Հայերեն   English   Русский  

​Շիրակի դատախազից նոր գրություն մարզպետին


  
դիտումներ: 582

Շիրակի մարզի գրեթե բոլոր համայնքները 2018 թվականին հայտնվել էին դատախազության ուշադրության կենտրոնում:

Տարբեր չարաշահումներ և իրավախախտումներ էին հայտնաբերվել համայնքապետարաններում, նույն գործընթացը դատախազությունը շարունակում է նաև այս տարի: Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն է այս մասին հայտնել մարզխորհրդի նիստի ժամանակ:

Դատախազության ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են չարաշահումներ դրամական աջակցություն տրամադրելու ընթացքում, խախտումներ են հայտնաբերվել համայնքային սեփականություն գույքի օգտագործման տրամադրման կամ օտարման գործընթացներում, համայնքապետարաններում մի շարք հաստիքներ զբաղեցվել են համայնքապետերի մտերիմների կողմից, ովքեր հիմնականում աշխատանքի չեն ներկայացել կամ հաճախելիությունը պատշաճ չի եղել:

-Մարզի դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզպետին, համայնքներում նմանատիպ խախտումներն ու չարաշահումները հայտնաբերելու, ինչպես նաև հետագայում բոլոր տեսակի անիրավաչափ գործողությունները կանխելու նպատակով իրականացնել ուսումնասիրություններ: Մարզպետարանում արդեն ստեղծվել է 2 աշխատանքային խումբ, որոնք առաջիկա օրերից սկսած համայնքներում ուսումնասիրություններ են կատարելու, - հայտնեց Արամ Անտոնյանը:

Աշխատանքային խմբերի համայնքներ այցերի գրաֆիկը դեռ հայտնի չէ, բայց ինչպես պարզաբանեց վարչության պետը՝ այցից առաջ համայնքի ղեկավարի կտեղեկացվի այդ մասին:
Հավելենք, որ Շիրակի մարզում համայնքապետարաններում հայտնաբերված չարաշահումների հետևանքով երկու համայնքի ղեկավարի դեմ դատական հայց էր ներկայացվել, մյուսների պարագայում պատճառված վնասը վերականգնելուց հետո դատավարական ընթացք չի եղել, բայց բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: