Հայերեն   English   Русский  

Աթոռակռվի հետևանքները․ նավթով հարուստ Վենեսուելայում նավթամթերքի դեֆիցիտ է


  
դիտումներ: 1122

Վենեսուելայում նախագահի աթոռի համար պայքարը շարունակվում է։ Լատինաամերիկյան այս երկիրն արդեն 1,5 ամիս է, դե ֆակտո ունի երկու նախագահ։

Փետրվարի վերջին, երբ ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն հեռացավ երկրից՝ խախտելով երկրից չհեռանալու մասին դատարանի որոշումը, գործող իշխանությունները հայտարարեցին, որ կարող են վերադարձին ձերբակալել Գուայդոյին։ Եղան նաև վերլուծություններ, որոնց համաձայն Գուայդոն այլևս չէր կարողանա Վենեսուելա վերադառնալ, այդպիսով ընդդիմությունը կզրկվեր առաջնորդից, իսկ բողոքի ակցիաներն աստիճանաբար կմարեին։ Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Բացակայության 10 օրերի ընթացքում Խուան Գույդոն այցելել է Կոլումբիա, Էկվադոր, Բրազիլիա, Պարագվայ, Արգենտինա, հանդիպել այդ երկրների բարձրագույն ղեկավարության հետ, քննարկել Վենեսուելայում ստեղծված իրավիճակը։ Նա նաև Բոգոտայում մասնակցել է Լիմայի խմբի նիստին (աա անդրազգային կազմակերպություն է, որ ստեղծվել է 2017-ի օգոստոսին Վենեսուելայում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Խմբի կազմում են Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրների գերակշիռ մասը, ինչպես նաև Կանադան և Սենտ Լյուսիա կղզի-պետությունը)։ Գուայդոն առանց որևէ արգելքի Վենեսուելա է վերադարձել մարտի 4-ին՝ մասնակցելով Կարակասում տեղի ունեցած բողոքի ցույցին։ «Մենք վստահ ընթանում ենք ընտրված ճանապարհով։ Առայժմ տոնելու բան չունենք, սակայն կան բաներ, որոնց վրա կարող ենք աշխատել»,- հայտարարել է նա։

Նա նաև իր կողմնակիցներին կոչ է արել լայնածավալ բողոքի ակցիա կազմակերպել մարտի 9-ին: «Այն ողջ օգնությունը, որ մենք արդեն ստանում ենք և աջակցությունը, որի կարիքը դեռ ունենք, կախված է նրանից, թե արդյոք կշարունակենք փողոց դուրս գալ»,- գրել է Գուայդոն թվիթերի իր հաշվում։ Նա կոչ է արել իր կողմնակիցներին շարունակել պայքարը, մինչև որ նոր, ազատ ընտրություններ կհայտարարվեն։

Ինչո՞ւ չձերբակալվեց Գուայդոն Վենեսուելա վերադառնալիս

Այս հարցի պատասխանը միանշանակ չէ։ Վենեսուելայի գերագույն դատարանի վճռով՝ Խուան Գուայդոն չէր կարող լքել երկիրը։ Նա կարողացել էր սահմանը հատել զինվորականների աջակցությամբ, չնայած պաշտոնապես զինվորականությունը սատարում է Մադուրոյին։ Երբ պարզ դարձավ, որ վերադարձի պարագայում Գուայդոյին կարող են ձերբակալել, Մադուրոյի իշխանություններին հստակ ուղերձներ հղվեցին ԱՄՆ-ից։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը թվիթերի իր հաշվում խոստացել էր, որ ԱՄՆ-ն արագ կարձագանքի, եթե Գուայդոն ձերբակալվի։ «Խուան Գուայդոյի անվտանգ վերադարձը Վենեսուելա չափազանց կարևոր է ԱՄՆ-ի համար։ Ցանկացած սպառնալիք կամ բռնություն նրա նկատմամբ, ինչպես նաև վախեցնելու փորձ անթույլատրելի է։ Դրան կհետևի արագ արձագանքը։ Աշխարհը հետևում է իրադարձությունների զարգացմանը․ երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խուան Գուայդոյին պետք է հնարավորություն տրվի անվտանգ վերադառնալ Վենեսուելա»,- հայտարարել է Փենսը։

Իսկ ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորեց Գուայդոյին Վենեսուելա բարեհաջող վերադառնալու առթիվ։

Վերլուծաբանների կարծիքով՝ Գուայդոն չի ձերբակալվել նաև պատգամավորական անձեռնմխելիություն ունենալու պատճառով։ Ինչպես հայտնի է, Գուայդոն Վենեսուելայի խորհրդարանի խոսնակն է և ունի պատգամավորական անձեռնմխելիություն՝ անկախ այն բանից՝ Վենեսուելայի տարածքում է, թե դրանից դուրս։ Նրան ձերբակալելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանը Գուայդոյին զրկի անձեռնմխելիությունից։ Իսկ ընդդմիադիր խորհրդարանի պարագայում նման զարգացումն իրատեսական չէ։

Ընդդիմադիր առաջնորդին չձերբակալելու մեկ այլ պատճառ էլ կա․ նրա հնարավոր ձերբակալությունը կարող էր ցուցարարներին միավորող գործոն դառնալ։ Գուայդոն ինքն էլ է խոստովանել, որ իրեն ձերբակալելը կդառնար Մադուրոյի իշխանության «վերջին սխալը», քանի որ այդպիսով ազգաբնակչության մոբիլիզացիա տեղի կունենար։

Բանակցե՞լ, թե՞ ոչ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքով՝ ճգնաժամը Վենեսուելայում կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով։ Նա կոչ է արել քաղաքական հակառակորդներին բանակցությունների սեղանի շուրջ նստել։

Հարցումների համաձայն՝ այդ երկրի բնակչների 81 տոկոսը կողմ է, որ իշխանությունն ու ընդդիմությունը բանակցեն։

Ընդդիմադիրները, սակայն, որևէ բանակցությունից հրաժարվում են՝ պնդելով, որ ազատ ընտրությունների նշանակումն այլընտրանք չունի։ «Մենք այլևս երբեք չենք համաձայնի կեղծ երկխոսության, որտեղ էլ որ այն տեղի ունենա»,- հայտարարել է Գուայդոն։

«Վենեսուելական ընդդմիությունը շարունակ ցանկանում է, որ իր փոխարեն ամեն ինչ անեն։ Նրանք պարզապես ասում են ԱՄՆ-ին՝ հեռացրեք նախագահին, որ մենք կարողանանք իշխանության գալ։ Եվ նրանք մեծապես սխալվում են, քանի որ ռազմական ներխուժման պարագայում ռումբերը նաև իրենց տների վրա են ընկնելու։ Ուստի պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և լուծել վենեսուելացիների ներքին խնդիրները»,- հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։

Ու չնայած ճգնաժամի սկզբնական օրերին հաճախ էր հնչում տեսակետը, թե ԱՄՆ-ն կարող է զինված միջամտություն ունենալ ճգնաժամի հաղթահարման հարցում, ապա նման կանխատեսումները գնալով ավելի ու ավելի նվազում են։ Միջազգային ԶԼՄ-ներն, անգամ հղում անելով ԱՄՆ քաղաքական վերնախավի ներկայացուցիչներից անանուն աղբյուրին, պնդում են, թե ԱՄՆ-ն պատրաստ չէ նոր պատերազմի և այդ առումով հստակ ծրագրեր չունի։

Վերլուծաբանների կարծիքով էլ՝ նախորդ 1,5 ամիսը ցույց է տվել, որ Գուայդոն այն առաջնորդը չէ, որը կարող է զանգվածներին ոգեշնչել ու իր հետևից տանել։ Այդ իսկ պատճառով նա շարունակ ձգտում է ստանալ զինվորականների աջակցությունը։ Տեսակետ կա, որ եթե Մադուրոն մի քիչ դիվանագիտական խորամանկություններ բանեցնի, կկարողանա աստիճանաբար նվազեցնել Գուայդոյին սատարողների բանակը՝ նրան ի վերջո թողնելով մենակ։

նավթամթերքի դեֆիցիտ

Նոր ճգնաժամի սպառնալիքը

Մինչ երկիրը փորձում է հաղթահարել քաղաքական ու տնտեսական ճգնաժամը, առաջիկայում Վենեսուելային նոր ճգնաժամ է սպասվում վերամշակված նավթամթերքի դեֆիցիտի տեսքով։ ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում երկրի Պետական նավթային ընկերության ամերիկյան հաշիվները սառեցվել են, իսկ նրա ամերիկյան դուստր-ձեռնարկությունը՝ Citgo-ն, ԱՄՆ-ն սեփականացրել է։ Պատժամիջոցների հետևանքով Վենեսուելայից հեռացել են նաև նավթավերամշակող մի շարք ընկերություններ։ Այդ ամենի հետևանքով՝ նավթը, թեկուզ և փոքր ծավալներով, ընդերքից արտահանվում է, բայց չի վերամշակվում։ Եթե նախկինում Վենեսուելան կարողանում էր վաճառել չվերամշակված հումքը, ապա այժմ այդ հնարավորություններն էլ են սահմանափակ։ Այս ամենի պատճառով Վենեսուելայի ափերին արդեն իսկ 500 մլն դոլարի չվերամշակված նավթամթերք է ամբարված։ Դրան զուգահեռ՝ երկրում բենզինի և դիզվառելիքի մեծ դեֆիցիտ է։ Ներկայում երկրում գործող ընկերություններից մեկը վերամշակում է օրական 70 հազար բարել նավթ, մինչդեռ միայն Վենեսուելայի ավիացիան օրական 110 հազար բարել բենզին և 80 հազար բարել դրիզվառելիք է օգտագործում։ Ըստ կանխատեսումների՝ երկրում առկա վառելանյութի պաշարները կբավականացնեն մոտ 6 շաբաթ՝ մինչև ապրիլի կեսերը։

Վենեսուելայի իշխանություններն այս ընթացքում փորձում են նավթամթերքի սպառման նոր շուկաներ հայթայթել։ Մասնավորապես, աշխատում են ասիական երկրների և հատկապես Հնդկաստանի ուղղությամբ, որի վրա ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն տարածվում։ Հաջողություններ, սակայն, վենեսուելական կողմը դեռ չի արձանագրել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: