Զրույց Բեռնից Ֆրայբուրգ ճանապարհին...
Հենց սկզբում նա նկատեց, որ հազվադեպ է պատահում, երբ հանգստյան օրերն ինքն իրեն է տրամադրում. վերջին ամիսների բոլոր շաբաթ-կիրակի օրերն անցնում են կամ Շվեյցարիայի կամ եվրոպական այլ երկրների տարբեր քաղաքներում ապրող հայերին ազգագրական պարի դասեր տալով: Ամեն անգամ, երբ որևէ քաղաքում հետաքրքվում են հայկական պարերով, Հովանն անպայման փորձում է օգտակար լինել: Եվ նա իր գործն անում է առանց ավելորդ պաշտոնականության, բայց արդյունք տալով: Այդպես օտարության մեջ ինչ-որ չափով նաև փարատվում է կարոտը պարի հանդեպ:
Հովանը, լինելով տեխնիկական գիտությունների թեկնածու, միկրոէլեկտրոնիկայի մասնագետ, հատկապես Սփյուռքի հայկական շրջանակներում առավել հայտնի է որպես «Շավիղ» կրթամշակութային նախաձեռնության հիմնադիր-անդամ՝ իրականացնելով հայ ավանդական մշակույթի քարոզչություն, դասավանդելով մեր ազգի հինավուրց պարերը: Երևանում աշխատում է «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնում որպես ճարտարագետ, նաև դասախոսում է Պոլիտեխնիկական համալսարանի Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնում: 2018-ի սեպտեմբերից 9-ամսյա գործուղման շրջանակներում գտնվում է Բեռնում՝ ողնաշարի և գլխուղեղի վիրահատությունների ընթացքում նեյրոմոնիտորինգի բնագավառում լրացուցիչ փորձ և գիտելիքներ կուտակելու, համագործակցություն ձևավորելու նպատակով:
Հայկական ավանդական պարեր սկսել է յուրացնել 18 տարեկանից՝ դառնալով Գագիկ Գինոսյանի սանը: Արդեն 19 տարեկանից ինքնուրույնաբար հանդես է գալիս որպես պարուսույց: Տարիներ շարունակ պարուսուցումներ է իրականացրել ոչ միայն Երևանում ու Հայաստանի մարզերում, այլև աշխարհի տարբեր անկյուններում: Կյանքի նման ընթացքը, երբ բոլոր հնարավոր առիթներն օգտագործում է հայկական ավանդական մշակույթը, մասնավորապես պարարվեստը տարածելու համար, Հովանի համար բնականոն է դարձել:
Հունիսին հայրենիք վերադարձող զրուցակիցս պատմում է, որ այս ամիսներին իր ծավալած կրթամշակութային գործունեության արդյունքում հասկացել է, որ Շվեյցարիայում հայկական ռեսուրսը մեկտեղելու և ավելի արդյունավետ օգտագործելու կարիք կա: Ինչպես նաև տեղի հայերն ունեն լեզվի, ավանդական մշակույթի, հավատքի պահպանման շատ լուրջ խնդիր, որի լուծման հիմնական բեռն ընկած է ընտանիքի ուսերին, որն էլ, ցավալիորեն, հաճախ անզոր է:
2019-ի փետրվարի 10-ին շվեյցարական Նոշատել քաղաքում տեղի հայերի նախաձեռնությամբ բացվեց հոգևոր և կրթամշակութային հայկական կենտրոն, որտեղ Հովանը ազգային պարի դասեր է տալիս: Ըստ նրա՝ մարդիկ գալիս են պար սովորելու՝ ինքնության գիտակցումից, սեփական մշակույթի հանդեպ ունեցած սիրուց դրդված: Ուրախալի է, որ մեր ազգային պարարվեստով նաև շվեյցարացիներն են ոգևորված՝ առանց հայերի հետ որևէ առնչություն ունենալու:
Սփյուռքահայերը պարի միջոցով ծանոթանում են, կապեր հաստատում, համախմբվում ու ոգևորվում, զգում հայ պարի հաղթական ոգին: «Մեր գործունեության հիմնական մեխը ոչ թե պրոֆեսիոնալներ պատրաստելն է, այլ հայորդիների լայն շրջանակներին պարը փոխանցելը: Նոշատելում անցկացրած պարի մի քանի դասերից հետո արդեն իսկ նկատելի է մարդկանց սպասումն ու ոգևորությունը՝ անկախ տարիքից ու մասնագիտությունից: Մասնակիցներն ունեն ավելի շատ պարեր յուրացնելու, սովորած պարերի մեջ հմտանալու մեծ ցանկություն: Պարի միջոցով նրանք մի տեսակ աներևույթ կապ են հաստատում նախնիների հինավուրց մշակույթի, կորուսյալ հայրենիքի հետ: Ի վերջո, այդ պարերի մեծամասնությունը Արևմտյան Հայաստանից են, իսկ այստեղ գտնվողների մեծ մասն արմատներով հենց այնտեղից է: Ուստի շատ կարևոր է ինչ-որ մեխանիզմով ապահովել ազգագրական պարերի մասնագետների ներկայությունն աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում՝ շատ ավելի կայուն և ուժեղ ազդեցություն ունենալու համար»,- նկատում է Հովանը և շարունակում. «Իմ դասերին հաճախողների համար միայն պարի ուսուցիչ չեմ, այլև հայրենիքի շունչն իր մեջ կրող, Հայաստանն իր կյանքի կիզակետում ունեցող մեկը, ինչը նրանց համար հրաշալի առիթ է հերթական անգամ Հայաստանի մասին մտածելու, զրուցելու, Հայաստանով մի լրացուցիչ անգամ ապրելու: Գործունեությանս ընթացքում պարուսուցմանը զուգահեռ նրանց շրջանում ջանում եմ խրախուսել ի վերջո հայրենադարձվելու գաղափարը: Եվ եթե անգամ շուտով չստացվի վերադառնալը, գոնե ավելի հաճախակի կայցելեն, իրենց շատ ծրագրեր կկապեն հայրենիքի հետ: Նրանք աշխարհի ցանկացած երկրում Հայաստանի դեսպանները պետք է լինեն: Իրականում շատերի համար բավական դժվար է ապրել օտարության մեջ՝ լեզվից, ազգային ավանդույթներից, մշակութային արժեհամակարգից կտրված: Դրա համար, եթե նորից գանք պարին, դրսում բոլորն էլ, եթե ոչ գիտակցաբար, ապա գոնե ենթագիտակցորեն ուզում են պարի միջոցով հաղորդակից լինել իրենց ազգային կերտվածքին: Ուստի ես պարի դասերի ընթացքում միան պարային շարժումներ չեմ սովորեցնում, այլև անդրադառնում եմ յուրաքանչյուր դասավանդվող պարի ծագմանը, առանձնահատկություններին: Եվ եթե հնարավորություն է լինում, նաև Արևմտյան Հայաստանի քարտեզն եմ փակցնում ու ցույց տալիս՝ որ գավառի պար է, բացատրում՝ ինչ առանձնահատկություններ ունի այդ տեղանքը: Արդյունքում պարուսուցումն ինչ-որ իմաստով վերածվում է Պատմական Հայաստանի ճանաչողության դասի»:
Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև հայապահպանության կարևոր գործոններին: Ըստ Հովանի՝ ամենաանհրաժեշտ պարագաներն են՝ լեզուն, հավատքը, մշակույթը: Այդ առումով, որտեղ կա հայկական դպրոց, եկեղեցի, մշակութային խմբակներ, համայնքային միասնական կյանք, դրանով ինքնությունը պահելու հնարավորություներն ավելի շատ են: Բայց անգամ այդ ամենով հանդերձ դրսում ինքնությունը պահելը լուրջ խնդիր է, որովհետև օտար միջավայրն ու բարքերը, խառնամուսնությունները և այլ ոչ նպաստավոր հանգամանքներ սփյուռքի հայությանը կանգնեցնում են ուծացման վտանգի առջև:
«Ամեն կերպ պետք է խթանել հայրենադարձության ալիքը, եթե ուզում ենք մեր ինքնությամբ ներկայանալ աշխարհին: Սա ես ասում եմ դեռ այն պարագայում, երբ կա այդ նույն եկեղեցին, դպրոցը, համայնքային կենտրոնը: Բայց պատկերացրեք, կան քաղաքներ, նույն՝ Բեռնը, որտեղ այդ ամենը չկա: Եվ որևէ հայկական սնունդ ստանալու համար մարդը պիտի այդտեղից գնա-հասնի, օրինակ՝ Նոշատել, Ժնև կամ Ցյուրիխ: Սա այն դեպքում, երբ Շվեյցարիան այդքան էլ մեծ երկիր չէ: Հսկայական տարածք ունեցող այլ երկրներում ինքնության պահպանման միակ բջիջը մնում է ընտանիքը, ինչն էլ ոչ միշտ է աշխատում: Նման պայմաններում փաստացի կորցնում ենք հայ տեսակը: Դրա համար անհրաժեշտություն է ոչ միայն հայկական մշակույթին մերձ մնալը, այլև Հայաստանի հետ մշտական կապ պահպանելը, հետաքրքրվելը, հայրենիքով ապրելը: Բավական ուրախալի նախադեպեր կան, երբ Բրազիլիայից կամ նույն Եվրոպայից Հայաստան են այցելում երիտասարդներ, որոնց ծնողներն ամենատարբեր պատճառներով երբևէ Հայաստանում չեն եղել: Մնում է շատ առիթներ ստեղծել, որ հայ երիտասարդը ձգտի լինել Հայաստանում, ինչ-որ կապերի մեջ միշտ լինի: Պետք է տարբեր բնագավառներում կազմակերպվեն մասնագիտական փոխայցեր, որով Հայաստան-սփյուռք կապը շնչող օրգանիզմի կվերածվի: Եվ ընդհանրապես անգամ այդ տերմինները վերանայելու ժամանակն է: Բոլորս մի դաշտ գալու, կենդանի կապն ամրացնելու, համատեղ գործ անելու առաջնահերթ խնդիր ունենք, որով էլ ձևավորվելու է հայրենադարձության մեծ հոսքը: Արդի աշխարհի մարտահրավերներն այնքան լուրջ են ու այնքան շատ, որ տասնյակ անգամ ավելի շատ գործ պիտի արվի, քան անում ենք այժմ»,-անհանգստանում և ելքեր է առաջարկում Հովանը:
Զրուցակիցս կիսվեց նաև ապրիլի 24-ի հետ կապված իր խոհերով՝ շեշտադրելով, որ այդ թեմայի հետ կապված էլ ազգովի լուրջ վերանայումների կարիք ունենք: «Որքան էլ դա հիշատակի օր է, բայց խորհրդանշորեն ասած՝ ապրիլի 25-ն է կարևոր, այսինքն՝ մեր կատարելիք հաջորդ քայլը: Հարյուրամյակի առիթով մեր նահատակների սրբադասում եղավ, իսկ սրբերին չեն սգում, նրանց աջակցությունն ու բարեխոսությունն են հայցում: Մենք պիտի վերանայենք մեր կորուստը նաև այդ տեսանկյունից: Եվ երկրորդ՝ ինքնության պահպանման գերխնդիր ունենք: Բոլոր դարերի մեր թշնամիները փաստացի առաջնային հարվածել են մեր ինքնությանը՝ հայոց լեզուն արգելելու, հայ դպրոցը փակելու, հավատը խլելու, եկեղեցիներն ավիրելու, հոգևոր առաջնորդներին գլխատելու և նմանատիպ այլ մեթոդներով: Այս պահի դրությամբ, չունենալով ուղղակի հարձակումներ, սփյուռքում փաստացի կորցնում ենք մեր ինքնությունը: Մի տեսակ աներևույթ ձևով վերջնարդյունքում ստացվում է նույն բանը: Օտարության մեջ չպահպանելով սեփական մշակույթն ու հեռանալով ազգային արմատներից՝ մենք անում ենք այն, ինչ թուրքը կբաղձար անել։ Եվ սրանով մի՞թե մի տեսակ չենք հաշտվում հարյուր տարի առաջվա ոճրի հետ»,- ցավով փաստում է Հովանը և հավելում. «Հայերի ցեղասպանության ողբերգությունը միայն միլիոնավոր զոհերը չէին, պատմական տարածքների կորուստը չէր, այլև հսկայական մշակութային ժառանգության ոչնչացումը: Բավականին պարեր կորան, շատ պարերի կրողներ էլ սփռվեցին աշխարհով մեկ, բայց հայկական ավանդական մշակույթի բնագավառում տասնամյակներ շարունակ անխոնջ գործունեություն ծավալող անհատների շնորհիվ պարը հիմնականում պահպանվեց: Մեծ Հայքի յուրաքանչյուր գավառ եկավ, խտացավ ներկայիս փոքրիկ Հայաստանի տարածքում՝ պահպանելով իր տարածքին բնորոշ մշակութային դիմագիծը: Ձևավորվեց ընդհանուր հայկական մշակութային միջավայր»:
Ապրիլքսանչորսյան մտորումները պիտի հանգեցնեին զրուցելու նաև Հովանի արմատներից: «Հորական պապս՝ Վարդանը, ծնվել է Վանում, իսկ նրա հայրը, ում անունով իմ անունն են դրել, ծնվել է Շատախ գավառի Կաճէթ գյուղում: Ես ծնվել եմ Երևանում: Ստացվում է՝ պատմական անարդարության, չպատժված հանցագործության արդյունքում ես, ճիշտ է, լույս աշխարհ եմ եկել հայկական միջավայրում, ի տարբերություն սփյուռքի մեր հայրենակիցների, բայց, սա, մեկ է, իմ նախնիների բնօրրանը չէ: Այստեղ է, որ շոշափելիորեն հասկանում ես ինքնությունը պահպանելու այն դժվարությունները, որոնց առջև կանգնել ու կանգնում են հայ գաղթականների սերունդները: Ցեղասպանությունը հսկա մարտահրավեր էր մի ամբողջ դարի կտրվածքով և դեռ ավելին, քանզի դեռ չենք վերականգնել պատմական արդարությունը: Այս հսկա մարտահրավերի գիտակցումը մի տեսակ թմրած է մեզանում, մեր կողմից անհրաժեշտ ակտիվությունը՝ անբավարար: Մյուս կողմից՝ նաև անցյալի վերաիմաստավորման հարցը, պատմության դեպքերի վերանայման խնդիրն է բաց մնում: Մենք պիտի հստակ քննենք ու հասկանանք՝ ինչ կորցրինք, բայց շեշտը դնենք այն բանի վրա, թե ինչ ունենք, ինչ պահպանեցինք: Այսինքն՝ ապրիլի 24-ը ճանաչենք, բայց 25-ի՛ն գանք, որը մեր ունեցածն է, մեր ներկան է ու ապագան: Հենց ապրիլի 25-ի՛ վրա պետք է շեշտադրում անենք և անգամ հենց ապրիլի 24-ին աշխարհին ու առաջին հերթին ինքներս մեզ խիզախորեն ցույց տանք՝ ինչ ունենք: Թեկուզ չվախենանք հայոց ռազմապարերը պարել այդ օրը՝ մեր ազգի հզորությունը, ուժը ցուցադրելով մեր սերունդներին, որովհետև երիտասարդները խնդիր ունեն հստակ տեսնելու, իմանալու՝ ինչ ունենք այս պահին: Իսկ մենք ունենք՝ անկախ պետականություն, հզոր բանակ, լեզու, մշակույթ, ազգային եկեղեցի»,- ամփոփում է Հովանը:
ՀԳ Բեռնից Ֆրայբուրգ սլացող գնացքի մեջ մի երիտասարդ հայորդի մեր զրույցից հետո դեռ շարունակելու է մտորել և հավատալ մեր ներուժին, որովհետև հենց ինքն այդպիսին է՝ ապրեցնող և ուժ տվող... Իսկ ես երևանյան գիշերվա լռության մեջ իմ աշխատանքային անկյունում կսկսեմ վերլուծել հոդվածի նյութը և ուրախ կլինեմ այն մտքից, որ ճանաչում եմ այս երիտասարդ կայացած գիտնականին ու պարի հավատավոր մշակին, ում համար ամեն օրը որպես ապրիլի 25 ընկալելու խորհուրդը ոչ թե գաղափար է, այլ ապրված ճշմարտություն...
Արփի Խաչատրյան