Հայերեն   English   Русский  

​Էրդողանը խոստացել է Այա Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնել


  
դիտումներ: 333

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կփոխեն Ստամբուլում գտնվող բյուզանդական Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) քրիստոնեական տաճարի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի:

Ինչպես հաղորդում է Hurriyet թերթը, Էրդողանն այս մասին հայտարարել է՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիայի քաղաքացիների համար այժմ թանգարանի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիայի մուտքը կարող է անվճար դառնալ:

«Հնարավոր է: Անհնար ոչինչ չկա, միանգամայն կարող է լինել: Ավելին, մենք այս խնդրով կարող ենք այնպես զբաղվել, որ դրա անունը արդեն ոչ թե թանգարան լինի, այլ՝ մզկիթ: Ինչպե՞ս են զբոսաշրջիկներն այցելում Սուլթանահմեթ մզկիթ, որևէ վճարում անու՞մ են: Ոչ: Այցելում են Սուլթանահմեթ, Սյուլեյմանիյե, Ֆաթիհ մզկիթներ: Նույն բանը Այա Սոֆիայի դեպքում կանենք, թանգարանի կարգավիճակից դուրս կբերենք: Առանց այդ էլ ավելի ուշ ժամանակաշրջանում է (1935 թ.) այդ կարգավիճակը տրվել: Դա էլ ԺՀԿ-ական (Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցություն-խմբ.) մտածողությամբ արված քայլ է: ԺՀԿ-ական մտածողությամբ արված այդ քայլը մենք կփոխենք»,- ասել է Էրդողանը:

Էրդողանն ավելացրել է նաև, որ այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ Թուրքիայում մարտի 31-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին և հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով: Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Այն միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում:

Իր ստեղծման օրվանից՝ 537-ից մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ.Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: Միայն 1204-1261 թվականների ընթացքում տաճարը խաչակիրների կողմից վերածվել է կաթոլիկ տաճարի: 1453 թվականի մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը: Այնուհետև այն աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան: Շուրջ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը մինչև 1520 թվականին կառուցվել է Սևիլյայի տաճարը:

Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: