Հայերեն   English   Русский  

​Հինգ պատճառ, թե ինչու Պորոշենկոն չհաղթեց Ուկրաինայի նախագահական ընտրություններում


  
դիտումներ: 170

Եվրամայդանից հետո Ուկրաինան գլխավորած Պետրո Պորոշենկոն ուկրաինացիների համար փոփոխությունների խորհրդանիշ էր,

իսկ ռուսական իշխանությունների համար՝ վերջին 5 տարիների գլխավոր «ալերգենը»: Ինչո՞ւ նա չկարողացավ ընտրվել երկրորդ ժամկետով և հաղթել նախագահական ընտրություններում՝ պարտվելով քաղաքական փորձ չունեցող երգիծաբան Վլադիմիր Զելենսկիին:

Նրա պարտությունը ցնցող էր. նա հավաքեց ընտրողների ձայների 24,5%-ը, իսկ քվերաթերթիկների 90% հաշվարկի արդյունքներով՝ Զելենսկին հավաքեց ձայների 73,17%-ը:

Եվ դա անսպասելի չէր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դատելով երկրորդ փուլի արդյունքներից՝ Պորոշենկոյին այդպես էլ չհաջողվեց լուրջ մրցակից լինել այն թեկնածուի համար, ում նա անլուրջ էր անվանում:

«Քարոզարշավում սխալներ չեն եղել: Մինչ քարոզարշավը՝ եղել են»,-BBC-ի թղթակցին ասել է Պորոշենկոն:

5 պատճառ, թե ինչու նա չընտրվեց:

Առաջին պատճառը՝ աղքատություն

2018թ. աշնանը Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ Ուկրաինան ստացել է Եվրոպայի ամենաաղքատ երկրի տիտղոսը՝ համախառն ՀՆԱ-ի ցուցանիշով:

Խնդիրների թվում մշտապես հայտնվում են ցածր աշխատավարձերն ու բարձր գները:

«Եվ խնդիրը միայն աղքատությունը չէ: Ուկրաինացիների մեծ մասն աղքատ է անկախության 27 տարիների ողջ ընթացքում: Սակայն հենց վերջին 5 տարում ուկրաինացիների մեծ մասի եկամուտների մակարդակը մոտ 2 անգամ նվազել է»,-պարբերականի հետ զրույցում ասել է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն:

Ինքը՝ Պորոշենկոն, դա նախորդ իշխանությունների ժառանգություն է համարում: «Շնորհակալություն աղքատության համար, Պյոտր Ալեքսեևիչ»,-բղավում էին մարդիկ այս տարվա մարտին Անդրկարպատ նրա այցի ժամանակ:

«Յանիկի (Վիկտոր Յանուկովիչ) ժամանակ այլ էր: Նա փախավ, ճիշտ է, լավ բան չարեց: Սակայն 8 դոլար ուներ: Իսկ հիմա՞»,-պարբերականի հետ զրույցում նման դժգոհություն են հայտնել Պորոշենկոյի հակառակորդները՝ նշելով, որ հենց նրա օրոք ուկրաինացիների կենսամակարդը կտրուկ ընկավ:

Կոմունալ սակագներն ու դրանց իջեցումը նախընտրական քարոզարշավի գլխավոր թեմաներից էին. դրա մասին խոսում էին բոլոր թեկնածուները՝ չնայած նրան, որ երկրի ղեկավարն անմիջական ազդեցություն չունի երկրի տնտեսության վրա:

Այդ ֆոնին Պորոշենկոն, ով նախագահությունից հետո բիզնես-կայսրություն հիմնեց և չէր թաքցնում իր հարստությունը, չհասավ փառքի: Ըստ հրապարակված հայտարարագրի՝ 2018թ. Ուկրաինայի նախագահի եկամուտը կազմել է մոտ 57 մլն դոլար, ինչը գրեթե 100 անգամ շատ է, քան նախանցած տարի:

«Պորոշենկոյի բիզնես կայսրության ընդլայնման խորհրդանիշ դարձավ Պորոշենկոյին պատկանող «Ռոշեն» կորպորացիայի քաղցրավենիքի խանութների ցանցի աճը: Մարդիկ դա տեսնում էին ամեն քայլափոխի, դա աչք էր ծակում և նյարդայնացնում էր»,-պարբերականի հետ զրույցում ասել է Ֆեսենկոն:

Երկրորդ պատճառը՝ պատերազմ

Եթե նյութական բարեկեցության հարցում կարելի է վիճել, քանի որ երկրի տնտեսական քաղաքականության համար պատասխանում է կառավարությունն, այլ ոչ թե նախագահը, ապա պաշտպանական ոլորտում պատասխանատվությունը լիովին նախագահինն է:

«Հակաահաբեկչական գործողությունները (Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունները, որոնց հրամանը 2014թ. ապրիլին արձակել էր նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը) չեն կարող և չեն շարունակվի 2-3 ամիս: Մարտական գործողությունները կտևեն ժամեր». այս հայտարարությունը, որն արել էր Պորոշենկոն 2014թ. հաղթական ընտրությունների գիշերը, նրան հիշեցնում էին իր ղեկավարման 5 տարիներին:

Անցած տարվա ամռանը Պորոշենկոն ներողություն էր խնդրել հանրության շրջանում բարձր ակնկալիքներ ձևավորելու համար:

Պորոշենկոյի ընդդիմախոսները նրան մեղադրում էին պատերազմն ավարտել չկարողանալու մեջ, ինչին նա պատասխանում էր, որ խաղաղության բանալին Կիևի ձեռքում չէ, և խոսում էր Մինսկի համաձայնագրերի իրականացման անհրաժեշտության մասին:

Երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խաղաղ կարգավորման առնչությամբ որևէ գաղափար չառաջարկեց: Պորոշենկոն Զելենսկիի հետ գլխավոր դեբատների ժամանակ կասկած հայտնեց, որ նա կկարողանա իրականացնել գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները: Դեբատների ժամանակ Զելենսկին հարց ուղղեց. «Եթե դուք այդքան լավ գերագույն գլխավոր հրամանատար էիք, ինչո՞ւ մինչ այժմ չհաղթեցիք պատերազմը»:

Երրորդ պատճառը՝ նրա ընկերները

Նախագահության առաջին ամիսներից ակտիվիստները հայտարարում էին, որ հակակոռուպցիոն մարմինները չէին հայտնվի առանց Կիևի արևմտյան գործընկերների ջանքերի:

Առավել ևս, որ դրանց գործունեությունը դժվար է արդյունավետ անվանել, և, մասնավորապես, երբ հետաքննությունների գլխավոր դերերում են հայտնվում նախագահի քաղաքական դաշնակիցները:

Պորոշենկոյի իմիջը փչացավ նաև այն ժամանակ, երբ կոռուպցիայի մեջ մեղադրանք առաջադրվեց պետության ղեկավարի մտերիմ, նրա նախկին բիզնես գործընկեր, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Գլադկովկսիի նկատմամբ: Նախ նրան արդարացրեցին, ապա հեռացրեցին ԱԽ-ից:

Չորրորդ պատճառը՝ Պուտինի գործոնը

Պորոշենկոն հանդես էր գալիս «Հավատ, լեզու, բանակ» և «Հեռու Մոսկվայից» կարգախոսներով: Հայրենասիրական հռետորաբանությունը, ազգայնականությունը նրան օգնեցին ընտրվել նախագահի պաշտոնում: Սակայն հենց դա թակարդ դարձավ նրա համար:

Արդեն երկրորդ փուլի ժամանակ ընտրողներն անտարբեր էին նրա հռետորաբանության նկատմամբ: Հակառակը, նրան պատկերում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ:

Հինգերորդ պատճառը՝ նոր սեր

Վլադիմիր Զելենսկին, ում Պորոշենկոն անլուրջ էր համարում, լուրջ մրցակից դարձավ նրա համար: Պարբերականի հետ զրույցում Պորոշենկոյի շտաբից ասել են.

«Հեռացող նախագահը կարող էր մեծ շանսեր ունենալ երկրորդ փուլում, գոնե եթե լիներ Յուլիա Տիմոշենկոն: Յուրաքանչյուրն իր հակառեյտինգն ունի, և հակառակորդի թույլ կողմերի օգտագործման միջոցները վաղուց բոլորին հայտնի են»:

Եվ այժմ ուկրաինացիներն իրենց հույսերը կապում են քաղաքական փորձ չունեցող Զելենսկիի հետ, ընտրողներին գրավեց նաև սոցցանցերում ակտիվությունը, ընտրողների հետ շփվելու ունակությունը կարճ տեսաուղերձների միջոցով, «անլուրջ» կարգախոսները:

Պարտությունից հետո Պորոշենկոն հայտարարեց, որ կմնա քաղաքականությունում և կմասնակցի խորհրդարանական ընտրութուններին, որոնք տեղի կունենան այս տարվա ամռանը կամ աշնանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: