Աղբահանության վիճակը չի լավանում. «Սանիթեք»-ը շարունակում է տուգանվել
Այսօր քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է թերացման և չկատարված աշխատանքների համար: Այս անգամ տույժը կազմել է 26 միլիոն դրամ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում թերացման և չկատարված աշխատանքների համար ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար 0,5 % է նախատեսվում պայմանագրի գումարից»:
Աղբահանության վիճակը մայրաքաղաքում վերջին շրջանում վատթարացել է: Քաղաքապետարանը և «Սանիթեքը» հայտարարություններով դիմել էին քաղաքացիներին՝ հայցելով նրանց ներողամտությունը: Խնդիրը անգամ հասել էր Կառավարություն, որը ապրիլի 18-ին թույլատրել էր քաղաքապետարանին ձեռք բերել 15 աղբատար մեքենա, որոնք պետք է տրամադրվեն «Սանիթեք» ընկերությանը՝ մայրաքաղաքում աղբահանության վիճակը լավացնելու համար: