Հայերեն   English   Русский  

Ո՞ր ուղին էր ճիշտ, Վարդանի՞, թե՞ Վասակի


  
դիտումներ: 1186

Ամեն տարի Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը հայ եկեղեցին նշում է Վարդանանց նահատակների օրը:

Դեռևս IV դարում հայոց Վրթանես Ա Պարթև կաթողիկոսը (333-341) հաստատեց հայ եկեղեցական տոնացույցը, և այս օրը նախապես նշվում էր որպես Նահատակաց տոն` ի հիշատակ 337 թ. հայ-պարսկական պատերազմում զոհված Վաչե Մամիկոնյան սպարապետի: V դարում` Հայոց պատերազմից հետո, տոնն անվանափոխվեց և կոչվեց Վարդանանց նահատակների օր: Այս տարի լրանում է Հայոց պատերազմի 1560-ամյակը…

451 թ. ապստամբությունը հայ իրականության մեջ կարևորվում է երկու պատճառով. նախ` այն համաշխարհային պատմության մեջ առաջին կրոնական պատերազմն է, հանուն հավատի, և ապա` այն ունեցավ դարակազմիկ նշանակություն այն պատճառով, որ պատերազմի հերոսների` Վարդանի ու Վասակի հակադիր կերպարները մինչ օրս հայոց մեջ անհաշտ, երբեմն` ծայրահեղ քննարկումների առարկա են: Եվ որպես կանոն` Վարդանն ընկալվում է որպես հերոս, սուրբ նահատակ, իսկ Վասակը` դավաճան և ուրացող: Բայց, ցավոք, պատմությունը միշտ չէ, որ արդար է…

Վարդանանց պատերազմի մասին սկզբնաղբյուրը Եղիշեի «Վասն Վարդանի և հայոց պատերազմի մասին» մատյանն է: Եղիշեն այն գրել է Մամիկոնյան Դավիթ երեցի պատվերով, հետևաբար, մեր կարծիքով, ինչպես և միջնադարյան շատ աշխատությունների դեպքում, նրա մատյանում շատ իրադարձություններ մեկնաբանված են միակողմանի:

Բացի Եղիշեից, Վարդանանց պատերազմի մասին կարևոր մանրամասներ է հաղորդել նաև V դարի պատմիչ Ղազար Փարպեցին:

Պատմիչների հավաստմամբ` ճակատամարտի օրը հայոց զորքը կազմում էր 66000 կռվող. սրանց մի մասը նախարարական զորագնդերն էին, մյուս մասը` ժողովրդական աշխարհազորը: Այլ կերպ ասած` գերանդիավոր շինականների բազմությունը կանգնած էր թվաքանակով եռապատիկ հզոր բանակի դեմ:

Առհասարակ Վարդանանց պատերազմը զուտ կրոնական պատերազմ էր և ոչ մի աղերս չուներ համաժողովրդական շարժման կամ ազգային-ազատագրական շարժման հետ: Իսկ շարժումը սկսվեց 450 թ., երբ պարսից Հազկերտ Բ արքան հայերից հավատափոխություն պահանջեց: Զրադաշտականությունը ցանկանում էր հայոց մեջ արմատավորել իր գաղափարախոսությունը: Հազկերտն իր հրամանում նշում էր. «Պետք է կարճվի և արգելվի սուրբ ամուսնության օրենքը, որ ունեին նախնիքներից քրիստոնեության սովորության համաձայն. մեկ կնոջ փոխարեն թող շատ կանայք առնեն, որպեսզի հայոց ազգն աճի, բազմանա…»: Այսինքն` Հազկերտը հայ ազգի կործանման կամ ձուլման նպատակ չէր դրել. նրա խնդիրը հայերին քրիստոնեությունից հետ պահելն էր:

Մինչ այդ պարսից արքունիքը Հայաստան է գործուղում Դենշապուհ անունով պաշտոնյային, որը աշխարհագիր է անցկացնում երկրում: Եղիշեն ներկայացնում է Դենշապուհի կատարած չարագործությունները. ա. եկեղեցու ազատությունը ծառայության տակ դրեց, բ. վանքերում բնակվող մենակյաց քրիստոնյաներին նույն աշխարհագրի տակ գցեց, գ. երկրի հարկն ավելի ծանրացրեց, դ. նախարարներին բանսարկությամբ թշնամացրեց միմյանց հետ և ամեն տան մեջ խռովություն գցեց:

Տեսնում ենք` Եղիշեի բերած փաստարկները հիմնականում դիտվում են կրոնի և եկեղեցու դիրքերից, ոչ թե ժողովրդի կամ պետության, պետականության պաշտպանության շահերից: Դենշապուհի չարագործությունների հետևանքով հայ հոգևոր դասը զրկվում էր նախկին արտոնություններից, որ ուներ Արշակունիների թագավորության օրոք և հարկատու էր դառնում պետությանը: Սա արդեն բավական էր հայոց երկրում դժգոհության մեծ ալիք բարձրացնելու համար:

Հազկերտին պատասխանելու համար Արտաշատում հավաքվեցին 18 եպիսկոպոսներ և 18 իշխաններ ու նախարարներ: Բացի սրանցից, հավաքվեցին նաև հոգևոր այլ գործիչներ` երեցներ, վանականներ…Պարսից արքունիք ուղարկած նամակում գրված էր. «…Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքում են, և մեր մարմինները քո առաջն են. քո կամքի համաձայն արա ինչ ուզում ես: Եթե այս հավատքի մեջ թողնես, ո՛չ երկրի վրա ուրիշ տեր կընդունենք քո փոխարեն, ո՛չ էլ երկնքում ուրիշ աստված կընդունենք Հիսուս Քրիստոսի փոխարեն»:

Հայերի պատասխան նամակում իսպառ բացակայում էր դիվանագիտությունը, խոսում էր կրոնական մոլեռանդությունն ու ծայրահեղ անհանդուրժողականությունը: Հայ հոգևորները, անգամ անցնելով չափը, պատասխան նամակում ծաղրում են պարսից հավատը: Նամակի թելադրմանը շատ քիչ հայ նախարարներ են մասնակցել: Հիմնականում հոգևոր դասն է հավաքվել:

Ստանալով հայերի պատասխանը` Հազկերտը զայրացած հայ նախարարներին ու բարձրաստիճան հոգևորականներին կանչում է Տիզբոն` արքունի դիվան: Տիզբոնում ծուղակն ընկած հայ նախարարներն առերես ուրանում են քրիստոնեությունը և վերադառնում Հայաստան:

Հայ նախարարների մեջ առանձնակի դեր ու բարձր դիրք ուներ մարզպան Վասակ Սյունին, որ փաստորեն երկրի կառավարիչն էր: Վասակից հետո ազդեցիկ էր սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Վերջինս, պետք է նկատել, աչքի էր ընկնում ոչ թե որպես զորաց սպարապետ, այլ որպես Մամիկոնյան տան ավագ և Սահակ Պարթևի թոռ, որով էլ հասել էր նման դիրքի:

Մինչ Ավարայրը Վարդան Մամիկոնյանը որևէ մեծ պատերազմում կամ ճակատամարտում աչքի չի ընկել, և պարսից արքունիքում նրանից վտանգ չէին սպասում. այլապես, որպես Մամիկոնյան պայազատի, հենց նրանից պատանդներ կառնեին, այլ ոչ Վասակ Սյունուց: Սա էլ վկայում է այն մասին, որ Հազկերտը, գիտենալով Վասակի ունակություններն ու ձգտումները, հենց նրան է համարել հնարավոր ընդվզման առաջնորդն ու նրանից է զգուշացել: Հետևաբար, ապստամբների պառակտման առնչությամբ հավատալ պատմիչներին սխալ է, քանզի համընդհանուր ոգևորության պայմաններում չէր կարող հայոց նախարարների և զորքի կեսը հետ քաշվել շարժումից: Իսկ պառակտման պատճառը, երևի, Վարդանի տարերային, անկազմակերպ շարժումն էր:

Վարդանը աչքի էր ընկնում համառ, անկոտրում և անզիջում բնավորությամբ:

Տիզբոնում արքայի առաջ առաջինը խոսք վերցրեց Վարդանը: Նա, նշելով իր ծառայությունները արքունիքին, ասաց, որ հանձն է առնում մեռնել, քան ուրանալ: Իսկ մյուսները արքայից ժամանակ խնդրեցին` խորհրդակցելու և պատասխան տալու համար:

Այսինքն` սպարապետի համար, որ կոչված էր զենքով պաշտպանելու հայրենին ամեն վտանգից, չկա դիվանագիտություն, չկա փոխզիջում, երբ խոսքը հավատին է վերաբերում: Նրա համար եկեղեցին, հավատքը վեր է ամենից, անգամ հայրենիքից և ընտանիքից: Ի վերջո, նախարարներին հաջողվում է համոզել Վարդանին. «Դու հո Քրիստոսի սուրբ առաքյալ Պողոսից մեծ չես…»:

Վարդանանք կոմպրոմիսը բացառում էին, հանուն հավատի պատրաստ էին ամեն ինչի: Ապստամբների խորհրդի առաջին վճիռը, ըստ Եղիշեի, հետևյալն էր. «Հարազատ եղբոր ձեռքը թող բարձրանա այն մերձավորի դեմ, որ դուրս է եկել աստծո պատվիրանի ուխտից. հայրը չխնայի որդուն, և որդին չակնածի հոր պատվից: Կինը կռվի իր ամուսնու դեմ, և ծառան դիմադրի իր տիրոջը» Այսինքն` առաջնորդող հոգևոր դասը պատրաստ էր ոտնատակ տալ և քանդել ժամանակի տիրող օրենքներն ու բարքերը` հանուն իր իշխանության անսասանության:

Իսկ շարժումը սկսվեց հենց Վասակի նախաձեռնությամբ: Տիզբոնից վերադառնալով` հայ նախարարները տարակուսանքի մեջ էին և չգիտեին ինչ անել. նրանցից ոմանք ուղղակի սպասում էին իրադարձությունների զարգացմանը` չհամարձակվելով ընդդիմանալ կամ միանալ հոգևոր դասի սկսած իրարանցմանը, ոմանք էլ, հավաքելով իրենց ինչքը, փախուստի դիմեցին երկրից` անցնելով Բյուզանդիա` այդ կրիտիկական պահին թողնելով երկիրն անտեր ու բախտի քմահաճույքին: Մանավանդ Վարդան Մամիկոնյանը, որ ի պաշտոնե պարտավոր էր լինել հայրենյաց պաշտպանը, առաջինն է լքում հայրենիքը և դիմում փախուստի:

Այստեղ, սակայն, առաջ է գալիս հմուտ դիվանագետն ու գործիչը` Վասակ Սյունին: Նա կարողանում է համոզել նախարարներին, ի մի բերել բոլոր ուժերը, հետ կանչել Վարդանին և երկիրը պատրաստել պատերազմի: Իսկ Վարդանը չէր համոզվում: Փավստոսը գրում է, որ երբ լուր տարածվեց, թե պարսիկները զորք են հավաքել և Աղվանքի կողմից պիտի Հայաստան մտեն, «…Սյունաց Վասակ իշխանը Հայոց երանելի սպարապետ ու Մամիկոնեից տեր Վարդանին ստիպում էր գնալ զորքով և դիմակայել նրանց»: Իսկ Վարդանը պայման է դնում, որ մինչև պատգամավորություն չուղարկի Պոլիս, ինքը չի ապստամբի:

Վասակը դիմում է հարևան երկրներին, կազմակերպում և կարգի է բերում երկիրը, անգամ հայոց բանակը, ուխտի մեջ է համախմբում ողջ կարող ուժերին` ցանկանալով ապստամբեցնել և անկախացնել Հայաստանը:

Վարդան Մամիկոնյանը Աղվանքի մատույցներում ջարդում է Սեբուխտի զորաբանակն ու քանդում Ճորա պահակը: Այստեղ նա իմանում է, որ Վասակը ապստամբությունից հրաժարվել է և դուրս է եկել ուխտից: Ի՞նչն էր պատճառը:

Պատմիչի հավաստմամբ` Վարդանի արևելքում եղած ժամանակ Վասակ Սյունուն իր մոտ է հրավիրում պարսից հազարապետ Միհրներսեհն ու համոզում անջատվել շարժումից: Իհարկե, չպետք է անվերապահորեն հավատալ Եղիշեին: Նախ` արքունիքը Վասակին զսպելու համար կարող էր ուղղակի օգտագործել նրա որդիներին, ապա` չի կարող պատահել, որ Միհրներսեհը չիմանար Վասակի դերակատարության մասին, նրան բռնելուց հետո այլևս բաց չէր թողնի: Միգուցե ապստամբների պառակտման պատճառը եղել է հենց Վարդանի կողմից հրահրած այդ անկազմակերպ, տարերային շարժումը: Բացի այդ, հարց է առաջանում, թե դեպի Աղվանք ինչո՞ւ հենց սպարապետը գնաց, այլ չուղարկեց իր զորավարներից մեկին, այն դեպքում, երբ հայոց զորքի մի մասը ճանապարհվեց հարավ` պարսկական սահմանի մոտ, որտեղից կարելի էր սպասել իրական վտանգը:

Մենք տեսնում ենք, որ Վարդանի և Վասակի նպատակներն ու գործելաոճը շատ տարբեր էին: Վարդանանք չունեին հեռուն գնացող նպատակներ, ծրագրեր. նրանց նպատակը ոչ թե ապստամբության հաղթանակն էր և երկրի անկախության վերականգնումը, այլ` հապշտապ նահատակությունն ու մարտիրոսացումը: Այս իմաստով Վարդանին ձեռնտու էր տարերային, անկազմակերպ շարժումը, քաոսի մեջից նա վեր կհառներ իր հերոսական մարտիրոսությամբ: Այլ էր Վասակի պարագան: Նա ամենամոտն էր կանգնած պարսից արքունիքին և լավ էր հասկանում, որ Վարդանի ուղին կործանարար է: Նա հեռուն գնացող նպատակներ ուներ, այն է` երկրի անկախացում և իր թագավորության հռչակում: Սրան հասնելու համար միայն ռազմական հաղթանակը քիչ էր, ավելի շատ ճկունություն ու դիվանագիտական հմտություն էր անհրաժեշտ: Վասակը հմուտ դիվանագետ էր և լավ վարչարար: Եվ քանի որ պարսից արքան հետ էր կանգնել իր ուրացման ծրագրից, ներում էր շնորհել հայերին ապստամբության համար, Վասակը պահը հարմար գտավ կործանարար շարժումը սառեցնելու համար և Վարդանանց ու հայ հոգևորականների կողմից արժանացավ դավաճանի «լուսապսակի»:

Սակայն Վարդանանք իրենց ամբոխային մարտավարությամբ խառնեցին Վասակի ծրագրերը: Վասակը փորձում էր տարհամոզել շարժման մասնակիցներին` ցույց տալով արքայի հրովարտակը, որով նա ներում էր ապստամբությունն ու հայերին թողնում էր իրենց նախկին դավանանքին: Վասակը դա անում էր «Հայոց աշխարհն անվնաս պահելու համար»: Բայց ապարդյուն: Վարդանանք պատրաստ չէին փոխզիջման, նրանց նպատակը նահատակությունն էր, ոչ երկրի անկախությունը:

Անգամ Վարդանանց մեղադրանքում գեթ մեկ ակնարկ չկա, թե նրանք ցանկացել են անկախություն վերականգնել:

Ատյանում արյաց արքան անգամ ազատ արձակեց հայոց իշխանների մանուկ զավակներին, որոնց պատանդ էր տարել Տիզբոն:

Վարդանի գործողություններում իսպառ բացակայում էր մարտավարությունը: Առհասարակ Վարդանի գործողությունները տարակուսելի են: Ավարայրում նա փոխանակ ջարդի մարտին անպատրաստ պարսկական զորքը, հապաղում է և թույլ տալիս թշնամուն, որ ուշքի գա: Բացի այդ, փոխանակ պատվար ծառայեցնի Տղմուտ գետը, նախահարձակ է լինում և իր վատ զինված, հիմնականում գյուղացիներով համալրված զորքը տանում է պարսից դեմ` կործանման: Վարդանի նպատակը հաղթանակը չէր, այլ նահատակությունը: Մեջբերենք Փավստոսին. «Եվ հայոց երանելի սպարապետ Վարդանը, իր հետ եղած ավագների միաբանությամբ, Ամատունյաց տոհմից մի սեպուհի, որի անունն էր Առանձար, երեք հարյուրի չափ հեծյալներով ուղարկեց հետախուզելու պարսից զորքերի բազմությունը, և եթե հնար լիներ, գրգռելու, որ շուտ գան և մեզ բերեն արքայության պսակներ»:

Ըստ Փավստոսի` ճակատամարտի հենց սկզբից հայոց զորքի մի մասը փախուստի դիմեց: Բայց դա չվախեցրեց վարդանանց քաջերին, որ գրոհի նետվեին և մխրճվեին պարսից զորքերի բազմության մեջ… Նրանք հասան իրենց նպատակին. մարտիրոսացան: Ճակատամարտն ավարտվեց հայոց բանակի պարտությամբ:

Ապստամբության ճնշումից հետո նոր մարզպան Ատրոմիզդը ձերբակալեց ապստամբ հայ նախարարներին և ուղարկեց Տիզբոն:

Ճանապարհին Վասակը, քեն չպահելով հայ մեծավորների հանդեպ, պատիվների էր արժանացնում նրանց, իսկ վերջիններս ուղղակի մատնությամբ նրան տվին Հազկերտի ձեռքը:

Ապստամբության ճնշումից հետո հայ հոգևոր գործիչները դատավարության ժամանակ ապստամբութան ողջ մեղքը գցեցին Վասակի վրա: Նրանք ցուցում տվեցին, որ ապստամբել են միմիայն Վասակի դրդմամբ: Մեջբերեցին Վասակի կնքած նամակները Վրաց և Աղվանից աշխարհներին, Աղձնիքի բդեշխին, հունաց զորավար Անատոլիին, Բյուզանդիայի կայսրին, ասացին, որ պարսիկների կոտորածի հրամանները Վասակն է տվել, նա է յուրացրել արքունի հարկերը:

Դատեք ինքներդ, ո՞ր ուղին էր ճիշտ այս պատերազմում, Վարդանանց նահատակների՞, թե՞ Վասակի:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: