Ռուս սահմանապահներն ու ՀՀ ՊԵԿ աշխատակիցները թույլ չեն տվել, որ թմրանյութը մտնի Հայաստան
Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի զինծառայողները Հայաստանի պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացրած գործողությունների շրջանակում բերման են ենթարկել օրինախախտի, որը հայ-իրանական սահմանով փորձել է գաղտնի թմրամիջոցներ անցկացնել Հայաստան: Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից:
Մարտի 5-ին «Ագարակ» սահմանային անցման կետում իրավապահ մարմինները զննել են Հայաստանի երեք քաղաքացու, որոնք ավտոմեքենայով Իրանից են ուղևորվել:
Քաղաքացիներից մեկին զննելու ընթացքում հայտնաբերվել է մոխրագույն զանգված, ենթադրվում է՝ մետամֆետամին պարունակող երկու փաթեթ, ընդհանուր 109 գրամ քաշով:
Այժմ համապատասխան մարմիններն անհրաժեշտ գործողություններ են անցկացնում դեպքի հանգամանքները պարզելու համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: