Հայերեն   English   Русский  

Պուտինն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական գազի գնի շուրջ (տեսանյութ)


  
դիտումներ: 358

Ապրիլի 8-ին Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած հանդիպումից հետո կողմերը լայնածավալ մամուլի ասուլիս են տվել։

Ինչպես հայտնի է, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման շրջանակներում մասնակցել են ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ քննարկվել են էներգետիկ, տնտեսական, քաղաքական հարցեր, ինչպես նաև առևտրին և տուրիզմին առնչվող հարցեր։

Թուրքիայի նախագահը կարևորել է Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանի կառուցումը և նշել է, որ այդ հարցում, որևէ խնդիրներ չկան։ Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի կառուցումն ավարտվել է, իսկ ցամաքային հատվածի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։

Էրդողանը հիշեցրել է, որ 2018-ին Թուրքիա են այցելել 6 մլն ռուս զբոսաշրջիկ և հույս հայտնել, որ նրանց թիվը ընթացիկ տարում կաճի։

Նա նաև տեղեկացրել է, որ կողմերը շարունակելու են աշխատանքներ իրականացնել, որպեսզի Թուրքիայի քաղաքացիները Ռուսաստան մեկնեն առանց վիզայի։

Նշվում է, որ ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստից հետո երկու երկրների միջև 3 պայմանագիր է ստորագրվել։ Պայմանագրերը ստորագրվել են թուրքական և ռուսական ընկերությունների և հիմնադրամների միջև։ Դրանք առնչվում են հիմնականում երկկողմանի ներդրումային հարցերին։

Իր հերթին Պուտինը հայտնել է, որ թեև Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, այնուամենայնիվ դեռ որոշակի խնդիրներ կան։ Ըստ նրա՝ կողմերը դեռևս համաձայնության չեն հասնում գազի գնի շուրջ, որը Ռուսաստանը մակարարում է Թուրքիային։

«Ինչ վերաբերում է գազի գնին, ապա այն սահմանվում է շուկայական ճանապարհով։ Շուկայում գինն այդպիսին է, գինը «Գազպրոմի» կողմից չի սահմանվում։ Այստեղ կան հարցեր և խնդիրներ։ Մեր թուրք գործընկերները, կոմերցիոն նկատառումներից ելնելով, առաջ են տանում իրենց բանաձևերը, իսկ Գազպրոմը առաջարկում է այլ բան։ Հարցը միայն գինը չէ, չնայած դա էլ կարևոր չափորոշիչ է, հարցը ռուսական գազի մատակարարման կայունության մեջ է։ Թուրքիան ունի գազամատակարարման բազմաթիվ պայմանագրեր այլ կողմերի հետ, բայց ոչ բոլոր կողմերն են իրականացնում պայմանագրով ստանձնած պարտավորությունները, իսկ Ռուսաստանը կատարում է»։

Երկու նախագահների ամբողջական մամուլի ասուլիսը՝ ստորև (ռուսերեն թարգմանությամբ)





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: