«Հասկանալի է, որ գյուղնախարարությունն իր գործունեությունը փայլուն չի կատարում, բայց արժե՞ այն գլխատել»․ Վարդան Համբարձումյան
Այս տեսանկյունից նա ճիշտ չի համարում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է Գյուղատնտեսության նախարարությունը միավորել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:
Ըստ Համբարձումյանի՝ գյուղատնտեսության ոլորտը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության քաղաքականությունը երբեմն իրար հակասող են, քանի որ գյուղոլորտի համար անհրաժեշտ ռեսուրսների, զարգացման ուղղությունների, ֆունկցիոնալ մրցունակության բարձրացնելու համար պետք է համագործակցային հենք, ինչը ոլորտում դասվել է որպես առաջնահերթություն։ Մինչդեռ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության քաղաքականությունն ազատական է, և փոխհարաբերությունների հիմքում ընկած է մրցակցությունը։
«Մեր երկրի համար անընդունելի է այս մոտեցումը,-կարծում է Համբարձումյանը,-ագրարային ոլորտում փոքր գյուղացիական տնտեսությունները կազմում են 92 տոկոս, և հողը մշակելը հիմնականում ապրելակերպ է, ոչ թե բիզնես (ԱՄՆ-ում անգամ գյուղատնտեսությունը 100 տոկոսով բիզնես չի)։ Եթե մտածում ենք, որ գյուղացին իր արտադրությամբ այսօր կարող է մտնել մրցակցային դաշտ, ապա չարաչար սխալվում ենք։ Ոլորտի արժեշղթայում որպես ամենաթույլ օղակ առաջին հարվածը կստանա հենց գյուղմթերք արտադրող գյուղացիությունը»։
Վարդան Համբարձումյանը հիշեցնում է, որ կառավարությունն ունի գյուղատնտեսությունը կոոպերացիայի միջոցով զարգացնելու առաջնահերթություն, իոկ կոոպերացիայում փոխհարաբերությունները ոչ թե մրցակցային են, այլ համագործակցային։
Կոոպերացիայի մասին խոսելիս զրուցակիցս նկատում է, որ դրա գաղափարը շատերը սխալ են ընկալում։ «Մարդիկ խոշորացումը պատկերացնում են որպես արտադրական միջոցների խոշորացում՝ հող, անասնագլխաքանակ, աշխատուժ և այլն, այսինքն վերադարձ դեպի կոլխոզային համակարգ կամ էլ կենտրոնացում մասնավորի ձեռքում, որը կընկալվի իբրև մոնոպոլացում։ Երկու տարբերակներն էլ սխալ են ու վտանգավոր»։
Փոխարենը Վարդան Համբարձումյանը կոոպերացիան դիտարկում է իբրև արտադրությանը օժանդակող միջոցների կոնսոլիդացում, օրինակ՝ ընդհանուր տեխնիկայի շահագործում, ընդհանուր նյութամատակարարում (սերմեր, պարարտանյութեր, կաթիլային ոռոգման համակարգ և այլն), ընդհանուր խորհրդատվական ծառայություն և շահերի պաշտպանություն, շուկայահանում, արդյունավետ կառավարում և այլն։
«Այս ամենը մեկ գյուղացու համար անհասանելի է, բայց ընդհանուր ուժերով հնարավոր է իրականացնել և արդյունք ստանալ»։
Համբարձումյանը նաև նշում է, որ նման կոոպերացիաների դրական փորձ Հայաստանուն կա․ «Օրինակ, մեր ֆեդերացիայում ընդգրկված է 23 նման կոոպերացիա, և մենք 2009 թվականին սա ներկայացրել ենք միջազգային հարթակում՝ իբրև աշխարհում դրական ու հաջողված փորձ»։
Ինչ վերաբերում է պետության կողմիցգյուղատնտեսության սուբսիդավորմանը, Համբարձումյանը կարծում է, որ ավելի արդյունավետ կլինի, եթե պետությունը սուբսիդավորումը տարածիարտադրված արտադրանքի արժեքի, այսինքն արդյունքի վրա։ «Ենթադրենք, ես կաթ եմ արտադրում, վաճառում 120 դրամով, ամեն մի լիտրի համար պետությունը ինձ տա մոտ տաս-տասնհինգ տոկոս սուբսիդավորում։ Բնականաբար, եսշահագարգռված կլինեմ ավելի շատ կաթ արտադրել։ Նույնն էլ բանջարաբոստանային կուլտուրաների դեպքում»։
Կաթիլային ոռոգման մասին։ Վարդան Համբարձումյանն ասում է, որ կաթիլային ոռոգում Հայաստանում 15-20 տարի է գոյություն ունի, շատերն են կիրառում, սակայն համատարած օգտագործում իրականումհնարավոր չէ։
«92 տոկոս գյուղատնտեսության հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսական այնպիսի կուլտուրաներով, որոնք կաթիլային ոռոգման համակարգով հնարավոր չէ ոռոգել՝ հացահատիկ, առվույտ, խոտհարք, ծերացած այգիները, որոնք 3 տարուց բարձր են և այլն։ Այդ այգիների արմատային համակարգը ձևավորված է, և եթե սկսենք կաթիլային ոռոգման համակարգ կիրառել, այգիները սթրեսի կենթարկենք, իսկ ոչ մի գյուղացիական տնտեսություն չի ուզենա առնվազն 2 տարի բերք չունենալ»։
Համբարձումյանը դեմ չէ գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառմանը, ինչը կբերի խնայողություն, արդյունավետություն, բայց չի ուզում նաև, որ մարդիկ գյուղատնտեսության փրկությունը համարեն կաթիլային համակարգի ներդրումը։ «Դա մեր ագրարային ոլորտի համախառն ներքին արդյունքի մեջ այնքան չնչին տոկոս է կազմում, որ պետք չէ մտածել, թե մենք դրանով գյուղատնտեսության ոլորտում գլոբալ հարց ենք լուծում»։
Վերադառնալով զրույցի սկզբնական թեմային՝ Կառավարության կառուցվածքի փոփոխությանը, Վարդան Համբարձումյանը հասկանալի և ընդունելի է համարում պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելուկառավարության մտադրությունը։ Միաժամանակ կարծում է, որ պետական համակարգի օպտիմալացումը կամ արդյունավետության բարձրացումը պետք է սկսել առաջին հերթին նախարարությունների ներքին կառուցվածքներում կատարվող փոփոխություններից: «Հասկանալի է, որ գյուղնախարարությունն իր գործունեությունը փայլուն չի կատարում, բայց արժե՞այն գլխատել»։
Նա ընդունելի չի համարում նաև, որ օպտիմալացման անվան տակ փոփոխություններն իրականացվում են ընտրանքային եղանակով։ «Փոփոխությունները պետք է իրականացնել ամբողջ պետական կառավարման համակարգում, բոլոր լիազոր մարմինների ընդգրկումով»։
Նաև կարծում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է կառավարության որոշմամբձևավորել համապատասխան հանձնաժողով և կառավարման արդյունավետության խնդիրները խորությամբ ուսումնասիրել՝ հստակեցնելով և խստագույնս տարանջատելով պետական կառույցների գործառույթները։
«Այդ հանձնաժողովին պետք է հանձնարարվի նաև ներկայացնել կառավարման կառուցվածքի վերաբերյալ առաջարկություններ և հիմնավորումներ, որից հետո առաջարկները դնել հանրային քննարկման և հաշվի առնել օրենքները փոփոխելիս»։
Նա հրատապ է համարում նաև գյուղատնտեսության ոլորտի օրենսդրության, ծրագրավորման ամբողջականացումը, ինչը կտա բազմաթիվ հարցերի պատասխաններ։
«Գյուղատնտեսությունն ապրելակերպ է՝ զետեղված մշակույթով ու ավանդույթներով, ինչպես նաև պարենային անվտանգության ապահովմամբ»,-ասում է Վարդան Համբարձումյանը:
Այս խնդիրների և առաջարկների վերաբերյալ Համբարձումյանը Հանրային խորհրդի Գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի անունից նանակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակը վերահասցեագրվել է Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններ՝ որպես ի գիտություն։