Հայերեն   English   Русский  

​Նաթանյահուն խոստացել է բռնակցել Հորդանանի արևմտյան ափի տարածքները


  
դիտումներ: 445

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն նախընտրական հեռուստահարցազրույցում խոստացել է անեքսիայի ենթարկել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող այն պաղեստինյան տարածքները, որոնք բնակեցված են հրեաներով:

Պաղեստինցիները, որոնց համակի է միջազգային հանրության մեծ մասը, պահանջում են Իսրայելից վերադարձնել ամբողջ արևմտյան ափը արդեն իսկ բռնակցված Արևելյան Երուսաղեմի հետ միասին՝ այնտեղ, ինչպես նաև Գազայի հատվածում սեփական անկախ պետությունը ստեղծելու համար:

«Ես Երուսաղեմը չեմ կիսի, ես ոչ մի բնակավայր չեմ զիջի, ես հոգ կտանեմ, որ մենք պահպանենք վերահսկողությունը Հոդանան գետից արևմուտք ընկած հողերի վրա: Կանցնե՞նք մենք հաջորդ փուլին: Պատասխանը՝ այո, ես պատրաստվում եմ կիրառել [Իսրայելի] ինքնիշխանությունը [այդ բնակավայրերի նկատմամբ]»,- մեջբերում է Նաթանյահուին Իսրայելի 12-րդ ալիք հեռուստատեսությունը:

Ի տարբերություն Գոլանի բարձունքների և Արևելյան Երուսաղեմի, որոնք նվաճվել են 1967 թ. և հետագայում բռնակցվել, Իսրայելը մինչ օրս իր ինքնիշխանությունը չի տարածել Արևմտյան ափի բնակավայրերի վրա, որտեղ ապրում են իր հայուրհազարավոր հրեա քաղաքացիները:

«Ես տարբերություն չեմ դնում բնակեցված հատվածների և առանձին բնակավայրերի միջև: Յուրաքանչյուր բնակավայր իսրայելական է, և մեր՝ Իսրայելի կառավարության վրա է ընկնում պատասխանատվությունը դրանց համար»,- ասել է Նաթանյահուն:

Երեքշաբթի Իսրայելում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և Նաթանյահուն հույս ունի դրանց արդյունքներով չորրորդ անգամ անընդմեջ և իր կարիերայի ընթացքում հինգերորդ անգամ կառավարություն ձևավորելու և գլխավորելու իրավունք ստանալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: