այս երկիրն արդեն մի քանի օր է, ունի երկու նախագահ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր աջակիցներն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։

Ի՞նչ է տեղի ունեցել

Հունվարի 10-ին Վենեսուելայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում երկրորդ անգամ նախագահ է ընտրվել երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Աշխարհի շատ երկրներ, սակայն, նախագահական ընտրություններն օրինական չեն համարում։ Պատճառը սահմանադրական փոփոխություններն են, որ Մադուրոն հաստատել է նախագահի հրամանով՝ խուսափելով հանրաքվեից։ Մասնավորապես, Արևմտյան երկրները երկրում գործող միակ օրինական ընտրված իշխանություն են համարում Ազգային ժողովը, որն ընտրվել է նախկին սահմանադրության օրոք։

Հունվարի 20-ին մի խումբ զինվորականներ փորձել են խռովություն բարձրացնել։ Փորձը ձախողվել է, նրանց ձերբակալել են, ինչն էլ արդեն բողոքի ցույցերի պատճառ է դարձել։ Ուժային կառույցների և ցուցարարների բախման հետևանքով արդեն 16 զոհ կա։ Հունվարի 23-ին խորհրդարանի ընդդիմադիր նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև նոր նախագահական ընտրությունների անցկացումը։ Միևնույն ժամանակ, գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ չի հրաժարվելու նախագահի աթոռից՝ շեշտելով, որ ունի բանակի աջակցությունը։

Ո՞վ է ինքնահռչակ նախագահը

Խուան Գուայդո

Խուան Գուայդոն 35-ամյա ընդդիմադիր քաղաքական գործիչ է։ Ծնվել է 1983-ին վենեսուելական Լա-Գուայրա քաղաքում։ Նրա հայրը եղել է օդաչու, մայրը՝ ուսուցչուհի։ 1999-ին սողանքների հետևանքով Գուայդոյի ընտանիքը կորցնում է իր տունն ու բիզնեսը։ Այս աղետը մեծ դեր է ունենում Խուանի քաղաքական հայացքների ձևավորման վրա․ նա կարծում էր, որ այն ժամանակվա նախագահ Ուգո Չավեսի և նրա կառավարության ջանքերը աղետի հետևանքների վերացման ուղղությամբ բավարար և արդյունավետ չեն։

Խուան Գույդոն առաջին մասնագիտությամբ ինժեներ է, ապա ԱՄՆ-ում հանրային կառավարում է ուսանել։ 2009-ից նա «Ժողովրդական կամք» ընդդիմադիր կուսակցության անդամ է։ 2010-2015թթ․ եղել է պատգամավորի օգնական, 2015-ին ընտրվել է պատգամավոր իր հայրենի նահանգից։ Խորհրդարանում նա զբաղվել է նախագահի ադմինիստրացիայի հետ կապված կոռուպցիոն գործերի քննմամբ։

2018-ին նա նշանակվել է վենեսուելական ընդդմիադիր «Դեմոկրատական միության կլոր սեղան» կոալիցիայի ղեկավար, իսկ այս տարվա հունվարի 5-ից նա զբաղեցնում է Վենեսուելայի Ազգային ժողովի խոսնակի պաշտոնը։ Ուշագրավ է, որ Գուայդոն այդ պաշտոնում ընտրվել է պատահաբար, պաշտոնի հավանական թեկնածուների ձերբակալությունից հետո։ Եթե չլինեին ընդդիմադիր գործիչների քաղաքական ձերբակալությունները, Գուայդոն այդպես էլ շարքային անհայտ պատգամավոր կմնար։

Վերլուծաբանների կարծիքով՝ անգամ իշխանափոխության դեպքում Գուայդոն կարող է չընտրվել նախագահ։ Եթե ազատվեն ու քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենան հեղինակություն և բարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր գործիչները, հնարավոր է, որ Գուայդոն նախագահ չընտրվի առաջիկա ընտրություններում՝ պատմության մեջ մնալով որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։

Դժգոհությունների պատճառները

ցույց Վենեսուելայում

Քաղաքացիների դժգոհությունները գործող իշխանություններից բազմաշերտ են։ Երկրի արժույթն արժեզրկվել է մի քանի հազար տոկոսով։ Բնականաբար, աղքատության տոկոսը բարձր է: Աճել է նաև հանցավորության մակարդակը․ 100 հազար բնակչին բաժին է ընկնում 130 սպանություն, ինչը բնորոշ է ոչ լայնամասշտաբ պատերազմական վիճակում գտնվող երկրներին։ Անմխիթար է նաև առողջապահության համակարգը, սուր է դեղերի անբավարարության խնդիրը։ Վերջին տարիներին այս երկրում կտրուկ աճել է մանկական մահացությունը, ինչը նաև սոցիալական ծանր վիճակի հետևանք է։ Երկրից փախստականների մեծ հոսք կա, ինչը սոցիալական լարվածություն է ստեղծում նաև հարևան երկրներում, որոնք առանց փախստականների էլ իրենց սոցիալական խնդիրներն ունեն։

Երկրում առկա սոցիալական խնդիրները, սակայն, նոր չեն առաջացել։ Դրանք կան դեռևս Ուգո Չավեսի կառավարման տարիներից։ Ճիշտ է, այն ժամանակ նավթի մեծածավալ վաճառքի շնորհիվ հնարավոր էր լինում մեղմել սոցիալական դժգոհությունը, բայց իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով անգամ կայացած բիզնեսը Վենեսուելայում աստիճանաբար անկում է ապրել։ Այդ ամենի հետևանքով Վենեսուելայում այժմ ներկրում են անգամ այն ապրանքները, որոնք տարիներ առաջ արտադրում էին ու անգամ արտահանում։

Նախկինում ընդդիմությունը պարբերաբար փորձել է ակցիաներ իրականացնել, իշխանության հասնել, բայց բոլոր փորձերը ձախողվել են։ Այս անգամ ընդդիմադիրները կարծես որոշել են օգտվել առիթից և իշխանափոխության շանսը ձեռքից բաց չթողնել։

Վերլուծաբանները նշում են, որ իրադարձությունների ելքը կախված է բանակից։ Ներկա դրությամբ բանակն աջակցում է Նիկոլաս Մադուրոյին։ Եվ հավանաբար կշարունակի աջակցել, քանի որ բանակայիններն ընդգրկված են իշխանության բոլոր օղակներում։ Խուան Գուայդոն արդեն իսկ դիմել է զինվորականներին՝ կոչ անելով միանալ հեղափոխությանը և խոստանալով համաներում կիրառել իրեն միացածների նկատմամբ։

Սակայն, անգամ եթե բանակն ընդդիմության կողմն անցնի, իշխանափոխությունը հարթ չի ընթանա։ 2002-ին հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրում իշխանությունները ուժային կառույցներին հակակշիռ են ստեղծել։ Դրանք «կոլեկտիվոս» կոչվող հանցավոր խմբավորումներն են, որոնք վերահսկում են իրենց վստահված տարածքների կարգուկանոնը։ Այս խմբավորումները, վստահաբար, մինչև վերջ սատարելու են Մադուրոյին և նրա իշխանությունը։

Միջազգային արձագանքը

ցույց Վենեսուելայում

Ինչպես և սպասելի էր, ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել Խուան Գուայդոյին՝ նրան ճանաչելով որպես Վենեսուելայի օրինական նախագահ։

«Նիկոլաս Մադուրոն դիկտատոր է, որը չունի որևէ օրինական իրավունք իշխանության նկատմամբ։ Նա երբևէ չի հաղթել ազատ, արդար ընտրություններում։ Նա իշխանությունն իր ձեռքն էր պահում՝ բանտ նստեցնելով իր դեմ դուրս գալու համարձակություն ունեցող բոլոր գործիչներին։ԱՄՆ-ն միանում է ազատասեր բոլոր երկրներին և ճանաչում Ազգային ժողովը որպես ժողովրդավարության վերջին հանգրվան Վենեսուելայում, քանի որ սա միակ կառույցն է, որ ընտրել է ժողովուրդը»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։

Ինքնահռչակ նախագահին են աջակցում նաև ԵՄ և Լատինական Ամերիկայի երկրները։ Իսկ ահա գործող նախագահին իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Թուրքիան, Մեքսիկան։ Այս երկրները դատապարտել են արտաքին միջամտությունը անկախ և ինքնիշխան երկրի ներքին գործերին։

Առաջիկա օրերին հավանաբար Վենեսուելայի հարցը կքննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Վերլուծաբանների կարծիքով, սակայն, քիչ հավանական է, որ ԱՄԿ-ը որևէ երկրի Վենեսուելայի գործերին զինված միջամտության մանդատ տա։ Քիչ հավանական է համարվում նաև, որ ընդդիմադիրները, որոնց մի շարք երկրներ ընդունում են որպես Վենեսուելայի օրինական իշխանություն, իրենք արտաքին ուժերից զինված աջակցություն խնդրեն։ Հետևաբար արտաքին միջամտությամբ ռազմական գործողությունների հավանականությունը Վենեսուելայում փոքր է, փոխարենը՝ մեծ է հենց քաղաքացիական պատերազմի վտանգը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: