Հայերեն   English   Русский  

​Անհրաժեշտությու՞ն, թե՞ ժամանակի կորուստ...


  
դիտումներ: 4182

Ապրիլի 4-ն աշխարհում նշվում է որպես Համացանցի միջազգային օր:

Թեմային համահունչ զրուցել ենք տարբեր մասնագիտությունների և տարիքի մարդկանց հետ՝ հասկանալու համար, թե համացանցն ինչ նշանակություն ունի նրանց կյանքում և ինչ դրական ու բացասական կողմերով է առանձնանում:

Մարիամ Կանայան - «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական ղեկավար, 36 տարեկան

-Ես համացանցից օգտվում եմ շատ վաղուց։ Եթե ուսանողական տարիներին այն անհրաժեշտ էր մասնագիտական տեղեկություններ քաղելու համար, այսօր արդեն աշխատանքս առանց դրա հնարավոր չէ պատկերացնել։ Բայց համացանցը նման է հոսող աղբյուրի, որից, ինչքան էլ ծարավ լինես, չես կարող ամբողջը խմել։ Համացանցից օգտվողը պետք է համապատասխան ինքնատիրապետում ունենա, որ կարողանա պաշտպանվել՝ տուրք չտալով ավելորդ ինֆորմացիոն հոսքերին, որ սաստիկ ճնշում են և աղմուկ ստեղծում։ Համացանցից օգուտ քաղելու համար պետք է հետևել կոնկրետ կայքերի՝ համոզված լինելով դրանց տեղեկատվության ճիշտ և օգտակար լինելու մեջ, հակառակ դեպքում համացանցը դառնում է ժամանակի կորուստ և ուղեղի ավելորդ ծանրաբեռնվածություն, մանավանդ որ սոցկայքերում ամեն գնով կարծիք հայտնելը մոլուցքի է վերածվել:

Ես օգտվում եմ տարբեր մասնագիտական կայքերից, էլեկտրոնային նամակագրություն եմ պահում և գրանցված եմ սոցիալական կայքերում՝ հարազատներիս հետ կապը պահելու համար:

Համացանցի ամենաընդգծված բացասական կողմը մեր կյանքի ժամանակի արագացումն է։ Օրինակ՝ երբ տարիներ առաջ անհրաժեշտ էր լինում իրագործել որևէ մասնագիտական նախագիծ, մենք դա անում էինք, ասենք, մեկ շաբաթվա ընթացքում, իսկ այսօր նույն այդ գործը կարելի է ավարտել երկու օրում։ Այդ արագությունը հանգեցնում է մտավոր ու ֆիզիկական հոգնածության, լարվածության՝ ազդելով մարդկային կյանքի բոլոր ոլորտների վրա ։

Մեր օրերի պահանջներից չի բխում ընդհանրապես համացանցից հրաժարվելը, բայց օգտվելիս էլ պիտի կարևորել սեփական ժամանակը՝ տարբերակելով կեղծ և իրական տեղեկատվությունը:

Վահան Մարդյան- ստոմատոլոգ, 32 տարեկան

-Համացանցը տեղեկատվություն ստանալու միջոց է, շփման հնարավորություն, բայց միևնույն պահին ժամանակդ խլող, կախվածություն առաջացնող չարիք: Վերջին տարիներին ինձ վրա եմ զգացել՝ ինչպես եմ օրական մի քանի ժամ զուր վատնում սոցիալական կայքերում: Նաև վատ է, որ հաճախ չգիտես՝ կարդացածդ նյութը որքանով է համապատասխանում իրականությանը: Անհրաժեշտ է հասկանալ՝ երջանիկ լինելու համար ինֆորմացիան պարտադիր պայման չէ. բնության գրկում էլ են մարդիկ իրենց լավ զգում: Ցավում եմ, որ համացանցը հաճախ փոխարինում է նաև իրական շփումներին:

Ես համացանցից վերցնում եմ տեղեկատվություն, կարդում տարաբնույթ հոդվածներ, հետևում քաղաքական ու հոգևոր անցուդարձին:

Հաճախ մարդիկ համացանցը դարձնում են իրենց երազանքների արտահայտիչ, բայց ամբողջը՝ կեղծ, որովհետև այդ կյանքով չեն ապրում: Դրա համար էլ մարդկանց մաղթում եմ իրական կյանք, կենդանի շնչառություն, որ զոհ չգնան համացանցի լավ մտածված խարդախություններին:

Ելենա Գյուլմիսարյան- Երևանի թիվ 112 ավագ դպրոցի փոխտնօրեն, 45 տարեկան

-Ինձ համար համացանցը գիտելիքի աղբյուր է, բայց և չարիքի մեծ տոկոս ունի իր մեջ, մանավանդ երեխաների համար, որովհետև նրանց քայլերը համացանցում գրեթե անվերահսկելի են: Էլ չեմ ասում, թե ենթագիտակցության վրա ինչ բացասաբար է ազդում այդ ամենը: Նրանցից շատերը ուշադրության կենտրոնացման խնդիր ունեն: Անգամ սեփական երեխայիս մեջ եմ այդ կախվածությունը տեսնում: Ինչ վերաբերում է մեծահասականերին, նրանք էլ հաճախ այդքան մեծ տեղեկատվություն ստանալու արդյունքում դառնում են ցրված, մոռացկոտ: Դրա համար մարդը պիտի իմանա՝ կոնկրետ ինչու է մտնում համացանց, ոչ թե բացի սոցկայքերն ու միայն երեկոյան հասկանա, որ օրն անցավ անիմաստ: Ինքս էլ երբեմն ժամանակի կորուստ ունենում եմ, բայց ավելի հաճախ գրքեր եմ կարդում, տարբեր համերգներ լսում, ծանոթանում ավեստի բնագավառի վերջին նորություններին: Ուստի բոլոր համացանցից օգտվողներին մաղթում եմ չափավորություն:

Միքայել Կարախանյան – Ucom ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար, 41 տարեկան

-Ցանկալի կլիներ, որ համացանցը գիտելիքի աղբյուր լիներ, բայց, ցավոք սրտի, հատկապես սոցկայքերն ավելի շատ բացասական ազդեցություն են թողնում, քան դրական՝ վերածվելով հիվանդության:

Համացանցից ես օգտվում եմ թե´ անմիջականորեն գործի բերումով, թե´ գործից դուրս, որովհետև համացանցը տեղեկատվության լայն դաշտ է ինձ համար: Սովորություն ունեմ անծանոթ որևէ բնագավառ համացանցի օգնությամբ լավ ուսումնասիրել և լինել ինֆորմացված: Բայց ես ունեմ չորս զավակ ու զգում եմ, որ նրանց համար համացանցն ավելի շատ բացասական երևույթ է, քանի որ տեղեկատվության աղբյուրից սահուն վերածվել է ժամանցի միջոցի: Այդ պատճառով այժմ երեխաներս խիստ սահմանափակ են օգտվում համացանցից:

Ուզում եմ, որ մարդիկ այդ տիրույթն օգտագործեն իր բուն նպատակով, իր ստեղծման բնույթին համապատասխան:

Սուսաննա Իսաջանյան-Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հ/կ-ի նախագահ, 53 տարեկան

-Համացանցը սկզբում գիտելիքի և տեղեկատվության աղբյուր էր, հիմա դարձել է չարիք: Ամեն ինչ խառնվել է իրար. կեղծն իրականից չես տարբերում: Սոս Սարգսյանն էր ասում՝ ինչպե՞ս կարելի է այսքան դաժանություն ցույց տալ, հետո սպասել, որ լավ սերունդ մեծանա: Թե´ հեռուստատեսությունը, թե´սոցիալական կայքերը ողողված են դաժան լուրերով, ցածրաճաշակ երաժշտությամբ, անիմաստ հումորային հաղորդումներով:

Առաջ շատ էի օգտվում համացանցից, հիմա՝ ոչ. հոգնել եմ արդեն այդ տիրույթից: Այսօր այն միայն տեղեկատվության աղբյուր է ինձ համար. բացում եմ, ստանում անհրաժեշտ տեղեկություններ, ստուգում նամակները և փակում: Ես գերադասում եմ իրական շփումը: Բացի դրանից՝ այնքան գերզբաղված եմ առօրյա հոգսերով, որ ուղղակի ժամանակ չունեմ համացանցում լինելու: Նաև հաճախ մտածում եմ՝ իմ երիտասարդության տարիներին, որ գրադարան էինք գնում, ներկայացում էինք խաղում, սովորական հեռախոսով էինք խոսում, ի՞նչ վատ էր: Մեր կյանքը դուրս է եկել իր հունից: Ժամանակին չկային այսքան հայրասպան ու մայրասպան երեխաներ, ինքնասպան լինող մարդիկ և այլն: Դրա համար հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ լույս չեմ տեսնում, ցավոք:

Վիգեն Շամիրյան – սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, 40 տարեկան

-Ես քիչ եմ օգտվում համացանցից և առավելագույն փորձում եմ տնտեսել իմ ժամանակը՝ օգտագործելով ընտանիքիս ու մտերիմներիս հետ շփման համար: Համացանցի մեջ ավելի շատ հասարակական վտանգ եմ տեսնում, քան օգուտ: Այն, իհարկե, տարաբնույթ գործունեություն ծավալելու մեծ հնարավորություններ է տալիս (ինֆորմացիայի փոխանցում, ծառայությունների մատուցում, համագործակցություն, մասնագիտական քննարկումներ և այլն), բայց կեղծիքն էլ է շատ, ինֆորմացիայի տարածումն է անվերահսկելի, հեղինակային իրավունքներն են հաճախ ոտնահարվում, վտանգավոր քարոզչությունն է շատ, երբեմն էլ կառավարման տեսանկյունից պրոցեսներն այնպես կարող են դուրս գալ վերահսկողությունից, որ չկարողանաս կանխել վտանգավոր հետևանքները:

Ես համացանցում որոնում եմ մասնագիտական նյութեր, e-mail-ից եմ օգտվում, տարբեր տեսահոլովակներ ու ֆիլմեր եմ դիտում, պարբերաբար հետևում եմ հիմնականում տեղական լուրերին: Սոցցանցերից բացարձակ չեմ օգտվում:

Համացանցից օգտվողներին մաղթում եմ խելամտորեն օգտագործել այդ թանկարժեք գործիքը՝ խուսափելով կախվածությունից, և օգտվել ոչ միայն ի նպաստ սեփական պահանջմունքների բավարարման ու հաջողությունների ձեռքբերման, այլև չոտնահարել ուրիշների իրավունքները, պահպանել փոխադարձ հարգալից հարաբերություններ:

Արմինե Մելքոնյան–Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող, 35 տարեկան

-Համացանցը ինֆորմացիոն մեծ հարթակ է, առանց որի մեր օրերում ուղղակի անհնար է: Բայց երբ վատնում ես ժամանակդ, տարվում ես վիրտուալ կյանքով, դրանից դուրս ուրիշ հետաքրքրություններ չես ունենում, այն արդեն դառնում է չարիք: Այսինքն՝ ոչ թե համացանցն է չարիք, այլ դրանից օգտվելու ձևերը:

Լինելով ազատ հարթակ՝ համացանցը բարձրաձայնում է ամենատարբեր հարցեր, որոնք հաճախ վատ են անդրադառնում մարդկանց ներաշխարհի վրա: Բայց մյուս կողմից էլ մտածում ես՝ լավ է, որ տեղեկանում ես բացասական երևույթների մասին, որովհետև դա հետագայում օգնում է պաշտպանվել: Ուղղակի այդ ողջ բացասական հույզերը սկսում ես կրել քո ներսում:

Ես երկար տարիներ է՝ օգտվում եմ համացանցից, և այն շատ է օգնում հատկապես մասնագիտական գրականության առումով: Համացանցը նաև բավական արագացրել է շատ գործողություններ, ինչը ևս նպաստավոր է:

Տիգրան Առաքելյան -«Հայ կառուցողական կուսակցության» հիմնադիր խորհրդի անդամ, 34 տարեկան

Համացանցը տեղեկատվական, լրատվական աղբյուր է, օգտակար է գործնական հարաբերությունների հետ կապված հարցերում, ապահովում է հարազատական, ընկերական շփում և այլն: Ամեն ինչ շատ հաճախ պայմանավորված է նրանով, թե ինչպես ենք այն օգտագործում: Այսօր իմ դուստն էլ է համացանցից օգտվում՝ խաղալով շախմատ, ինչն անմիջապես դասի հետ է առնչվում, սովորում է տարբեր բանաստեղծություններ, և ինչու ոչ, օգնում է տատիկին գտնել տարբեր բաղադրատոմսեր ու շփվել դրսում գտնվող հարազատների հետ: Բայց ես անհանգստանում եմ՝ հետագայում ինչպես եմ կարողանալու վերահսկել նրա քայլերը համացանցում, որովհետև տեղեկատվական աղբն այնքան շատ է, որ ուղղակի հնարավոր չէ խուսափել դրան չբախվելուց: Նաև համացանցում շատ են կեղծ լուրերը, հատուկ մարդկանց լարվածության մեջ պահելուն նպաստող ինֆորմացիաները և արդեն չարիք դարձած խոսքի ազատությունը:

Ես օգտվում եմ էլեկտրոնային գրադարաններից, Վիքիպեդիայից, էլեկտրոնային փոստից, ինչպես նաև ընտանիքով միասին ֆիլմեր ենք դիտում:

Եթե կարողանանք համացանցով անել այն, ինչը չի բարդացնի մեր կյանքը, չի չարացնի մեզ, էլի լավ կլինի: Ուղղակի երբեմն էլ արժե հրաժարվել համացանցից՝ զգալով իրական կյանքի վայելքները, որովհետև այն, ինչքան էլ հեշտացնում է շփման տարբերակը, որոշակիորեն հեռացնում է անմիջականությունից, ինչն անձնական դեգրադացիա է մեծերի համար, աճող սերնդի համար էլ՝ չարիք:

Արփի Խաչատրյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: