Ի՞նչ սերիալ եք սարքել Հայաստանը. Էդմոն Մարուքյան
Անդրադարձ է կատարվել Միհրան Պողոսյանի կողմից Ռուսաստանի Դաշնությունից քաղաքական ապաստան խնդրելու հարցին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը դժգոհել է նրանից, որ մեդիան կենտրոնացել է Կարելիայի Հանրապետությունում Միհրան Պողոսյանի ձերբակալության ու նրա կողմից քաղաքական ապաստան խնդրելու հարցի վրա:
«Ոչ ոք չի հարցնում, թե Միհրան Պողոսյանը ինչպես է հայտնվել Կարելիայի Հանրապետությունում, քանի որ արդեն մեկ տարի է հայտնի էր, որ Միհրան Պողոսյանը պետք է քրեական հետապնդման ենթարկվեր: Էդ մեր նախաքննության մարմինները էնքան սպասեցին, էդ մարդուն տարան առոք-փառոք ճանապարհեցին, որ հետո չկարողանա՞ն բռնել: Մեկը չի հարցնում, թե ինչ բանի էիք, որ էդ մարդը գնաց, որ Բուլկի Արամը գնաց, Էդ մարդը արդեն գնացել է ու կարող է դիմել քաղաքական ապաստանի համար: Գոնսալեսը Պրագայում է դիմում, որ քաղաքական ապաստան ստանա, քանի որ քաղաքական հետապնդվող է, Ռոդրիգոսը Մոսկվայում է դիմում, Խոսե Իգնասիոն էլ կարողա Մեքսիկայում դիմի, էս ի՞նչ սերիալ եք սարքել Հայաստանը»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ասաց, որ իրենք դեռ չեն կարող հստակ որևէ եզրակացություն անել:
«Գործընթացը իրավական հարթությունում է բացառապես, և մենք կսպասենք դեպքերի ընթացքին: Յուրաքանչյուր մարդու գործն է ընտրել վարվելակերպ՝ այս կամ այն երկրում՝ իր խնդիրները կարգավորելու համար: Անձամբ ես չեմ գտնում, որ էստեղ քաղհալածյալի խնդիր կա»,-նշեց Մելքումյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի ստեղծված իրավիճակին վատ է վերաբերում, քանի որ ընդհանրապես ցանկալի չէ, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյան, գեներալը, ով պետական գաղտնիքի կրող է որոշ իմաստով, քաղաքական ապաստան խնդրի այլ երկրից: Ըստ նրա՝ այս հանգամանքը որևէ կերպ վնաս չի հասցնի մեր երկրի վարկանիշին միջազգային հարթակներում:
Էդմոն Մարուքյանը մեղադրեց լրագրողներին նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսելու հարցը օրակարգ բերելու մեջ:
«Մարդը 10 տարի երկրի նախագահ է եղել ու ոչինչ չի ասել, հիմա երբ հեղափոխություն է եղել, ու նա հեռացել է, ինչ-որ ուժեղ ակնկալիք կա, թե ինչ պետք է ասի Սերժ Սարգսյանը: Մանկապարտեզներ սեփականաշնորհած ուժը ի՞նչ պետք է խոսի: Ուրիշ գործ չունե՞ք, գնում եք քաղաքական վերակենդանացման բաժանմունքներից մարդ եք ուզում վերակենդանացնել»,-ասաց Մարուքյանը: