Գիտենք և կաշառատուին, և կաշառք վերցնողին, և քաղաքական հովանավորին. Ռուբեն Հակոբյան
Հակոբյանի կարծիքով հարցը պետք է լուծել քաղաքական դաշտում, ոչ թե ֆինանսատնտեսական, քանի որ 10-15 տնտեսվարողներ կան, հիմնականում ներկրողներ, որոնք օրենքից դուրս են, և նրանց գլխավոր հովանավորը բարձրագույն իշխանությունն է:
Հակոբյանը թվային տվյալներ է մեջբերում, ըստ որի Հայաստանում 4 անգամ ավելի շատ ապրանք է ներկրվում, քան արտահանվում, նշելով, որ դա վկայում է մեռնող տնտեսության մասին:
«Դրան հակառակ ունենք ՓՄՁ-ներ, որոնք մեծածախ մոնոպոլիստներից, օրինակ, գրենական պիտույքներ են գնում: Հիմա ասում ենք, որպեսզի նրանք չմնան ստվերում, գրենական պիտույք գնողներ, եկեք մոնոպոլիստների դեմ պայքարեք: Կարելի է դրա փոխարեն քաղաքական որոշում ընդունել ու ասել` հարգելի մոնոպոլիստներ, եկեք վերջ դրեք գողությանը, բայց դա չենք անում»,- ասում է Հակոբյանը:
Նրա խոսքով`մեր երկրում համակարգն այնպիսին է, որ տնտեսվարողներն իրենց «տանիքներ» են փնտրում, որպեսզի կարողանան գործել:
«Լավ օրից չէ, որ գործարարները, օրենսդրական գործունեության հետ կապ չունենալով պատգամավոր են դառնում: Ովքեր մանդատ չեն վերցրել, հետագայում կամ կինոսցենարիստներ են դարձել, կամ չգիտեմ որտեղ են»,- ասում է Հակոբյանը :
Նրա խոսքով`խնդրի լուծման հնարավոր տարբերակներից է, որ իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն, և «հավաքեն այդ 10-15 հոգուն և ասեն` բավական է ինչքան կերաք»:
«Գիտենք և կաշառատուին, և կաշառք վերցնողին, և քաղաքական հովանավորին: Քաղաքական կամք է պետք, որը չկա»,- ասում է Հակոբյանը: