Հայերեն   English   Русский  

Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ


  
դիտումներ: 619

ԱԺ նախկին պատգամավորի պաշտպանական կողմը նրա կալանքը կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանները նրան կալանքի տակ պահելու հարցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Անկախ նրանից, որ Գրիգորյանը լուրջ հիվանդություններ ունի, նրան մինչ օրս կալանքի տակ են պահում։ Մենք այս կապակցությամբ մի քանի օր առաջ բողոք ենք ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատարանն արդեն կոմունիկացրել է մեր բողոքը», – նշեց Մկրտչյանը։

Եվրոպական դատարանը պաշտպանական կողմին մի քանի հարց է հասցեագրել, որոնց պատասխանները համապատասխան փաստաթղթերով արդեն ուղարկվել են ՄԻԵԴ։

Հայտնի է, որ նախկին պատգամավորը քաղցկեղ և շաքարախտ ունի։

2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան տարածքում կատարված խուզարկության արդյունքները:

2019թ–ի փետրվարի 14-ին ՀՔԾ–ն հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ավտոմեքենաներ, պահածոյացված սնունդ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: