Հայերեն   English   Русский  

​Առևտրականներին ժամանակավորապես լռեցրին


  
դիտումներ: 1588

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հետ կապված բողոքի ալիքն իր արդյունքը տվեց. գոնե ժամանակավորապես: Հունվարի 30-ին՝ կառավարության նիստի ավարտից հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ցուցարարների 15 ներկայացուցչի, լսեց նրանց և խոստացավ քննարկել նրանց առաջարկները: Հաջորդ օրը գործադիրը հրավիրեց արտահերթ նիստ և որոշեց հետաձգել օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը, այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 մլն 350 հազար դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ:

Կառավարության այս քայլը հավանաբար չէր լինի, եթե տնտեսվարողների շրջանում առկա դժգոհությունն աննախադեպ չափերի չհասներ: Հունվարի 30-ին կառավարության շենքի դիմաց հավաքված հարյուրավոր քաղաքացիներ պահանջում էին կասեցնել օրենքը՝ հորդորելով իշխանություններին բաց աչքերով նայել իրականությանը, հանգիստ թողնել մանր ու միջին ձեռներեցներին, որոնք իրենց օրվա հացն են վաստակում:

Առևտրականներն այնքան մարտական էին տրամադրված, որ անգամ հայտարարեցին. «Մենք թքած կունենանք օրենքի վրա, կհրաժարվենք մեր գործունեությունից և այդ ձևով կարտահայտենք մեր անհնազանդությունը: Մինչև փետրվարի 2-ը բոլորս մի մարդու պես պետք է ներկայացնենք մեր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումներ: Մենք չենք ընկրկելու: Արդեն մենք ենք դիպչելու իրենց գրպաններին, ինչպես իրենք են վարվում մեզ հետ»:

Նույն օրը ցուցարարների մի խումբ ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ և ներկայացրին իրենց հուզող հարցերն ու առաջարկները: Հանրային խորհուրդը դեռևս անցած տարի, երբ օրենքը նոր էր ընդունվել, քննարկել էր օրենքի հետ կապված մտահոգություններն ու հնարավոր զարգացումները և որոշել, որ տնտեսվարողներին պետք է ընտրության հնարավորություն տրվի: Հիմա էլ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը նիստ գումարեց, որի ընթացքում ևս մեկ անգամ քննարկվեցին «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները՝ ներառելով նաև տնտեսվարողների առաջարկները: Հանձնաժողովը որոշեց, որ պետք է.

1.Տնտեսվարողներին հնարավորություն ընձեռել կամավորության սկզբունքով ընտրելու շրջանառության հարկի տոկոսադրույքները. այն տնտեսվարողները, որոնք կարող են ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, կարող են օգտվել 1 տոկոս շրջանառության հարկ վճարելուց, իսկ որոնք չեն կարող, նրանց համար սահմանել 3,5 տոկոս:

2.ՓՄՁ-ների գործառույթի սահմանման շեմը 58.350 միլիոն դրամից բարձրացնել մինչև 100 միլիոն և ավելի դրամի:

3.Նախատեսել հարկահավաքման հաստատագրված վճարի տարբերակը:

4. Հնարավորինս սահմանափակել հարկային տեսուչների մուտքը ՓՄՁ տնտեսվարողների գործունեության տարածքներ:

Հանձնաժողովը որոշեց նաև, որ պետք է հսկողություն սահմանել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում ամրագրված դրույթի իրականացմանը, ըստ որի՝ առևտրային գոտու սահմանային վարձավճարները չեն կարող գերազանցել ձեռներեցների շրջանառության 1.5 տոկոսի սահմանը:

Հանրային խորհուրդն իր առաջարկներն արդեն գրավոր ուղարկել է ՀՀ կառավարություն, որպեսզի դրանք նույնպես հաշվի առնվեն մինչև հուլիսի 1-ը կառավարության կողմից իրականացվելիք օրենսդրական կարգավորումների ընթացքում:

Այսպիսով, գործադիրը կարծես թե կարողացավ հանդարտեցնել օրեցօր ավելի սաստկացող բողոքի ալիքը, որը սպառնում էր առավել լայն շերտերի ներգրավում՝ ընդհանուր դժգոհությունների ֆոնին: Սակայն հարց է՝ նոր փոփոխությունները չե՞ն հանգեցնի բողոքի նոր ակցիաների, քանի որ կառավարությունը նախորդ փոփոխությունների ժամանակ էլ նպատակ չուներ վնասել տնետսվարողներին, ընդհակառակը. ինչպես տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ նշել էր Հովիկ Աբրահամյանը. «Մենք հո ձեր վատը չե՞նք ուզում»: Պարզապես կառավարությունը ցանկացել էր անել ավելի լավ բան, բայց ստացվել էր ինչպես միշտ:

Անի Գասպարյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: