Հայերեն   English   Русский  

Հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի.


Հանրային բնապահպանական դատարանի վճիռն Արարատյան դաշտի աղետի վերաբերյալ


  
դիտումներ: 630

Սույն թվականի փետրվարի 5-ին Հանրային բնապահպանական դատարանը քննեց «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» գործը՝

ըստ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի դիմումի: Գործը քննեցին դատավորներ՝ էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Դիմումատու Լևոն Գալստյանը նշեց, որ Արարատյան արտեզյան ավազանում ջրային ռեսուրսների գերշահագործման հետևանքով արձանագրվել է հետևյալը պատկերը.

1. Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսի կրճատում 3 անգամ՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչև 10 706 հա (2013թ.): Արդյունքում՝ 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից:

2. Էջմիածնի տարածաշրջանի 303 ինքնաշատրվանող հորատանցքերի պիեզոմետրիկ մակարդակների նվազում և ելքերի կրճատում մինչև 10 անգամ: Խմելու-կենցաղային և/կամ ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր շատրվանող չէ:

3. Մասիսի տարածաշրջանում մակարդակների նվազում 3,9-15 մետրով, ինչն էլ ուղեկցվում է ջրերի ծախսի 43,7-198 լ/վրկ նվազումով:

4. 1983-2013թթ. Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերի կրճատում մոտ 6 անգամ: Վտանգվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքն ու 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը:

5. Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք շատրվանող չէ:

6. Ջրի նվազող պահանջարկը բավարարելու նպատակով տարբեր տարիներին Սևանա լճից տարեկան 50-170 մլն. խմ ծավալով լրացուցիչ ջրի բացթողում, ինչը վտանգում է լճի էկոհամակարգը:

7. Արարատյան դաշտում մոտ 400 հազար գյուղացի կանգնած է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորստի փաստի առաջ, ինչն էլ կառաջացնի ոչ միայն սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, այլ նաև կնպաստի արտագաղթի նոր ալիքի բարձրացմանը:

«…Տարիների ընթացքում տրամադրել են սահմանվածից ավելի ջրօգտագործման թույլտվություններ, չեն վերահսկել ջրառը Արարատյան դաշտում՝ ինչն էլ հենց պատճառ է հանդիսացել նշյալ տարածքում վերոնշյալ էկոլոգիական աղետալի վիճակի առաջացման համար:

Դիմելով Հանրային էկոլոգիական դատարան հուսով եմ, որ ձեր կողմից կիրականացվի լրիվ, օբյեկտիվ և անաչառ քննություն, և միջոցներ կձեռնարկվեն օրինախախտ պաշտոնյաներին՝ թե ներկայիս, թե նախկին, քրեական պատասխանատվության ենթարկելու և ՀՀ հասցված էկոլոգիական և տնտեսական վնասները վերականգնելու ուղղությամբ», - ասաց Լևոն Գալստյանը:

Որպես տուժողներ հանդես եկան «ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ Արմեն Բունիաթյանը, Արարատի մարզի բնակիչ Հայկանուշ Հովհաննիսյանը, «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը, էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը, «Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, ԷկոԼուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը:

Արարատի մարզպետարանի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից խնդրի կարգավորմանն ուղղված միջոցառումները՝ մասնավորապես նշեց, որ 2016 թ-ին ՀՀ նախագահի կողմից հրահանգ է եղել կրճատել ջրօգտագործման ծավալները: 2017 թ-ին ՀՀ վարչապետի 413-Ն որոշման համաձայն մշակվել է միջոցառումների ծրագիր Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների խնայման ու խորքային հորերի հնարավորինս կոնսերվացման համար: Իսկ մոտ 10 օր առաջ ՀՀ կառավարության աշխատակազմից Արարատի և Արմավիրի մարզպետարաններ, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների և բնապահպանության նախարարություններին ուղարկվել է գրություն Արարատյան դաշտի արտեզյան ջրային ռեսուրսների առկա վիճակի վերլուծություն և վերականգնման ծրագրերի նախագիծ կազմելու վերաբերյալ:

Դատարանը, լսելով կողմերին, ՎՃՌԵՑ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ.

1.Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների գերսպառումը, ինչը հանգեցրել է բնապահպանական աղետի, ճանաչել որպես բնապահպանական հանցագործություն:

2.Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել այն պաշտոնատար անձանց, ում ստորագրություններով տրվել են ջրօգտագործման թույլտվություններ, որոնք առաջացրել են էկոհամակարգային հավասարակշռության խախտում և ջրային ռեսուրսի գերնորմատիվային սպառում, մակերևութային և ստորերկրյա ջրերի քանակությունների նվազում և որակի վատթարացում:

3. Դիմել ՀՀ Դատախազություն`

- Արարատյան արտեզյան ջրավազանի ջրի օգտագործման անօրինական թույլտվություններ տված պաշտոնյաներինկատմամբ քրեական գործերի հարուցման և նրանց գործողությունների հետևանքով պետությանը և քաղաքացիներին պատճառած վնասների վերականգնման պահանջով:

4. Դիմել ՀՀ Վարչապետին` խնդրելով հանձնարարել հետևյալ գերատեսչություններին`

ա) ՀՀբնապահպանության նախարարությանը.

չկատարել ջրերի բաշխում, եթե այն վնաս է հասցնում ազգային ջրային պաշարին /«Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին»ՀՀ օրենքի 13-րդ հոդ., 2-րդ մաս /:

Դասակարգել Արարատյան դաշտի խորքային ջրերն ըստ օգտագործվող գործառույթի և կարգավիճակի /ՀՀ Ջրային օրենսգիրք, 10-րդ հոդ., 4-րդ մաս/

Մշակել Արարատյան հարթավայրումշրջանառու կամ կրկնակի ջրօգտագործման համակարգի անցման միջոցառումների ծրագիր և ժամանակացույց (ըստ տարիների սկսելով խոշոր ջրօգտագործողներից (300լ/վրկ և ավելջրօգտագործում): Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1998թ. մարտի 31-իթիվ 216 որոշումը և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, չեղյալ համարել թույլտվություն ունեցող, սակայն դեռևս չհորատված խորքային հորերի հորատման թույլտվությունները:

Կոնսերվացնել կամ լիկվիդացնել առկա տիրազուրկ հորերը:

Վերանայել ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի քանակները՝ դրանք համապատասխանեցնելով փաստացի ձկան քանակության նորմատիվ պահանջներին:

Մշակել և ներդնելձկնաբուծական տնտեսություններից հեռացվող ջուրը ոռոգման նպատակներով օգտագործման համակարգ, կամ ջրօգտագործման շրջանառության համակարգ:

բ) ՀՀ ազգային անվտանգության խորհրդին առաջարկել.

Քննության առարկա դարձնել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրի մակարդակի նվազման ազդեցությունը՝

- անապատացման և դրանից բխող ռիսկերը;

- Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության ռիսկերը;

- պարենային անվտանգության ռիսկերը:

գ) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեին.

Մշակել Արարատյան հարթավայրում ստորերկրյա ջրերով ոռոգման համակարգը մակերևութային ջրերով փոխարինելու միջոցառումների ծրագիր և այն դնել կիրարկման մեջ:

ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ մշակել ձկնաբուծական տնտեսությունների կողմից հեռացվող ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու հայեցակարգ, այն դնել կիրարկման մեջ, ինչի արդյունքում ստորերկրյա ջրերի արդյունահանումը կնվազի մոտ 2000լ/վրկ ծավալով, իսկ ոչ ոռոգման սեզոնին` կրկնակի անգամ:

Համակարգի ինքնաշատրվանող խորքային հորերը բերել փականային ռեժիմի՝ չափագրելով և կապարակնքելով դրանք:

Տեխնիկական վատ վիճակում գտնվող հորերը փականային ռեժիմի բերվելու անհնարինության դեպքում պարտադրել շահագործողներին հորերը կոնսերվացնել իրենց հաշվին:

ՋՕԸ-երին տալ սահմանված կարգով ջրառի հաշվառում իրականացնելու և հաշվետվողականության պահանջների պարտադիր կատարման հանձնարարականներ:

Հստակեցնել ոռոգման նպատակով ջրառի նորմատիվ պահանջները։

դ) ՀՀ տարածքային կառավարման ևզարգացման նախարարությանը.

ՀՀ Արարատի մարզի 141 ինքնաշատրվանող հոր օգտագործող 13 գյուղական համայնքների կարիքների համար մշակել կենտրոնացված ջրամատարարարման համակարգ:

Կարիքների գնահատումից ևցանցի ստեղծումից հետո համայնքների բյուջեի հաշվին կոնսերվացնել կամ լիկվիդացնել ավելորդ (չշահագործվող) հորերը:

ե) ՀՀ կառավարության Բնապահպանական և ընդերքիտեսչական մարմնին

  • ՀՀ օրենքով սահմանված կարգով կազմակերպել համալիր վերահսկողություն` Արարատյան արտեզյան ավազանից ջրառ իրականացնող, ձկնային տնտեսություններում, ջրօգտագործող ընկերություններում և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում:
  • Վերահսկողության արդյունքների վերլուծություններից հետո մշակել ոլորտում առկա խնդիրների բարելավմանն ուղղված միջոցառումներ և առաջարկի տեսքով դրանք ուղղել ըստ պատկան մարմինների։

զ) Ջրային կոմիտեին, անհրաժեշտության դեպքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին.

Ջրօգտագործվող ինքնաշատրվանող խորքային հորերը սահմանված կարգով բերել փականային ռեժիմի:

Ապահովել ջրառի ծավալների հաշվառումը, խմելու-քաղցրահամ ջուրն օգտագործել բացառապես այդ նպատակով:

Բացառել կոյուղաջրերի արտահոսքը գյուղատնտեսական հողեր:

Մշակել ջրակորուստների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծրագիր, օրենքով սահմանված կարգով այն համաձայնեցնել ՀՀ բնապահպանությաննախարարության հետ և իրականացնել ծրագիրը:

է) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին.

վերանայել տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված ջրի մատակարարման սակագները:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:

Դատավարության բոլոր փաստաթղթերը, ներառյալ վճռի ամբողջական տեքստը հասանելի կլինեն www.ecolur.org կայքում՝ 10-օրյա ժամկետում:

05.02.2019թ.





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: