Կարեն Գրիգորյան. «Ցանկացած հաղթանակ ոգևորում է և ստիպում առաջ շարժվել»
Ստուգատեսին փայլուն հանդես եկավ և վաստակած 8 միավորով հաղթողի կոչումը նվաճեց 2015 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
Անկախի հետ զրույցում հայ գրոսմայստերը կիսվում է տպավորություններով և կարևորելով յուրաքանչյուր հաղթանակ՝ նորանոր հաջողություններ գրանցելու համար:
-Շնորհավորում ենք Ձեզ. 7 հաղթանակ տոնելով և 2 ոչ-ոքի խաղալով՝ մրցաշարի միանձնյա հաղթող ճանաչվեցիք:
- Շնորհակալ եմ: Այս ստուգատեսից առաջ մեկ ուրիշ մրցաշարի էի մասնակցել Իսպանիայի Տոռելավեգա քաղաքում, որից հետո որոշեցի ուժերս փորձել նաև Մադրիդում:
Մրցաշարին բավական ուժեղ կազմ էր հավաքվել. մրցակիցներս բազմափորձ մարզիկներ էին: Խաղս ստացվեց, նաև հաջողությունն ինձ ուղեկցեց: Մինչ 6-րդ պարտիան, մրցաշարն ավելի հանգիստ էր ընթանում, մրցակիցներիս հեշտությամբ էի հաղթում: Հետո արդեն սկսվեց բուն մրցակցությունը: Ամենադժվար պարտիան 6-րդն էր՝ Վենեսուելան ներկայացնող գորսմայստերի հետ: Տպավորիչ խաղ ստացվեց: Ցանկացած ելք հնարավոր էր: Բայց ես կարողացա վերջնամասն ավելի լավ խաղալ և հաղթել: Դրանից հետո վաստակեցի 6 միավոր և գտնվում էի առաջին հորիզոնականում: Այնուհետեև կրկին դժվար պարտիաներ անցկացրի՝ ոչ-ոքիներ խաղալով իսպանացի և վենեսուելացի մարզիկների հետ: Վերջին`9-րդ տուրում հաղթանակից հետո զբաղեցրի առաջին տեղը, քանի որ մրցակիցներս ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:
-Այս հաղթանակով արագ շխամատում 22 կետով բարելավեցիք Ձեր անհատական ընթացիկ ցուցանիշը: Շածամատի, ո՞ր տարբերակն է առավել հոգեհարազատ:
-Ցանկացած ձեռքբերում կարևոր է և շատ ոգևորում է: Այս հաղթանակով արագ շախմատում մտա թոփ 100-ի մեջ, բլիցով 51-52-րդն եմ, ինչը ոգեշնչում է: Արդարության համար ասեմ, որ վերջին շրջանում դասական շախմատում խաղս այնքան էլ հաջող չի ստացվում:
Ինձ ավելի հոգեհարազատ են արագ և կայծակնային շախմատները, քան՝ դասականը: Դասական շախմատը ժամանակատար է և պահանջում է մեծ էներգիա: Արագ շախմատը տևում է մատավորապես 30 րոպե, կայծակնայինը 4-5րոպե, իսկ դասականը՝ 4 ժամ: Պատրաստվածության բարձր մակարդակ է պահանջվում: Պետք է մտածել սեփական և մրցակցի յուրաքանչյուր քայլի, խաղային տարբեր իրավիճակներում ճիշտ գործելու մասին, ինչը երբեմն ձանձրալի է:
Նշեմ նաև, որ հաղթանակը ոգևորում է և նպաստում է պրոֆեսիոնալ որակների զարգացմանը: Ցանկացած մրցաշարի մասնակցելը շատ կարևոր է. դրանք փորձ են հաղորդում և ավելի ուժեղ են դարձնում մարզիկներին:
Այժմ Հայաստանում եմ, հարազատ ու ջերմ միջավայրում: Տարբեր մրցաշարերի առաջարկներ ունեմ: Փոքր-ինչ հանգստանալուց հետո կսկսեմ պատրաստվել ավելի լավ արդյունքների հասնելու համար:
-Մադրիդյան մրցաշարում բավական հաջող հանդես ակավ նաև Իսպանիան ներկայացնող 17-ամյա Լևոն Մկրտչյանը: Հանգամանքների բերումով հայ մարզիկները ներկայացնում են այլ երկրներ:
-Լևոնը պատանի շախմատիստ է, որն ապրում է Իսպանիայում և ներկայացնում է այդ երկիրը: Հայաստանը փոքր երկիր է և հնարավորություն չունի բոլոր շախմատիստների պահանջները բավարարել: Աշխարհում կան մեծ երկրներ, որոնք կարող են ու պատրաստ են բավարարել մարզիկների բոլոր պահանջները: Այդ երկրներն ունեն բազմաթիվ ակումբներ, և հայ շախմատիստները համալրում են ակումբենրի կազմերը՝ դառնալով առաջատարներ:
-Ուրախալի է, որ հայ շախմատիստների ձեռքբերումները ոգևորում են երեխաներին, նրանք ոչ միայն դպրոցում, այլև մասնավոր սկսում են զբաղվել շախմատով:
-Շախմատը լայն հնարավորություններ ունի՝ զարգացնելու երեխայի միտքը, մտածողությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը: Ցանկալի կլինի, որ ավելի շատ երեխաներ զբաղվեն շախմատով: Անգամ եթե չեն ցանկանում պրոֆեսիոնալ դառնալ, շախմատը միմիայն օգնում է կյանքի բոլոր փուլերում ու բնագավառներում՝ երեխաներին դարձնելով նպատակասլաց ու համբերատար: Կան նաև երեխաներ, որոնք ցանակնում են նմանվել Լևոն Արոնյանին, դառնալ գրոսմայստեր, ընդգրկվել լավագույնների շարքերում:
Շախմատը հայի գենի մեջ է: Խելացի ազգ ենք: Անժխտելիորեն մենք լավ ենք շախմատ խաղում: Ես սկսել եմ շախմատով զբաղվել 6 տարեկանից: Սկզբում պարզապես հետաքրքիր էր ինձ, սակայն չէի մտածում այդ ուղղությամբ խորանալու և գործունեությունս այս ոլորտում շարունակելու մասին: Ընթացքում ստացվեցին հաջող մրցաշարեր, մասնակցեցի Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններին և շարունակեցի կարիերաս՝ դառնալով միջազգային վարպետ, այնուհետեև՝գրոսմայստեր: Այդ ձեռքբերումներից հետո չես ցանկանում այլևս դուրս գալ ասպարեզից, քանի որ ունես որոշակի դիրք և ձեռքբերումներ:
- Ձեր մասանգիտական փորձը երեխաներին փոխանցելու ցանկություն ունե՞ք:
-Իհարկե: Կարծում եմ բոլոր մարզիկներն էլ կարիերան ավարտելուց հետո մտածում են մարզչական գործունեությամբ զբաղվելու մասին: Հաճելի կլինի աշխատել երեխաների հետ, գիտելիքները փոխանցել և ճիշտ ճանապարհ ցույց տալ: Հիմա էլ փորձում եմ ամեն կերպ օգնել նրանց մասնագիտական խորհուրդներով, որպեսզի թե՛ իրենց, թե՛ երկրի համար ավելի լավ ապագա կառուցեն: