Հայերեն   English   Русский  

​Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին


  
դիտումներ: 1228

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, փետրվարի 9-ին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Ողջունելով ՀՀ խորհրդարանի նախագահին՝ Աշոտ Ղուլյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ԱԺ նախագահին բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: ԱՀ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ՀՀ օրենսդիր մարմնի նոր կազմի հետ ծանոթությունների ճանապարհով կընդլայնվի նախորդ տարիներին ձևավորված համագործակցությունը:

Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, կարևորել է երկկողմ հարաբերություններում առկա ավանդույթը, որի համաձայն ՀՀ ԱԺ նախագահները աշխատանքային առաջին այցը կատարում են Արցախ, և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի ներդրմամբ երկու հայկական խորհրդարանների միջև հարաբերություններն ավելի կսերտանան:

Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ ՀՀ և ԱՀ խորհրդարանների նախագահների և ԱՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ:

Հայաստանի օրենսդիր մարմնի նախագահը կարևորել է համազգային խնդիրների շուրջ անկեղծ քննարկումների ձևաչափը և համատեղ եզրակացություններ անելու ու միասնական որոշումներ ընդունելու հանգամանքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացի ներկա փուլին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ՀՀ կառավարության ծրագրով կրթության և ՏՏ ոլորտներում իրականացվելիք աշխատանքներին, Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական համաձայնագրին վերաբերող հարցեր և հնչել առաջարկություններ:

Ամփոփելով հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման հնարավորությունները և նիստի օրակարգում ներառվելիք հարցերի շրջանակը:

Հաջորդիվ կայացել է ՀՀ ԱԺ նախագահի ճեպազրույցը:

Առավոտյան Արարատ Միրզոյանը տիկնոջ հետ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմում զոհված նահատակների հիշատակին, այնուհետև Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանում ծանոթացել ռազմաուսումնական հաստատության առօրյային և կրթական ծրագրերին: Օրվա երկրորդ կեսին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Շուշի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի և շրջել Կերպարվեստի և Երկրաբանական թանգարաններում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: