Թուրքիայում հայտնաբերված հռոմեական շրջանի սարկոֆագը թալանված է եղել գանձախույզների կողմից
Իզնիքի այգեգործներից մեկն իր այգում պատահաբար հայտնաբերել է հողի տակ թաղված քանդակազարդ սարկոֆագը: Շրջանի թանգարանի մասնագետների պեղումների արդյունքում դուրս հանված սարկոֆագը թվագրվում է 3-րդ դարով:
Յոթ տոննա կշռող սարկոֆագը, սակայն, արդեն հարձակման է ենթարկված եղել գանձ որոնողների կողմից: Նշվում է, որ վերջիններս կոտրել են սարկոֆագի կափարիչի մի մասը և բացված անցքով ներս մտել ու թալանել այն:
Գեղեցիկ քանդակներով զարդարված սարկոֆագը տեղափոխվել է Իզնիքի թանգարան:
Թուրքիայում մեծ տարածում ունի այդտեղ ապրած քրիստոնեական ժողովուրդների ու հատկապես հայերի թաքցրած ոսկիները փնտրելու մոլուցքը:
Գանձախույզների կործանարար գործունեության հետևանքով ավերվել կամ անդառնալիորեն վնասվել են բազմաթիվ հայկական պատմական ու մշակութային հուշարձաններ, պղծվել են հայկական գերեզմանոցներ: