Դեժավյու․ գիտությունը և կրթությունը ներկա և նախկին կառավարությունների ծրագրում
«Անկախն» ուսումնասիրել է հեղափոխական կառավարության ծրագրի կրթությանը և գիտությանը վերաբերող դրույթները՝ հասկանալու, թե ինչպիսին է ներկայիս իշխանությունների տեսլականն ապագայի Հայաստանի մասին։
Կառավարությունն իր ծրագրում գերակա ուղղություն է հռչակում կրթության և գիտության զարգացումը՝ շեշտելով, որ միայն դրա շնորհիվ է «հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության»։
«Առանցքային են կրթության բովանդակության արդիականացումը՝ ուղղված սովորողների ճանաչողական, անձնային և միջանձնային հմտությունների զարգացմանը, դասավանդողների կարողությունների զարգացումը, մասնագիտության հեղինակության և սոցիալական ապահովության մակարդակի բարձրացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը»,- ասված է ծրագրում։
Ուշագրավ է, որ կառավարության ներկայիս ծրագիրը գրեթե նույնությամբ կրկնում է նախորդ տարվա կեսին՝ 2018-ի հունիսին հաստատված անցումային կառավարության ծրագիրը։ Ավելին, այն շատ դրույթներ նույնությամբ կրկնում է նաև նախորդ իշխանությունների՝ այն է Կարեն Կարապետյանի կառավարության 2017-2022թթ․ ծրագրից։ Սակայն, ի տարբերություն ՀՀԿ-ական կառավարության ծրագրի, ներկայիս կառավարության ծրագիրը շատ ընդհանուր է․ այստեղ գրեթե չկան թվեր, չկան ժամկետներ։ Պատահական չէ, որ շատ մասնագետներ ծրագիրը որակել են որպես «բարի ցանկությունների ծրագիր»․ չկան սահմանված չափանիշներ, նշաձողեր, որոնք հնարավորություն կտան գնահատել, թե կառավարությունը որքանով է կատարել իր խոստումները և որքանով՝ թերացել։
Կրթության ոլորտի առաջնահերթությունները սահմանելիս միակ թվային տվյալը վերաբերում է նախադպրոցական կրթությանը․ նախատեսվում է մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը նախակրթարաններում հասցնել 70 տոկոսի։ Առանց թվային տվյալների Փաշինյանի կառավարությունը նույնը խոստացել էր իրագործել նաև 2018-ի հունիսի ծրագրում։ Իսկ ահա Կարեն Կարապետյանի կառավարությունը նախակրթարանների հասանելիության ապահովման նպատակով նախատեսում էր 2018-ից ներդնել նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ։
Մյուս ընդհանուր դրույթը, որ առկա է թե նախկին, թե ներկա իշխանությունների ծրագրում, փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելների ներդրումն է։ Ներկայիս կառավարությունը նպատակի իրագործման ժամկետներ չի սահմանել, նախորդը պետք է ծրագրային այս դրույթն իրագործեր 2018-ից։
Ներկայիս և նախկին կառավարությունների 5-ամյա ծրագրի ընդհանուր դրույթներից է նաև ողջ հանրապետության տարածքում տարրական դասարանների երեխաներին դպրոցական սննդով ապահովելու խոստումը, համընդհանուր ներառական կրթության անցնելը, դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացումը։ Տարբերությունն այն է, որ նախկին կառավարությունը խոստանում էր այդ ամենն անել մինչև 2022 թվականը, իսկ ներկայիս կառավարությունը՝ մինչև 2023 թվականը։
Ավագ դպրոցների բարեփոխումների շրջանակներում նախկին կառավարությունը նախատեսում էր 2018-ից սկսկել Արարատյան բակալավրիատի ներդրումը, իսկ մինչև 2018-ի ավարտը նախատեսվում էր արդիականացնել հանրակրթական ուսումնական ծրագրերը, ներդնել ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության տարրեր։ Նոր կառավարությունն Արարատյան բակալավրիատը սառեցրել է, մնացածի առումով սահմանում է․ «Նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը»։
Ընդհանուր է նաև բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտության, օտար լեզուների բովանդակության, ուսուցման հայեցակարգային մոտեցումների վերանայման դրույթը։
Ընդհանրությունները շարունակվում են նաև մասնագիտական կրթության ոլորտում․ աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետների պատրաստում, գործատուների ակտիվ ներգրավում կրթական գործընթացում։
Բարձրագույն կրթության ոլորտում երկու կառավարությունների ծրագրերում կան և որոշակի տարբերություններ և նմանություններ։ Եթե նախկինները նախատեսում էին վերանայել մասնագիտության կրթական ծրագրերը, իսկ մատուցվող կրթության որակն ու մրցունակությունը ապահովելու համար նախատեսում էին մինչև 2022 թվականը ծրագրային հավատարմագրում իրականացնել, ինչպես նաև ունենալ ուսանողի առաջընթացի ապահովման անհատականացված մոդել, ապա ներկայիս իշխանությունների ծրագրում հավատարմագրման մասին խոսք չկա։
Երկուսի մոտ էլ շեշտադրվում է բարձրագույն կրթության միջազգայնացումը, եվրոպական կրթական տարածքի չափանիշների ու չափորոշիչների ապահովումը։
Ուշագրավ է, որ անցումային փուլում Փաշինյանի կառավարությունը շեշտադրում էր ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացումը, մինչդեռ ներկայիս ծրագրում այդ մասին խոսք չկա․ բավարարվում են բուհերի ակադեմիական ազատությունն ու ինքնավարությունն ընդլայնելու խոստմամբ։ Նշենք, որ բուհերի կառավարման խորհուրդները դեռևս ապաքաղաքական չեն․ ՀՀԿ-ական բարձրաստիճան պաշտոնյաներին փոխարինել են ՔՊ-ական կամ «Իմ քայլական» տարբեր տրամաչափի պաշտոնյաներ։
Գիտության ոլորտում ևս Փաշինյանի կառավարությունը չի ասում այնպիսի բաներ, որոնք նախկինները չէին ասել կամ խոստացել։ Ներկայիս ծրագիրը գիտության ոլորտում տրամաբանորեն նաև անցումային կառավարության ծրագիրն է կրկնում։
Կառավարությունը խոստանում է բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին։
«Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին»,- ամրագրված է ծրագրում։ Խոստումներից է նաև գիտություն-կրթություն կապի ամրապնդումը, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցության կենտրոնների ստեղծումը։
Նորույթ է հետևյալ դրույթը․ «Ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար»։
Ամփոփելով նշենք, որ թեև ներկա և նախորդ կառավարությունների ծրագրերը շատ ընդհանրություններ ունեն, գրեթե նույնությամբ կրկնում են իրար, սակայն ունեն նաև տարբերություններ։ Հիմնական տարբերությունն այն է, որ նախկին կառավարությունը շեշտադրումներ անելուց բացի նաև քայլեր էր նշել, որոնց իրագործումն իրենց կարծիքով պետք է ապահովեր այդ նպատակի իրականացումը։ Ներկայում դեպի նպատակը տանող գործողությունները ծրագրում ընդգրկված չեն։