Հայերեն   English   Русский  

​Դիմակավորված անձանց հարձակումները Հայաստանում նորաձև են դարձել


  
դիտումներ: 1979

Հայաստանում մեկը մյուսի հետևից արձանագրված բռնության դեպքերը քաղաքացիական ու քաղաքական ակտիվիստների նկատմամբ տեղիք տվեցին կարծելու, որ նորից հետընթաց ենք կատարել` ջուրը գցելով տարիների տքնաջան աշխատանքը, վերադարձել ենք 90-ականները, երբ ազատ խոսքի ու կարծիքի հանդգնությունը պատժվում էր բռնությամբ:

Հետընթացն արձանագրեց ու բարձրաձայնեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, որ ԱԺ վերջին քառօրյայում հայտարարեց. «Ամեն ինչ փոխվել է, ամենուր համատարած անկում է, տարբեր տիպի իրավունքների խախտումների, բռնությունների, սահմանափակումների մասին են մեր երկրին վերաբերող բոլոր միջազգային զեկույցները: Տարիներով կուտակածն ամիսների ընթացքում հետևողականորեն քամուն ենք տալիս: Բայց այնպես չէ, որ այս հեռանկարի մասին չէինք խոսում ամիսներ առաջ` սեպտեմբերի 3-ից սկսած: Մեր կանխատեսումները կատարվեցին, մի բան էլ ավելի ու կանխատեսվածից ավելի արագ»:

Բռնության վերջին դեպքն արձանագրվել է փետրվարի 7-ին, երբ դիմակավոր ու զինված անձանց կողմից առևանգվել ու մի քանի ժամ ծեծի է ենթարկվել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը: Նա հանդես էր գալիս «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառման դեմ` մասնակցելով ու ելույթներ ունենալով փոքր և միջին ձեռներեցների բողոքի ցույցերին:

Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը հայտարարել է, որ ծեծն իր անձնական գործունեությամբ չի պայմանավորված: Նա հայտարարել է, որ կատարվածի վերաբերյալ ունի իր անձնական ենթադրությունը, որի մասին կխոսի հետագայում: Նա նաև ասել է, որ կազդուրվելուց հետո ավելի ակտիվ կշարունակի իր հասարակական գործունեությունը` ցույց տալու, որ բռնությամբ չեն կարող ինչ-որ բանի հասնել:

Խաչատրյանի դեպքից հետո «Կասեցում» շարժման մասնակիցները բողոքի ցույց արեցին կառավարության և ոստիկանության շենքերի դիմաց` պահանջելով բացահայտել և պատժել ակտիվիստի նկատմամբ բռնության կազմակերպիչներին և պատվիրատուներին: «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք»,- վանկարկում էին երթի մասնակիցները:

Խաչատրյանի հետ կատարվածի առթիվ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Իրականացվում է նախաքննություն:

Խաչատրյանի հանդեպ տեղի ունեցած բռնությունից առաջ հանրության բուռն քննարկման առարկա էր դարձել հարձակումը Նախախորհրդարանի անդամների վրա: Հունվարի 31-ին նրանք ավտոերթ էին կազմակերպել դեպի Արցախ` Բերձոր, սակայն դեռ տեղ չհասած` ԼՂՀ ոստիկանությունը, իբրև թե հասարակական կարգը պաշտպանելու նպատակով, կանգնեցրել էր ավտոերթը (որը կրում էր «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը) և ծեծի ենթարկել մասնակիցներին, ապա կոտրել մեքենաները: Կատարվածից հետո հայտարարություններ եղան, որ Նախախորհրդարանի կարգախոսն անընդունելի է: Սակայն որքան էլ անընդունելի լինի, միևնույն է, բռնության լեզվով ինչ-որ բան բացատրելն անընդունելի է: Նման գործողություններն ակամա հակակրանք են առաջացնում բռնությունն իրականացնողների նկատմամբ անգամ այն անձանց մեջ, որոնք դեմ են տուժող կողմի թե՛ գաղափարներին, թե՛ գործողություններին:

Ծեծի մանրամասները պարզելու նպատակով ՀՀ մի խումբ պատգամավորներ ԼՂՀ այցելեցին: Բակո Սահակյանը, դատապարտելով տեղի ունեցածը, հայտարարեց, որ ծառայողական քննություն է իրականացվում, և մեղավորներն անպայման կպատժվեն: Ինչևէ: Անկախ հետագա քայլերից՝ տեղի ունեցածը ջուր լցրեց ադրբեջանցիների ջրաղացին` խորացնելով «ղարաբաղցի-հայաստանցի» տարանջատումը և ջուրը գցելով ադրբեջանական այդ քարոզչությունը չեզոքացնելու տարիների աշխատանքը:

Ավելի վաղ` հունվարի 17-ին, Երևանում դիմակավորված անձինք մահակներով ծեծի էին ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին, որը սոցիալական ցանցերում հայտնի է «Նավակ ճոճողը» անունով:

Գաբրիելյանը հայտարարել էր, որ ծեծի հետևում կանգնած են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանը, իսկ պատճառը ֆեյսբուքում նրանց հասցեին հնչեցված քննադատությունն է: Ի պատասխան, ոստիկանապետը ակտիվիստի հայտարարությունը որակեց որպես ստահակություն և փոքրոգություն` նշելով. «Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ իրականում ակտիվիստի հետ, եթե ոստիկանապետը որոշեր վրեժխնդիր լինել նրանից»:

Հունվարի 30-ին ծեծի առթիվ հարուցվեց քրեական գործ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով: Գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Առանց քաղաքական ծեծի չէր անցել նաև դեկտեմբերը: 2014-ի դեկտեմբերի 11-ին իր տան մուտքի մոտ անհայտ անձը ծեծել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Նրան ծեծելու մեջ կասկածվող անձին ոստիկանությունը շուտով բաց թողեց: Իսկ քրեական գործն առայժմ անորոշ վիճակում է, քանի որ դեռևս չկան դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքները:

Եվ չնայած պաշտոնապես Մանուկյանին ծեծելու պատճառներն ու պատվիրատուն չբացահայտվեցին, ենթատեքստը պարզ դարձավ ԱԺ-ում Սեյրան Սարոյանի ելույթից:

«Էդ մեր բոլորիս սխալն ա, որ մենք էդքան տղամարդկություն չունեինք, որ հելնեինք մի չափալախ տայինք, ասեինք՝ ա դու քանի գլուխ ունես, այ Արամ, որ հանրապետության նախագահին կայնել ես ժողովրդի մեջ մեր ես քրֆում,- ասել էր Սարոյանը: - Եթե մենք մեր ընկերոջը էդ ապտակը տայինք հենց Ազգային ժողովում, դրսում էն մարդը մեր ընկերոջը ապտակ չէր տա»:

Դեկտեմբերի 10-ին էլ 4 դիմակավորված անձինք հարձակվել ու ծեծի էին ենթարկել «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին` նրան պատճառելով գանգուղեղային վնասվածք: Դրա նախորդ օրը ծեծել էին Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին ու «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին: Բոլորն էլ ընդդիմադիր հայացքներ ունեն ու հանդես էին եկել իշխանությունների քննադատությամբ:

Իսկ նախորդ տարվա նոյեմբերին հրկիզվեցին 6 ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների մեքենաներ, մի մեքենայի հրկիզման փորձ էլ ձախողվեց: Տուժած ակտիվիստներից 6-ը մասնակցել էին Նախախորհրդարանի ավտոերթին, իսկ մեկը մասնակցել էր Մաշտոցի պուրակի պաշտպանության և տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաներին:

Թվարկվածներն ընդամենը երեք ամսվա ընթացքում են տեղի ունեցել: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում նորաձև են դարձել դիմակավորված անձանց հարձակումները: Պարտադիր պայման է նաև այն, որ այդ դիմակավորված անձինք այդպես էլ անհայտ մնան, իսկ ոստիկանությունում հարուցված քրեական գործերը` օդից կախ: Ստեղծված իրավիճակում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը կհամարձակվի ազատ խոսել կամ «ինչ-որ մեկի թանին թթու ասել», այլևս ապահովված չէ «անհայտ» դիմակավոր անձանց հարձակումներից: Կասկածներն անմիջապես ուղղվում են դեպի իշխանությունների ներկայացուցիչները, սակայն չի բացառվում նաև, որ բոլոր դեպքերում կամ դեպքերի մի մասում առիթից օգտվում ու խառնակություններ են անում այլ` երրորդ ուժեր: Այս վարկածի դիտարկման պարագայում արդեն մեկ այլ հարց է առաջանում` էլ ինչներիս է պետք ոստիկանությունը, եթե երրորդ կողմի խառնակությունները, որոնց բացահայտումը ձեռնտու կլիներ իշխանություններին, չեն կարողանում բացահայտել: Ի՞նչ է, ոստիկանությանը հարկատուներիս միջոցներով պահում ենք միայն, որ քաղցից դրդված սնունդ գողացողներին բռնեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: