Հայերեն   English   Русский  

Վահագն Չախալյանի ելույթը Ազատության հրապարակում


  
դիտումներ: 469

«Արցախը տարածք չէ՛, Արցախը Սրբազան հայրենիք է՛»

Սիրելի հայրենակիցնե՛ր, հարգելի ընկերներ,

Վահագն Չախալյան

Այսօր հավաքվել ենք այն գաղափարի շուրջ, որը միավորում է համայն հայությանը՝արդեն տասնամյակներ: Դա Արցախի միացումն է Հայաստանին:

Հայության հայրենազրկումը թուրք-Օսմանյան նախագիծ է, որը շարունակվում է, մինչև այս պահը:

1921-ին և 1923-ին, Արցախի 200.000 հայության կամքի հակառակ,Արցախը Խորհրդային Միության կողմից զոհաբերվել է նորաստեղծ Թուրքիայի գերակա շահերին:

Այդ ժամանակ, ցեղասպանված ու արյունաքամ հայությունը աղճատված էր: Արդյունքում, Ստալինի մի գրիչի շարժումով Արցախը բռնակցվեց գերտերությունների կողմից հորինված կեղծ պետությանը՝ սովետական Ադրբեջանին:

Սակայն Արցախի միացումը Հայաստանին մեր անկախ պետականության ակունքներում է:1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի տեղական խորհրդարանը որոշում է ընդունել, որով դիմել է Մոսկվային, Երևանին ու Բաքվին՝ առաջարկելով մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս բերել և միացնել Խորհրդային Հայաստանին:

1989-ի դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը Երևանում համատեղ նիստում Արցախը Հայաստանին միավորելու մասին որոշում են ընդունել: Իսկ Ադրբեջանը, Արցախահայության ինքնորոշման իրավունքի խաղաղ նախաձեռնությանը, մի քանի օր անց պատասխանեց Սումգայիթի կոտորածներով:

Այսօր իրավիճակը այլ է: Մենք ունենք Անկախպետություն, հզոր բանակ, և ամենակարևորը՝ Արցախյան հաղթանակի շուրջ համախմբված հայ ժողովուրդ:

Մյուս կողմից, Թուրքական նախագիծը չի փոխվել, Թուրքիան մեզ հետ այսօր դարձյալ պատրաստ է խոսել ցեղասպանության լեզվով: Սակայն դա իրեն չի հաջողվում՝ շնորհիվ մեր զենքի ուժի և համախմբված ժողովուրդի:

Արդ, Թուրքիան չունի այլ ճանապարհ քան մի անգամ ևս պառակտման, ներքին անկայունության ու հուսալքության պայմաններում հայությանը մղել անընդունելի զիջումների:

«Կամք»-ի անունից հայտարարում եմ, որ մեր հայրենիքին, նրա համար ընկած հազարավոր նահատակների արյան կանչին, մեր երեխաների ազատ և ինքնիշխան վաղվա օրվան սպառնում է միմիայն աղճատումը ևանմիասնականությունը:

Մենք պարտավոր ենքբռնցքվել մեր սրբազան արժեքների շուրջ, քանզի այլ ճանապարհ չկա։

Մենք պարտավոր ենք հասկանալ, որ պառակտումն ու աղճատումն են մեզ տանելու անընդունելի զիջումների, պառակտումն ու աղճատումն են մեզ ծնկի բերելու այլ երկրներում բանակցված ու ձեռք բերված համաձայնությունների առաջ: Մենք չունե՛նք հող տալու: Մենք չունե՛նք հայրենիք տալու: Մենք ծնկի չենք գալու։

Այս հարթակից հայտարարում եմ; Արցախը՝ նույն Հայաստանն է, նրա անբաժանելի, անխզելի մասն է, իսկ այդ միասնական ամբողջությունը մեր սրբազան երկիրն է, մեր հայրենիքը:

Ադրբեջանը մեզ հետ խոսել է սպառնալիքի լեզվով, իսկ այդ լեզվին մենք պատասխանում ենք մեր միասնական հայրենիքի անբանակցելի, անքննարկելի իրավունքի վճռականությամբ:

Անօրինական շրջափակման դեմ մենք մեր աշխատասիրությունն ու համահայկական կապիտալն ենք ներդնելու:

Համաթուրքական առանցքի դիմաց՝ արևելյան քրիստոնեության ճակատ ենք ստեղծելու:

Մեկուսացման վտանգի դիմաց դնելու ենք հայ մտքի ստեղծագործ ու նորարարող տաղանդը:

Իսկ պառակտման փորձ անողներին, ահա՛, այս հարթակից կոչ ենք անում, հայը արմատացել է իր ազգային արժեքների վրա Նիկիական հանգանակին, հայ ընտանիքի խորհրդին, նվիրված հոր ու Աստվածացված մոր խորհուրդներին, անզուգական հայրենիքին ու ցեղասպանություն վերապրած ու հաղթանակներով վերակազմակերպված հզոր պետության տեր դառնալու մեր ժողովուրդի ուխտին:

Թուրք-Ադրբեջանական սպառնական գործընթացներն սպառված են, եւ ահա հիմա մեզ հետ արդեն խոսում են խաղաղությունից:

Ուզում եմ բոլորը լավ իմանան, որ մենք դեմ չենք եւ երբեք էլ դեմ չենք կարող լինել խաղաղությանը: Մյուս կողմից միարժեքորեն բացառում ենք այն խաղաղությունը, որը պիտի հաստատվի սրբագործված հողերի զիջումներով կամ փոխզիջումներով: Այդպիսի սցենար չի կարող լինել:

Դա չի կարող խաղաղություն կոչվել, դա պարզապես նոր պատերազմի, ավելի ճիշտ՝ Հայաստանի եւ Արցախի վերջնական կապիտուլյացիայի գործընթացի սկիզբն է լինելու:

Մենք ուզում ենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը ոչ թե պետք է լինի հակառակորդի եւ միջազգային հանրության կողմից մեզ տրվող պարգեւ, այլ նվաճված փառահեղ խաղաղություն, որին մենք անպայման հասնելու ենք, հաղթանակի ու բարգավաճման գործընթացներով:

1915-ի և Սումգայիթի դասերը խառանված են մեր ազգային հիշողության մեջ:

Խաղաղություն, այո, բայց միայն հաղթանակածի դիրքերում: Իսկ, մե՛նք հաղթել ենք: Հաղթել ենք Ադրբեջանին, և հաղթել ենք ինքներս մեզ:

Եւ այսպես՝

Այսօրվա հանրահավաքը կոչված է ևս մեկ անգամ ի լուր աշխարհի ցույց տալու, որ հայ ժողովուրդը վճռական է առավե՛լ քան երբևէ, հաղթող է առավե՛լ քան երբևէև իր պատմական հայրենիքի և ոչ մի միլիմետր հող պատրաստ չէ հանձնելու թշնամուն:

Մեր պայքարը հայի անվտանգության ու ապագայի պայքարն է, մեր պայքարը մեր երեխաների անհոգ ու խաղաղ մանկության պայքարն է և այդ պայքարում՝ դույզն ինչ չկասկածեք՝ հաղթողը լինելու ենք մենք:

Ուզում եմ հատուկ ընդգծել՝ բնավ չենք մտածում, որ հայրենի իշխանությունները երբեւէ կարող են գնալ ապազգային հակապետական քայլերի՝ հակառակորդի հետ քննարկելով հնարավոր զիջումներ, բայց մյուս կողմից այս հանրահավաքը կարեւորվել է, քանի որ սա նաեւ եւս մեկ միջոց է վստահություն ու աջակցություն տալու վարչապետ Փաշինյանին՝ Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում ժողովուրդի վստահությունը վայելող առաջնորդի վճռական դիրքերից հանդես գալու համար:

Մեկ վայրկյան իսկ չեմ կասկածում, որ լայնածավալ պատերազմի կամ խնդրի հնարավոր ոչ հայանպաստ լուծման ընթացքի դեպքում՝ ողջ հայ ժողովուրդը զենքը ձեռքին կանգնելուէ հայրենիքի սահմանին, դուրս է գալու փողոցներ ու հրապարակներ և պարտադրելու է իր կամքն ու ցանկությունը՝ վերջ տալ այս հակամարտությանը և մինչեւ վերջ գնալ դեպի վերջնական բաղձալի հաղթանակ՝ Ղարաբաղը միացնելով Հայաստանին:Եվ սա ոչ միայն հայրենիքում, այլ մեր տարածաշրջանում, աշխարհում, ամենուրեք, որտեղ թեկուզև մեկ հայ կա ապրող:

Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, Միացումը եղել է և մնում է մեր ամբողջ ազգի կամքը։

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը

Կեցցե՛ հայոց անպարտելի ժողովուրդը

Վահագն Չախալյան

26․02․2019





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: