Հայերեն   English   Русский  

Գեներալ Մանվելը դատի է տվել Սիլվա Համբարձումյանին` իրեն զրպարտելու համար


  
դիտումներ: 343

Փաստաբանը գործարարի հայտարարությունը նենգ սուտ է անվանել` նշելով, որ Մանվել Գրիգորյանի պատիվը կվերականգնի դատարանում։

Հայաստանի հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին, ուրբաթ լրագրողներին հաղորդեց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Այդ անձն անչափահասների հետ կապված ինչ-որ բան է հայտարարել է` նշելով, որ Մանվել Գրիգորյանը հանցագործություն է կատարել։ Դա նենգ սուտ է։ Դրա հիման վրա մենք դիմել ենք դատարան», – ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` հայցում ոչ մի գումար չի նշվել, հարցը Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը վերականգնելն է։

Ավելի վաղ Սիլվա Համբարձումյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, Մանվել Գրիգորյանը միայն «տուշոնկայի» և զինամթերք պահելու մեղադրանքներով չպետք է դատվի, այլ նաև երեխաների բռնաբարությունների։

Հիշեցնենք, որ «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորել էին (պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո) 2018 թվականի հունիսին` ապօրինի զենք պահելու և զինվորների համար նախատեսված պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով։

2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը։

Ավելի ուշ այն փոխարինվել էր 25 մլն դրամ գրավով։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը Վերաքննիչ դատարանում` պահանջելով նրա նկատմամբ ուժի մեջ թողնել կալանավորման մասին որոշումը։

Վերաքննիչ դատարանը հունվարի 22-ին բավարարել էր միջնորդությունը։ Նույն օրը երեկոյան Մանվել Գրիգորյանը դարձյալ կալանավորվել է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: