Հայերեն   English   Русский  

ՀՀ վարչապետի այցին Իրան տիկնոջ մասնակցությունը շատ կարևոր է. Վարդան Ոսկանյան


  
դիտումներ: 800

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Ֆեյսբուքում գրում է.

«Քանի որ ՀՀ վարչապետն արդեն իսկ հայտարարել է, որ այս ամսի 27-ին պաշտոնական այց է ունենալու Իրան, իսկ նման այցն, ինչպես բազմիցս եմ նշել, չափազանց կարևոր է մեր երկրների միջև հարաբերությունների վերընթաց կորագծում նկատված դադարն արագորեն լրացնելու հարցում, ապա այդ այցը պետք է լինի որակապես բոլորովին նոր մակարդակի, ինչին հասնելու համար, ըստ իս, անհրաժեշտ են նախապատրաստական և տեղում իրականացվնելիք մի շարք քայլեր, որոնց հերթականությամբ կանդրադառնամ մի քանի գրառումներում։

Կասկած չկա, որ Իրանը յուրահատուկ երկրիր է, նույնիսկ՝ յուրահատուկ քաղաքակրթություն, միայն իրեն հատուկ չգրված ուղերձների և նշանաբանության լեզվով, ինչը կարելի է լավագույնս օգտագործել ոչ միայն խոսքային, այլ նաև առաջին հայացքից շատ պարզ թվացող գործողությունների տիրույթում։ Այս առումով հզոր նշանաբանական կարևորություն կարող է ունենալ ՀՀ վարչապետի այցին նրա տիկնոջ մասնակցությունը՝ հաշվի առնելով երկու կարևոր առանձնահատկություն։

Նախ՝ հակաիրանական տարբեր կենտրոններից քարոզչական հսկայական հոսքերի ապահովման միջոցով տասնամյակներ շարունակ ստեղծվել է, պատկերավոր ասած, «կնատյաց» Իրանի դիվական պատկեր, որն, ըստ էության, կեղծ է և միտումնավոր, ինչի հետևանքով երկրների ղեկավարները այս պետություն են այցելում, որպես կանոն, առանց առաջին տիկնանց ուղեկցության, ուստի այս առումով Հայաստանը կարող է դրական բացառություն լինել՝ խոսքային տիրույթից դուրս կարևոր բարեկամական ուղերձ փոխանցելով մեր հարևան երկիրին։

Երկրորդը՝ Իրանն ի մոտո ճանաչող որևէ մասնագետի համար գաղտնիք չէ, թե ինչպիսի, չեմ վախենա ասել, ահռելի ազդեցություն ունեն իրանցի կանայք իրենց ամուսինների որոշումների կայացման վրա, և այս համատեքստում Հայաստանի վարչապետի տիկնոջ կողմից անձնական մակարդակով կապերի հաստատումը իրանական քաղաքական վերնախավի այրերի տիկնանց հետ չափազանց հեռանկարային և ադյունավետ կարող է լինել մեր երկրի շահերի առաջխաղացման տեսանկյունից»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: