Հայերեն   English   Русский  

​Յուրաքանչյուր Աստծո օր փորձում եմ տրամադրել ինձ` տեսնել գոնե մի դրական բան Փաշինյանի գործունեության մեջ.Շարմազանով


Ֆբ գրառում


  
դիտումներ: 460

Ու ամեն Աստծո օր հենց ինքը՝ Փաշինյանը, իր անհեթեթ հայտարարություններով քար է գցում իմ այդ ջանքերի վրա:

Այսօր Նիկոլը հանդես է եկել հերթական կենացով: Ասում է՝ հարգանքը Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ում ավելացել է, և Հայաստանը ՀԱՊԿ- ում անհաջողություն չի կրել:

Եվ ուրեմն…Որպես ՀԱՊԿ ԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար՝ նշեմ, որ մեր մեծ ջանքերի գնով Հայաստանի ներկայացուցիչը ընտրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Մինչև 2020 թվականի ավարտը այդ պաշտոնը պատկանում էր ՀՀ-ին: Բայց Նիկոլի իշխանությանը «շատ հարգող» ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների ղեկավարները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտոնապես հայտարարել են Բելառուսի ներկայացուցչին սատարելու մասին:

Կրկնում եմ՝ չնայած Հայաստանի ժամկետը չի սպառվել, բայց Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը հրապարակային սատարում են ոչ թե Փաշինյանի ներկայացրած թեկնածուին, այլ Լուկաշենկոյի ներկայացրած Զասին:

Ու սրանից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնին բազմած Փաշինյանը ասում է՝ մեզ ավելի շատ են հարգում, ու Հայաստանը անհաջողություն չի կրել:

Համեմատության համար ասեմ, որ մեր իշխանության շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ-ի համար ամենակարևոր բարեփոխումներն ու որոշումներն ընդունվել են Սերժ Սարգսյանի կառավարման և Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահելու ժամանակահատվածում:
Արդյունքում էլ՝ Հայաստանի ներկայացուցիչը միաձայն ընտրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Սա ես չէ, որ ասում եմ, այլ հենց ՀԱՊԿ այն ժամանակվա ղեկավարը: Հարգանքը դրական արդյունքով է երևում, որն այսօր բացակայում է:

Հ. Գ. Էն որ ասում են՝ նահանջ երգով, լրիվ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: