Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ գիտենք Գոլանի բարձունքների կարգավիճակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին


  
դիտումներ: 1137

«52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն ճանաչի Իսրայելի լիակատար ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա,

որոնք ռազմավարական նշանակություն ունեն և կարևոր են Իսրայել պետության անվտանգության և տարածաշրջանի կայունության համար»,- գրել է մարտի 21-ին իր թվիրթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ի՞նչ են իրենցից ներկայացնում Գոլանի բարձունքները

Գոլանի բարձունքները հրաբխային ծագումով բարձրավանդակ է՝ 1,8 հազար քկմ մակերեսով, գտնվում է Սիրիայի հարավում և Իսրայելի հյուսիսում: Ընդ որում, 1949 թ.՝ Իսրայելի անկախության հռչակումից ի վեր երկու կողմերը մինչ օրս պատերազմական վիճակում են:

Արաբա-իսրայելյան 1947-1949 թթ. պատերազմի ավարտից հետո Իսրայելը և Սիրիան համաձայնագիր ստորագրեցին, որով հաստատվեց հրադադարի գիծը: Այդ ժամանակ Գոլանի բարձունքները դե ֆակտո Սիրիայի Կունեյթրա երկրամասին մի հատվածն էին:

Սակայն 1967 թ. Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը գրավեց Գոլանի բարձունքների տարածքի ավելի քան երկու երրորդը: Ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց թիվ 242 բանաձևը, որը կոչ է անում «դուրս բերել իսրայելական զինված ուժերը տարածքից, որը գրավվել է վերջին կոնֆլիկտի ժամանակ»:

Հերթական՝ 1973 թ. պատերազմից հետո («Դատաստանի օրվա պատերազմ») Սիրիան և Իսրայելը համաձայնագիր ստորագրեցին զորքերը տարանջատելու մասին: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունեց թիվ 350 բանաձևը, որով հիմնադրվում էին Միավորված ազգերի կազմակերպության ուժերը տարանջատմանը հետևելու համար:

Այն ժամանակվանից ի վեր Գոլանի բարձունքները բաժանվել են երեք մասի՝ տարածք, որ վերահսկում են Սիրիայի իշխանությունները, հողեր, որոնք գրավել է Իսրայելը, և շրջան, որտեղ տեղակայված են տարանջատմանը հետևող ՄԱԿ-ի ուժերը:

1981 թ. Իսրայելի խորհրդարանը 1981 թ. օրենք ընդունեց Գոլանի բարձունքների մասին՝ միակողմանիորեն հռչակելով ինքնիշխանություն գրավված տարածքների վրա: ՄԱԿ-ի ԱԽ-ն նույն թվականին այդ բռնակցումը չեղյալ համարեց (բանաձև 497):

Ի՞նչ ռազմավարական արժեք ունեն այդ բարձունքները

Գոլանի բարձունքները լավ զարգացած հիդրոաշխարհագրական ցանց ունեն: Այնտեղ տեղումներից գոյացած բազմաթիվ գետերն ու աղբյուրները հոսում են դեպի Հորդանան գետը և Գալիլեյի ծովը, որը Իսրայելի համար կարևոր խմելու ջրի աղբյուր է (որոշ տվյալներով՝ Իսրայելի օգտագործած ջրի մեկ երրորդը):

Իսկ 2015 թ. Գոլանի բարձունքներում նավթի հանք է հայտնաբերվել ենթադրյալ ավելի քան 1 մլրդ բարել ծավալով:

Միացյալ Նահանգների մոտեցումը

ԱՄՆ նախագահը կոչ է արել ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը: Ընդ որում, մարտի 22-ին պատասխանելով Fox Business հեռուստակայանի հարցին՝ Թրամփն ասել է, որ իր ձգտումը կապված է տարածաշրջանի անվտանգության, ոչ թե Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցելու ցանկության հետ:

Նույն օրը Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը թվիթերում գրել է, որ նախագահ Թրամփն «ամենաիսրայելամետ նախագահն է ԱՄՆ-ի ողջ պատմության մեջ»:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է ամերիկյան նախագահի անպատասխանատու արտահայտությունները Սիրիայի օկուպացված Գոլանի բարձունքների մասին»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը մարտի 22-ին տարածել է САНА գործակալությունը:

Հայտարարությունում նշվում է նաև, որ Թրամփի արտահայտությունները «հաստատում են ԱՄՆ-ի կույր հավատարմությունը Իսրայելին և նրա ագրեսիվ վարքագծի պաշտպանությունը»:

Մինչդեռ Իսրայելի վարչապետը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահին աջակցության համար «այն ժամանակ, երբ Իրանը մտադրվել է օգտագործել Սիրիային որպես Իսրայելը ոչնչացնելու հարթակ»:

Մյուս երկրների արձագանքը

«Նման կոչերը կարող են էապես ապակայունացնել առանց այդ էլ լարված իրավիճակը Մերձավոր Արևելքում»,- հայտարարել է լրագրողներին Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անօրինական և անընդունելի ճանաչումը չի փոխի այն փաստը, որ Գոլանի բարձունքները պատկանում են Սիրիային»,- ասել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին:

«Եգիպտոսը հաստատում է իր կոշտ դիրքորոշումն առ այն, որ սիրիական Գոլանները գրավված արաբական հողեր են»,- ասվում է երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ի՝ Իսրայելի գործողություններն արդարացնելու փորձերը, որոնք հակասում են միջազգային իրավունքին, կհանգեցնեն միայն բռնության և մարդկային տառապանքների աճին տարածաշրջանում»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Այն մասին, որ Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը կհակասի միջազգային իրավունքի նորմերին, հայտարարել են նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: