Հայերեն   English   Русский  

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի հետ սահմանին


  
դիտումներ: 1664

Տավուշի մարզի սահմանագոտում փետրվարի 5-ի հակառակորդի կողմից ուժգին կրակոցներից հետո իրավիճակը անհամեմատ հանգիստ է:

տավուշ

Այգեպարի բնակիչներից մեկը Անկախ-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այսօր առավոտյան հատուկենտ կրակոցներ են հնչել սահմանին, բայց գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար, կրակահերթեր չեն եղել: Ներքին կարմիրաղբյուրից, Չինարիից, Պառավաքարից ևս հավաստացրել են, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ իրավիճակը հանգիստ է: Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը տեղեկացրել է, որ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ կիսակառույց ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները դեռևս չեն վերսկսվել: Տավուշում այս պահին մառախուղ է: Նա նաև նշել է, որ Պառավաքար գյուղի բնակիչ Ալբերտ Զոհրաբյանը առայժմ փոխհատուցում չի ստացել:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ադրբեջանական զինուժը նպատակային կրակ էր բացել անտառ վառելափայտի գնացած պառավաքարցի Ալբերտ Զոհրաբյանի "Նիվա" ավտոմեքենայի ուղղությամբ՝ ամբողջությամբ այրելով այն: "Թղթերը դասավորել ենք , տարել Տավուշի մարզպետարան: Այնտեղից էլ ուղարկվել են Կառավարություն, բայց դեռ փոխհատուցում չի եղել",-ասել է Ռոլանդ Մարգարյանը:

տավուշ

Վերջին ուժգին գնդակոծության հետևանքով գյուղին զգալի նյութական վնաս է հասցվել: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ նշել է, որ ջարդվել են տանիքներ, պատուհաններ, վնասվել գազատար խողովակներ: Գնդակները դիպել են նաև դպրոցին ու եկեղեցուն: Դաշտ գյուղատնտեսական աշխատանքի գնացած մովսեսցի Լևոն Անդրեասյանը, որը վիրավորում էր ստացել ոտքից, շարունակում է գտնվել Երևանի կենտրոնական հոսպիտալում, նրան վիրահատել են: 84-այա վիրավոր գյուղացուն Մովսեսի բուժկետ էր հասցրել հակառակորդի գնդակից վիրավոր ավանակը, հետո արդեն գյուղի շտապօգնության մեքենայով Լևոն Անդրեասյանը տեղափոխվել էր Բերդի հիվանդանոց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: