Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայում կարգուկանոնն ապահովելու համար «դեղին ժիլետների» ցույցերի ժամանակ գործի կդնեն զինվորականների


Ինչպես հայտնել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն, ամրագրված կետերի և պաշտոնական հաստատությունների պահպանության համար կատարավելու է Sentinelle ջոկատների ուժեղացված մոբիլիզացում:


  
դիտումներ: 410

Ֆրանսիայի իշխանությունները որոշել են «դեղին ժիլետների» ցույցերի ժամանակ կարգուկանոնը պահպանելու նպատակով մարտի 23-ին գործի դնել զինվորականների, որոնք մասնակցում են հակաահաբեկչական Sentinelle («Ժամապահ») գործողությանը: Այդ մասին երեկ հայտնել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն նախարարների խորհրդի արդյունքների մասին ճեպազրույցի ժամանակ:

«Հանրապետության նախագահն այսօր առավոտյան հայտարարեց, որ ամրագրված կետերի և պաշտոնական հաստատությունների պահպանության համար կատարավելու է Sentinelle ջոկատների ուժեղացված մոբիլիզացում,- ասել է նա:- Մենք չենք կարող թույլ տալ, որ աննշան ագրեսիվ փոքրամասնությունը ավերի մեր երկիրը և փչացնի Ֆրանսիայի վարկն արտասահմանում»: Նա նաև հայտարարել է, որ բողոքի ցույցերի ժամանակ անվտանգությունն ապահովելու համար գործի կդրվեն անօդաչու թռչող սարքեր:

Գրիվոն խոստովանել է, որ ցույցերի 18-րդ ալիքի ժամանակ Փարիզում հնարավոր չեղավ խուսափել անկարգություններից: «Ցույցերի ժամանակ հրամանների սխալներ են թույլ տրվել, այդ պատճառով որոշակի որոշումներ են կայացվել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ «չի կարելի թույլ տալ, որ ջարդարարները հարձակվեն ժողովրդավարության, հանրապետության և նրա խորհրդանիշների վրա, բանկերի, ինստիտուտների և առևտրային կառույցների վրա»:

Կառավարության ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ցանկացած գործողություն՝ ուղղված ջարդարար գերարմատականների աջակցությանը, կգնահատվի որպես սադրանք: «Եթե դուք գալիս եք, ծափահարում եք, զորակցում եք, նկարում եք, ժպտում եք բռնության, հանցագործությունների, կողոպուտների, հրդեհումների կապակցությամբ, եթե կողմնակից եք, որ ծեծեն ոստիկաններին, ապա դուք այլևս ցուցարար չեք: Դուք սադրիչ եք»,- ասել է Գրիվոն:

Անկարգությունները Փարիզում

Մինչ այդ վարչապետը, հանդես գալով Մատինյոնի պալատում, հայտնել էր, որ երկրի իշխանությունները արգելելու են «դեղին ժիլետների» ցույցերը որոշակի թաղամասերում, եթե ցուցարարների շարքերում հայտնվեն գերարմատական ջարդարարները: Փարիզում այդ արգելքը վերաբերում է Ելիսեյան դաշտերին, Բորդոյում՝ Պեի Բեռլանի հրապարակին, Թուլուզում՝ Կապիտոլիումի հրապարակին:

«Դեղին ժիլետներ» շարժման 18-րդ ալիքը Ֆրանսիայում, ըստ ներքին գործերի նախարարության տվյալների, հավաքեց 32 հազար մարդ: Մայրաքաղաքում ցույցն ուղեկցվեց զանգվածային ավերածություններով և գերարմատականների ու ոստիկանության բախումներով: Բախումների էպիկենտրոնը դարձավ Ելիսեյան դաշտեր (Շանզելիզե) պողոտան, որտեղ ցուցարարները ավերեցին ու հրդեհեցին տասնյակ խանութներ, սրճարաններ, կրպակներ:

Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո լը Մերի տվյալներով՝ «դեղին ժիլետները» և նրանց հարող խուլիգանների խմբերը բազմաթիվ ցույցերի ընթացքում Ֆրանսիային 200 մլն եվրոյի վնաս են հասցրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: