Հայերեն   English   Русский  

Փաշինյանի կինն Ալիևի կնոջ հետ նույն օդանավում չի եղել. մամուլի քարտուղարը հերքում է լուրը


  
դիտումներ: 573

Աննա Հակոբյանը ԱՄՆ–ում է։ Տեղեկություններ են տարածվել, թե նա և Ադրբեջանի նախագահի կինը ԱՄՆ են մեկնել նույն ինքնաթիռով։

Նիկոլ Փաշինյանի տիկնոջ մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը հերքում է ԶԼՄ–ներում և սոցանցերում տարածված լուրը, թե Աննա Հակոբյանն ԱՄՆ է մեկնել այն նույն ինքնաթիռով, որում եղել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը` Մեհրիբան Ալիևան։

«Նման բան չկա, հերքում եմ միանշանակ, Աննա Հակոբյանն ԱՄՆ Փարիզով չի մեկնել»,– Sputnik Արմենիային այս մասին ասաց Հասմիկ Հարությունյանը։

Նշենք, որ ԶԼՄ–ներում և սոցանցերում տարածվում է Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ, որում նշված է, թե Հակոբյանն ու Ալիևան նույն ինքնաթիռով են Փարիզից մեկնել ԱՄՆ, ընդ որում` նրանք իրար կողք են նստած եղել։

Հակոբյանն ԱՄՆ է մեկնել ապրիլի 1-ին։ Նրան ուղեկցում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Ըստ ավելի վաղ հրապարակված հաղորդագրության` նախատեսվում է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ Կոնգրեսի գրադարան և հանդիպում կին կոնգրեսականների հետ: Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում հանդիպում կունենա «Կարնեգի» հիմնադրամում, կմասնակցի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության 25-ամյակին նվիրված միջոցառմանը, բարեգործական մի շարք ընթրիքների, կունենա երկկողմ հանդիպումներ, որտեղ կներկայացնի երկու հիմնադրամների գործունեությունն ու ծրագրերը:

Աննա Հակոբյանը կայցելի նաև Մեմֆիս քաղաքի Սուրբ Հուդայի անվան հիվանդանոց, որտեղ կստորագրվի հուշագիր ST Jude (Սուրբ Հուդայի) մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: