Ինչպե՞ս է կատարվում դատական նիստի արձանագրումը
Դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության մանրամասն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության դեպքում կամ դատական նիստից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:
Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`
1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) դատական նիստը սկսելու և ավարտելու ժամը.
3) գործը քննող դատարանի անվանումը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարի անունը.
4) գործի անվանումը.
5) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայանալու մասին.
6) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները պարզաբանելու մասին.
7) դատարանի` առանց դատական նիստերի դահլիճից հեռանալու կայացրած որոշումները և նախագահող դատավորի կարգադրությունները.
8) գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների հայտարարությունները, միջնորդությունները և բացատրությունները.
9) վկաների ցուցմունքները, փորձագետների բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ.
10) տեղեկություններ` ապացույցների հրապարակման, զննման և հետազոտման վերաբերյալ.
11) տեղեկություններ` դատական նիստի դահլիճում կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի և խախտողի անձի, ինչպես նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված ներգործության միջոցների մասին.
12) առանձին դատական ակտի տեսքով ձևակերպվող որոշումների բովանդակությունը.
13) վերջնական դատական ակտի եզրափակիչ մասը:
Հարկ է նշել, որ արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը:Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է` հավաստված նախագահող դատավորի և քարտուղարի ստորագրությամբ:
Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:
Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո:
Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ