Հայերեն   English   Русский  

Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին


  
դիտումներ: 957

Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) բռնկված հրդեհից փրկված արվեստի գործերը տեղափոխվել են քաղաքապետարանի շենք։

Մի քանի օրից, փորձագետների կողմից ուսումնասիրությունից հետո, դրանք կհանձնվեն Լուվրին։

Հաղորդվում է, որ փրկվել են մի քանի նկարներ, նաև զոհասեղանը, զոհասեղանի խաչը։

Ավելի վաղ Le Figaro-ն գրել էր, որ տաճարում գտնվող մասունքները հրդեհի հետևանքով չէին վնասվել։

Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր նախօրեին, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 400 հրշեջ:

Նոտղը Դամ դը Պաղիում պահպանվում է Քրիստոսի գլխի փշե պսակը, որը հնարավոր է եղել փրկել։ Եվրանյուզի հաղորդմամբ, մոտ օրերս ճարտարապետներն ու փորձագետները կգնահատեն Փարիզի Աստվածամոր տաճարի վիճակը։

Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Փարիզի Աստվածամոր տաճար (Նոտղը Դամ դը Պաղի, ֆր.՝ Notre Dame de Paris), կաթոլիկ եկեղեցի Փարիզի կենտրոնում, մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկը: Տաճարը պատկանում է Փարիզի թեմին: Տեղակայված է Սիտե կղզու արևելյան մասում՝ Փարիզի 4-րդ շրջանում։ Տաճարի տեղում եղել է Փարիզի առաջին քրիստոնեական եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոսի բազիլիկը, որն էլ իր հերթին կառուցվել է գալա-հռոմեական Յուպիտեր աստծու տաճարի հիմքերի վրա: Գոթական տաճարը կառուցվել է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլիի նախաձեռնությամբ՝ 1163-ից 1345 թվականներն ընկած ժամանակահատվածում: Տաճարի խորանի հատվածը օծվել է 1182 թվականին: Արևմտյան ճակատի և աշտարակների կառուցումն ավարտվել է XIII դարի երկրորդ քառորդին: 1235 թվականից մեծ փոփոխությունների է ենթարկվել. նավի կոնտրֆորսերի միջև կառուցվել են մատուռներ (XIII դարի կեսեր), տրանսեպտի չափերն են մեծացրել (ճարտարապետեր՝ Ժան դը Շել, Պիեռ դը Մոնթրեյ), ավելացվել են դասի մատուռները (Պիեռ դը Շել, Ժան Ռավի) և դեամբուլատորիայի մեծ արկբուտանները: XIX դարում Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի ղեկավարությամբ Ֆրանսիական հեղափոխությունից տուժած տաճարի արձանային հատվածը ռեստավրացիայի են ենթարկել, վերականգնել են նավի վարդակ պատուհանները և նոր ծայրաձող են տեղադրել:

Հետագայում՝ 1831 թվականին՝ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» նովելի հրապարակումից հետո, կառույցի հանրաճանաչությունը վերածնվել է: 1963 թվականի սկզբին տաճարի ճակատային հատվածը մաքրվել է դարերի ծխից և մրից՝ վերականգնելով իր իրական գույնը: Մեկ այլ մաքրման և վերականգմնան արշավ է սկսվել 1991-2000 թվականներին:

Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը:

Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։

Փարիզի Աստվածամոր տաճարը Ֆրանսիայի հաղթանակների և ողբերգությունների վկան է, այն կանգուն է մնացել Ֆրանսիկան մեծ հեղափոխությունից և երկու աշխարհամարտերից հետո։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: