Հայերեն   English   Русский  

Հակատիեզերական անբարոյականություն. կարծիք Գրեյի 50 երանգները» սկանդալային գրքի մասին


  
դիտումներ: 1674

Տիգրան Հախունցն իր բլոգում (https://hakhunts.wordpress.com/) Գիրք նվիրելու օրվան ընդառաջ հանրությանն է ներկայացրել իր կարծիքն ամբողջ աշխարհում և մասնավորապես Հայաստանում մեծ անուն հանած գրքի մասին, որի անունն է «Մոխրագույնի 50 երանգները», սակայն, ինչպես նշում է օգտատերը, գրքի անգլերեն անվանումը «50 Shades of Grey» է, ասել է թե՝ «Գրեյի 50 երանգները», բայց քանի որ ռուսները թարգմանել են «50 оттенков серого», հայերն էլ տառացի թարգմանել են՝ առանց կարդալու և իմանալու գլխավոր հերոսի ազգանունը:

«Ես իսկապես հիացած եմ այս գրքով, այն ուղղակի հրաշալի է:

Ասեմ՝ ինչու:
Սյուժեն, ինչպես գրքի բառապաշարը և, իհարկե, գլխավոր հերոսուհին, ում անունից պատմվում է գիրքը, զարմանալիորեն հիմար և անտաղանդ են: Գիրքը հրաշալի է նրանով, որ այն ուղղակի համաշխարհային մասշտաբի հակատիեզերական անբարոյականություն է: Էրիկա Լեոնարդը՝ սույն գլուխգործոցի հեղինակը, ցույց է տվել համայն աշխարհին, թե ինչպիսի կեղտոտ, գարշելի կենդանական մակարդակի կարող են իջնել իսկական սիրո և զգացմունքների մասին նվիրական պատկերացումները մի աղջկա մոտ, ով ինքն իրեն պարփակել է կոմպլեքսների և կեղծ մտորումների աշխարհում: «50 երանգները» գրքի համաշխարհային մեծ համբավը դարձել է ժամանակակից կանանց և աղջիկների շատ ցածր հոգևոր ներքնաշխարհի ամենաակնհայտ առհավատչյան:

Հերոսուհին մի դատարկ, իրենից ոչինչ չներայացնող իգական սեռի ներկայացուցիչ է, ուսանողուհի, ով հանդիպում է աննկարագրելիորեն գեղեցիկ և հարուստ տղամարդու, ով ունի այն, ինչի մասին վերջինս կարող էր միայն երազել:

Ներկայիս գիտական զարգացումն ու ինֆորմացիայի հասանելիությունը թույլ է տալիս իմանալ գրեթե ամեն ինչ, ձեռք բերել ցանկացած գիտելիք կամ հմտություն՝ տանից անգամ դուրս չգալով: Սակայն հերոսուհուն ինքնակրթման, ինքնաճանաչման կամ ինքնազարգացման ուղով առաջնորդելու փոխարեն հեղինակը նրան օժտում է սեփական անձի յուրահատկության և անկրկնելիության համոզմունքներով: Լեզուն շատ պարզ է, դյուրըմբռնելի, իսկ մատուցումը՝ կոպիտ և անհետաքրքիր:

Բայց ներկայիս մշակույթը հասարակության հայելին է՝ ամբողջական արտացոլումը: Հազարավոր, ինչու չէ, միլիոնավոր Անասթեյշաներ (այդպես է գլխավոր հերոսուհու անունը) հանդիսանում են սույն ապրանքի սպառողներ: Նրանք ունակ չեն իսկական զգացմունքներ ունենալ, լուրջ հարաբերություններ կազմել, սակայն վերջիններս իրենց հետ հպարտորեն կրում են մանկամտության և անհեռատեսության վսեմ դրոշն առ այն, որ կգա արքայազնը և կնվիրի նրանց հաճույք, իսկ դրա փոխարեն կպահանջի այդ հաճույքը պատճառելու թույլտվությունը լոկ:

Իրական կյանքում Անասթեյշան չի կարող հետաքրքրել որևէ տղամարդու, ով ունի անհատին բնորոշ գեթ չնչին հատկանիշներ, բայց Քրիսթիան Գրեյի «50 երանգների» աշխարհում վերջինս իր ներքին ունայնության և դատարկության փոխարեն ստանում է այն, ինչ իր նման հազարներն են ցանկանում՝ փող, շքեղ մեքենա, քռչուփալասով լի զգեստապահարան և, իհարկե, երջանկության սուռոգատի անվերջանալի պաշար:

Մարդիկ ծաղրանքով պետք է վերաբերվեն այս գրքի հերոսներին, սիրո և զգացմունքների մասին նրանց պատկերացումներին: Բայց ներկայումս մարդիկ նայում են այսպիսի հարաբերություններին հիացմունքով և բերկրանքով՝ մի կողմ նետելով վստահությունը, փոխադարձ օգնության հասնելու պատրաստակամությունը և հավատարմությունը և այլ շատուշատ հասկացություններ, որոնք երկու սիրող մարդկանց դարձնում են մեկ ամբողջություն:Նրանք վայելում են, թե ինչպես է Անասթեյշան էժանագին անբարոյականի նման տրվում Գրեյին, ով նրան մանիպուլացնում է որպես մի ցածրորակ չինական մեխանիզմ: Հեղինակը ցույց է տալիս, թե ինչքան հեշտ է Քրիսթիանը կառավարում նրան՝ առանց սիրո որևէ նշույլ անգամ զգալու: Այդ ամենը ներկայացվում է որպես իսկական սեր, մատուցվում որպես իրական զգացմունք: Սերն առանջին հերթին փոխանակություն է, հավատարմություն, սիմբիոզ: Իսկ գրքում միայն ցածրագին հաճույքների բավարարում ենք տեսնում:

Գիրքը կարդալուց հետո մի պահ մտածում ես՝ որտեղ է ռոմանտիզմը, Ռեմարկը կամ գուցե Բալզակը: Մի՞թե սեքսի պրիմիտիվ նկարագրություններից զատ ոչինչ չի հետաքրքրում մարդկանց»,-գրել է օգտատերը` իր գրառումն ավարտելով տերյանական խոսքերով:

Ամենքինն ես, իմը չես,

Ամենքին ես սիրում դու.

Ա՛խ, ոսկով են գնում քեզ,

Անհաս ցնորք իմ հոգու…





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: