Հայերեն   English   Русский  

​Շիրակում բետոնը կփոխվի ասֆալտի. Հյուսիս-հարավի նորամուծությունը


  
դիտումներ: 473

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման Թալին-Գյումրի, Գյումրի-Բավրա հատվածների ճանապարհածածկը պատվելու է ասֆալտաշերտով:

Ինչու է Շիրակի մարզը զրկվում բետոնյա միջպետական ճանապարհ ունենալուց, Շիրակի մարզպետը նշում է՝ վերջնական որոշում դեռ չկա: Ստեղծվել է միջազգային և տեղի մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, ովքեր ուսումնասիրելու և վերջնական եզրակացություն են տալու: Մարզպետը հանդիպել է շինարարություն կատարող չինական կազմակերպության ներկայացուցիչներին.

- Գյումրիից Թալին հատվածը, մեկ ուղղությամբ, հողային աշխատանքներն ամբողջապես կավարտվեն մինչև օգոստոս, որից հետո կգա վրայի շերտի հետ կապված աշխատանքների ժամանակը: Եթե բետոնային շերտ լինի՝ կունենա իր ժամկետները, եթե ասֆալտ է՝ իր ժամկետը: Ասֆալտի պարագայում, պարզ է, որ խոսքն,այդ հատվածների համար, առավելագույնը 2-3 ամսվա մասին է լինելու:

Հյուսիս-հարավի ճանապարհին Շիրակի մարզի գյուղերը նաև տուժում են. նախնական տարբերակում ճանապարհն անցնելու էր Գյումրի քաղաքի միջով, որը տեխնիկապես իրագործելի չի եղել Նախագծվել է Գյումրին շրջանցող ճանապարհ կառուցել, որն էլ անցնում է գյուղական բնակավայրերի սևահողերի միջով:

- Շիրակի դաշտավայրի կենտրոնը երբ նայում ես՝ կամ այս կողմից, կամ այն կողմից, Գյումրի քաղաքի շուրջը բերրի հողեր են: Ես զրուցել եմ ԾԻԳ-ի տնօրենի հետ, իրենք այս պարագայում մոտեցում ունեն, որ նաև գյուղամթերքի ռեալիզացիայի առումով և ընդհանրապես տարածաշրջանի թեկուզ նույն համայնքների զարգացման առումով ոչ թե խնդիր է բերելու, թե բերրի հողերը մնացին ճանապարհի տակ, այլ հնարավորություն է բերելու, - որպես դրական կողմ ներկայացնում է մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու շարունակում, - անմիջապես քո դաշտի հարևանությամբ անցնելու է Հայաստանի հարավը հյուսիսին միացնող ամենաարագընթաց ճանապարհներից մեկը, որն ուղղակիորեն քեզ համար միջազգային շուկայի հնարավորություն է:

Թե ծրագրով հատկապես ինչու է ճանապարհը անցնում վարելահողերի միջով, մարզպետը չի կարող ասել, բայց նշում է՝ Գյումրին շրջանցող ճանապարհի ամենաօպտիմալ լուծումը սա է համարվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: