Հայերեն   English   Русский  

Նպատակն է քոլեջ-գործատու համագործակցությունը հասցնել համատեղ ռազմավարության մակարդակի


  
դիտումներ: 2083

Ինչու և ինչպես համագործակցել գործատուների հետ, որպեսզի կրթական գործընթացը լինի հնարավորինս արդյունավետ.

այս հարցերն էին քննարկվում այսօր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կազմակերպած «ՄԿՈՒ-գործատու համագործակցություն. համատեղ ռազմավարության բանաձև» խորագրով համաժողովի շրջանակներում:

Անդրադառնալով թեմայի ընտրությանը` Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշում է, որ ՈԱԱԿ-ն կարևորում է շնորհված որակավորումների արժանահավատության հարցը: Իսկ առանց գործատուների հետ արդյունավետ համագործակցության հնարավոր չէ ապահովել աշխատաշուկայի կողմից պահանջված մասնագետներ և որակավորումների ճանաչելիություն:

Պարոն Թոփչյանը շեշտում է, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից աշխատաշուկան ակնկալում է պրակտիկ մասնագետներ, իսկ դրա ապահովման համար պետք է, որ երկուստեք համագործակցություն լինի:

«Կրթական գործընթացի արդյունավետության համար ուսումնական հաստատությունը և գործատուն համատեղ ռազմավարություն պետք է մշակեն: Այսօրվա քննարկումները կոչված են աջակցելու, որ ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրը կարողանա գտնել գործատուների հետ շարունակական համագործակցության իր բանաձևը»,- ասում է Ռ. Թոփչյանը:

Միջոցառման մեկնարկին ևս մեկ անգամ հիմնավորվեց, թե ինչու է կարևոր գործատուների հետ համագործակցությունը. այն ապահովում է ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, շնորհած որակավորումների ճանաչելիությունը, աշխատաշուկայի պահանջներին համընթաց քայլելը, առանց մեծ ֆինանսական ներդրումների, գործատուների նյութատեխնիկական բազայի հիման վրա պրակտիկ կրթության կազմակերպումը և այլն:

Շահակիցների ընդհանուր քննարկման ժամանակ քոլեջների և գործատուների ներկայացուցիչները պատմեցին, թե ինչ գործոններ կան, որոնք խոչընդոտում են համագործակցությանը: Մատնանշվեց չափորոշիչների վերանայման անհրաժեշտությունը: Կարևորվեց կարճաժամկետ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Մասնակիցները ներկայացրեցին նաև իրենց հաջողված փորձը՝ պատմելով, թե ինչպես են կարողացել շարունակական համագործակցություն ստեղծել գործատուների հետ, ինչ է դրանից շահել ուսանողը:

Քանի որ ներկայում քոլեջները նախապատրաստվում են ինստիտուցիոնալ հավատարմագրմանը, համաժողովը նաև հարթակ դարձավ՝ քննարկելու ինստիտուցիոնալ ինքնավերլուծության ժամանակ առաջացած խնդիրները և փորձով կիսվելու:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն այս տարի նշում է իր հիմնադրման 10-ամյակը: Ողջ տարվա ընթացքում միջոցառումներ տեղի կունենան «10 տարվա ճանապարհ դեպի որակ» կարգախոսի ներքո: 10-ամյակի միջոցառումների շարքը մեկնարկել է Մատենադարանում տեղի ունեցած թեյախմությամբ, որի ընթացքում ԿԳ նախարարը, ՈԱԱԿ տնօրենը և ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահները քննարկել են բուհերի կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրները։

ՈԱԱԿ 10-ամյակի միջոցառումները կամփոփվեն հոկտեմբերին՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 10-րդ ընդհանուր համաժողովով, որը տեղի կունենա Երևանում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: