Լիլիթ Պողոսյան. «Ուղեգրի նվաճումը աշխատասիրության ու նպատակասլացության արդյունքն էր»
Հայաստանի առաջատար բաթդմինթոնիստուհի, ՀՀ բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը մենախաղերին մասնակցող 32 մարզուհիների թվում է։
Բադմինթոնիստների դասակարգման աղյուսակում առաջադիմելու, խաղամակարդակն օր օրի բարձրացնելու, մրցաշարերում հանդես գալու իրավունք ձեռք բերոլու և երազանքների իրականացման համար հայ մարզուհին դժվարություններով լի, բայց և նպատակաուղղված ճանապարհ է անցնում, ինչի մասին կիսվում է Անկախի հետ զրույցում:
-Շնորհավորում ենք Ձեզ Եվրոպական խաղերում հանդես գալու իրավունք նվաճելու առիթով: Շուրջտարի ծանրաբեռնված գրաֆիկով մարզվում եք և մրցաշարերի մասնակցում:
-Շնորհակալ եմ: Չափազանց հետաքրքիր, փորձություններով լի ու գժական տարի եմ ունեցել։ 15 երկրներում եմ եղել և մրցաշարերի մասնակցել։
Դժվարություններ անընդհատ եղել են, բայց ամեն դեպքում միշտ շարունակել եմ պայքարել։ Մի կողմից վնասվածքներս հանգիստ չեն տվել, մյուս կողմից` երբեմն հոգեբանորեն շատ ճնշված եմ մտել կորտ ու լավ հանդես չեմ եկել։
Բայց այս ամենի միջով անցնելուց հետո աստիճանաբար լավացրել եմ խաղամակարդակս։ Հիմա արդեն այդ բոլոր փորձությունների արդյունքում հոգեբանորեն կոփվել եմ ու գտնում եմ, որ մեկ քայլ առաջ եմ գնացել։
-Ձեր ձեռքբերումները բավական համեստ եք գնահատում, այնինչ, կարելի է ասել, ոչ թե քայլում, այլ թռչում եք:
-Ամեն հաղթանակից կամ լավ ելույթից հետո ավելի մեծ ոգևորությամբ եմ շարունակում հանդես գալ ու ինձ ավելի վստահ եմ զգում հետագա մրցաշարերում։ Արդեն չեմ կասկածում, որ սա է հենց իմ ընտրած ուղին` իմ մասնագիտությունը, որտեղ մեծ բարձունքների հասնելու համար անընդհատ պիտի աշխատեմ ինքս ինձ վրա։ Հետևաբար` ամեն լավ ելույթից հետո մեծ մոտիվացիա եմ ստանում հարվածներս կատարելագործելու ու խաղամակարդակս բարձրացնելու համար։
-Տարվա սկզբից մի շարք միջազգային մրցաշարերի եք մասնակցել. ի՞նչ մարզավիճակում եք:
-Տարին սկսեցի Շվեդիայի ու Իսլանդիայի միջազգային մրցաշարերով։ Երկուսում էլ բավականին լավ հանդես եկա: Հավասար պայքարից հետո պարտվեցի երկու խաղերում էլ, բայց զգում էի, որ աճ կա։ Կարող եմ ասել, որ արդեն խաղս ստացվում է, շատ չեմ ընկճվում ու հիասթափվում, այլ պայքարում եմ, նույնիսկ եթե անհաջող օր եմ ունենում։
Այս նույն տակտիկայով խաղացի նաև Իրանի մրցաշարում։ Գիտեի, որ առաջին փուլը հաղթելուց հետո 99 տոկոսով եվրոպական խաղերի ուղեգիր կնվաճեմ։ Ծանր պայքար էր, բայց փոխված մտածելակերպս օգնեց ու հաղթեցի, չնայած այդ խաղում ստացած ոտնաթաթի վնասվածքից հետո արդեն 2 ամիս է` չեմ կարողանում լիարժեք մարզվել։
Հիմա աստիճանաբար վերադառնում եմ կորտ։ Բայց մինչ այդ էլ, երբ լիարժեք չէի կարողանում շարժվել, աշխատում էի թույլ կողմերս` ֆիզիկական ու տեխնիկական պատրաստվածություններն ուժեղացնելու վրա։ Հիմա արդեն մնում է կորտում շարժվելը, ու ես հավատում եմ, որ շուտով հազար անգամ ավելի ուժեղ եմ վերադառնալու։
-Եվրոպական խաղերում հանձին Ձեզ` Հայաստանը բադմինթոնից առաջին անգամ ներկայացուցիչ կունենա: Պատասխանատվություն կա՞ այս առումով:
- Գիտեմ, որ շատ մեծ պատասխանատվություն կա։ Բայց նաև գիտեմ, որ ես ինքս իմ աշխատանքով եմ հասել դրան։ Ոչ մեկ ինձ չի խնդրել պայքարել եվրոպական խաղերի ուղեգիր նվաճելու համար։ Ես ինքս եմ որոշել տեղափոխվել Դանիա ու մարզվել այնքան, մինչև իմ լավագույն խաղը կկերտեմ ու կպայքարեմ աշխարհի լավագույնների դեմ։ Իսկ այս ուղեգիրը հենց այդ աշխատասիրության ու նպատակասլացության արդյունքն էր։ Դրա համար պատասխանատվության վրա ուշադրություն չեմ դարձնում։ Այն, որ Հայաստան անունը եվրոպական բադմինթոնում հայտնի եմ դարձնում, դա արդեն ինձ համար մեծ պատիվ է։
-Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք մասնակցելու:
-Հիմա աստիճանաբար վերադառնում եմ կորտում մարզումներիս ու հավանաբար մայիսին լիովին պատրաստ կլինեմ` նորից միջազգային մրցասպարեզում հանդես գալու։ Մայիսին երեք մրցաշար ենք նախատեսել` Դանիայում, Գերմանիայում ու Լատվիայում։ Հունիսին` Լիտվայում, իսկ դրանից հետո կվերադառնամ Հոլբեկ ու կմարզվեմ մինչև եվրոպական խաղերը։