Հայերեն   English   Русский  

​Ժնևից՝ Երևան, Լյուսիից՝ Միգանուշ․ մի հայրենադարձի պատմություն


  
դիտումներ: 15392

«Միգանուշ․․․ինչ գեղեցիկ անուն է»,-ասում եմ ու փորձում համացանցում գտնել բացատրությունը,-հավերժահարս է նշանակում»։

«Նաև «Հին աստվածների» մեջ է հանդիպում»,-ասում է զրուցակիցս՝ Միգանուշը,-համենայնդեպս, եթե որևէ տեղ այդ անունը լսեք, իմացեք, որ արմատներով իրանահայ է»։

Միգանուշ Բաղրամյանը ծնվել է Ժնևում։ Ծնողներն Իրանից Շվեյցարիա էին տեղափոխվել 80-ականներին, Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ։

Շնորհիվ ընտանիքի ու Ժնևի հայ համայնքի՝ հայկական արմատներն ամուր հիմքերի վրա են։ Իսկ հայկականությունը Միգանուշի համար նախևառաջ տանը պատարաստվող ավանդական կերակուրներն էին, որոնց համն ու հոտը մինչ օրս չի մոռանում, տան պատին կախված հայոց այբուբենը, Ժնևի հայկական երգչախումբը, որտեղ երգում էր, հայկական պարերը․․․

Մինչ դպրոց գնալը միայն հայերեն էր խոսում, բայց դպրոցում ֆրանսերենը հայերենից առաջ ընկավ։ Դպրոցում մի բան էլ փոխվեց՝ անունը․ Միգանուշը դարձավ Լյուսի։ Ֆրանսախոս միջավայրում «Միգանուշն» այնքան տարօրինակ էր հնչում, որ ամեն անգամ արտասանելիս ամոթից կարմրում էր ու սթրեսի ենթարկվում։ «Լյուսին» հեշտ էր, ընդունելի ու գեղեցիկ, դրսում նա Լյուսին էր, իսկ տանը, հարազատների միջավայրում՝ Միգանուշը։

Առաջին այցը Հայաստան և առաջին շոկը

6 տարեկան էր, երբ 1998-ին ընտանիքով տասը օրով գալիս են Հայաստան։ Վարձով բնակարանում էին մնում։

«Ես չէի հասկանում, թե ինչու է տաք ջուրը միայն առավոտյան 5-ից 7-ը գալիս։ Հիշում եմ, ծնողներս 2 ժամ շուտ էին արթնանում, որ օրիորդ Միգանուշի համար տաք ջուր պատրաստեն»։

Գյումրիում բարեկամներ ունեին, որոնց այցելության էին գնացել։ Հիշում է՝ ճանապարհին մի քանի անգամ ոստիկաններն անտեղի մեքենան կանգնեցրին, որ փող վերցնեն։ Իսկ բարեկամների մեծ ընտանիքը փոքրիկ վագոն-տնակում էր ապրում։ Միգանուշը զարմանում էր ու ոչինչ չէր հասկանում։ Միայն զգում էր, որ Հայաստանում ինչ-որ բան այն չէ, ինչ որ բան շեղված է բնականոն կյանքից։

«Հայրենիքի կոնցեպտն ինձ համար լրիվ ուրիշ բան էր, իսկ Հայաստանը, որ տեսա, լրիվ ուրիշ բան․․․»։

Հայաստանից ծանր տպավորություններով է վերադառնում։

Հաջորդ այցը Հայաստան շուրջ 10 տարի անց էր։ Այդ անգամ և՛ Հայաստանն էր փոխվել, և՛ ինքն էր մեծացել, ու Երևանը հանկարծ Ժնևից ավելի աշխույժ ու հետաքրքիր է թվում։

Միգանուշ

Կրթություն 3 համալսարաններում և աշխատանքային պրակտիկա Հայաստանում

Դպրոցն ավարտելուց հետո Միգանուշ-Լյուսին նախ սովորում է Ժնևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որտեղ մագիստրատուրան ավարտելուց հետո 6 ամսով գնում է Բազել, կրթությունը շարունակում այնտեղ, ապա Չիլիի համալսարան, այնուհետև Անգլիա, Լոնդոնի համալսարանին կից «SOAS» ինստիտուտ։

Ուսումնառության բուռն ընթացքին զուգահեռ գնում-գալիս էր Հայաստան։

2015-ին առաջին անգամ սկսում է մտածել Հայաստանում աշխատանք գտնելու և որոշ ժամանակ այստեղ ապրելու մասին։ Ընկերներից մեկի խորհրդով դիմում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն և 8 ամսով աշխատանքային պրակտիկա անցնում դեսպանատանը։ Պրակտիկայի ավարտը համընկնում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, որոնց մասնակցում է՝ որպես միջազգային դիտորդ։ «Դժբախտաբար այդ 2 օրը, որ դիտորդ էի, շատ բան տեսա ու լսեցի, որ չէի ուզենա»,-ծիծաղում է։

Վերադառնում է Շվեյցարիա։ Պլանավորել էր խորացված փաստաբանություն սովորել։ Բայց հանկարծ զգում է, որ դա իրեն արդեն չի գրավում։ Ոչ միայն փաստաբանություն չէր ուզում սովորել, այլև չէր ուզում մնալ Շվեյցարիայում։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ ընդունվել էր Լոնդոնի համալսարանին կից «SOAS» ինստիտուտ։ Պետք է մեկ տարի էլ այնտեղ կոնֆլիկտների կառավարում սովորեր։ Մեկնում է Լոնդոն։

Լոնդոնում սովորելու մեկ տարին Միգանուշի կյանքում բեկումնային է դառնում։ Հանկարծ հասկանում է, որ իրեն ձգում է մշակութային միջավայրը, որի նկատմամբ մեծ հակում ուներ փոքրուց։ Լոնդոնում միանում է մի երաժշտական խմբի, որի հիմնադիրը իրանցի էր։ Խումբը իրանա-քրդական երգեր էր կատարում։ Միգանուշին առաջարկում են խմբում հայկական երգեր կատարել։

«Այդպես ոտք դրեցի երաժշտական աշխարհ ու սկսեցի կապեր հաստատել»։

Լոնդոնում ուսումն ավարտելուց հետո վերադառնում է Ժնև և որոշում մեկ շաբաթով այցելել Բեյրութ, որտեղ

Միգանուշ

ընկերներ ուներ երաժշտական ոլորտից։ Բեյրութի հայկական երաժշտական ստուդիաներից մեկում ծանոթանում է երիտասարդ հայ երաժիշտների հետ։ Նրանցից մեկը՝ Հայկը, ճակատագրական է դառնում Հայաստան տեղափոխվելու հարցում։

Սիրո խոստովանություն՝ Երևանից Ժնև

Հայկի հետ առաջին հանդիպումը Բեյրութում էր, հաջորդ հանդիպումը՝ Հայաստանում։ Հայկն ընկերների հետ Բեյրութից տեղափոխվել էր Երևան և հանկարծ մի օր ֆեյսբուքում Միգանուշին գրում է ու առաջարկում համագործակցել։

«Գրեց, որ տարիներ ի վեր աղջկա ձայն է փնտրում և իմ ձայնը իրեն շատ է դուր եկել»։

2018-ի դեկտեմբերին Միգանուշը գալիս է Հայաստան Հայկի հետ համագործակցելու։ Այցը կարճատև էր, պետք է վերադառնար Ժնև, ապա Լոնդոն, իսկ երաժշտական համագործակցությունը պլանավորում էր օնլայն իրականացնել։

«Հանդիպեցինք, մոտ տասը օր աշխատեցինք, ընկերացանք, մտերմացանք, ու ես վերադարձա Ժնև»։

Միգանուշը վերադառնում է Ժնև, իսկ Հայկը Երևանից սիրո խոստովանություն է ուղարկում։

Միգանուշ

«Երբ 2016-17 թվականներին 8 ամիս ապրեցի ու աշխատեցի Հայաստանում, հասկացել էի, որ ընտանիք կազմելու դեպքում կուզեմ ապրել միայն այստեղ, հատկապես երեխաներ ունենալու դեպքում կուզեմ, որ նրանք մեծանան Հայաստանում։ Անգամ մտածում էի, որ եթե օտարերկրացու հետ ամուսնանամ, արդյոք կուզենա՞ Հայաստանում ապրել։ Ամեն դեպքում, մտքումս որոշել էի, որ 10-15 տարի հետո վերադառնալու եմ Հայաստան, բայց․․․»։

Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Հայկի սիրո խոստովանությունից մեկուկես ամիս անց, այս տարվա հունվարին, Միգանուշն արդեն Երևանում էր։

Հիմա նրանք միասին են ապրում։ Հայկը տաղանդավոր երաժիշտ է, 5 երաժշտական գործիք է նվագում, նաև երգում է, երաժշտությանը զուգահեռ զբաղվում է տուրիզմով։

Միգանուշը 5 գործիք նվագել չգիտի, փոխարենը 5 լեզու գիտի, դրան գումարած՝ իրավաբանական լուրջ կրթություն, չնայած առայժմ հարմար աշխատանք չի գտել։ Բայց երջանիկ է, որովհետև գտել է ամենակարևորը՝ այն մարդուն, որի հետ պատրաստվում է ընտանիք կազմել հայրենիքում։

«Շվեյցարիան ապահով երկիր է, փող կա, խնդիր չկա, ամեն ինչ այնքան լավ է աշխատում, որ մարդիկ ուղղակի ձանձրանում են։ Բայց մեզ համար այնտեղ կա մշակույթը պահելու, լեզուն պահելու, ինքնությունը պահելու պայքար։ Հայաստանում հայ մնալն ամենօրյա պայքար չէ, և դա ամենակարևորն է»։

Ի դեպ, Հայաստանում «Լյուսի» անունը մեկընդմիշտ մոռացվել է։ Երբ անունը հարցնում են, հպարտությամբ է ասում, որովետև Հայաստանում Միգանուշն այնքա˜ն սիրուն է հնչում․․․





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: