Հայերեն   English   Русский  

​Թատրոնը պետք է պարտադրի մտածել...


  
դիտումներ: 2001

«Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրի ներքո «Անկախը» մեկ տարի շարունակ իր ընթերցողներին է ներկայացրել Երևանում գործող թատրոնները:

Այս անգամ հյուրընկալվել ենք Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ,բեմադրիչ Հակոբ Ղազանչյանին: Հենց նրա հետ զրույցով էլ կեզրափակենք շարքը՝ անդրադառնալով թատերական աշխարհի ընդհանուր խնդիրներին ու ձեռքբերումներին:

-Պարոն Ղազանչյան, արդյոք թատերակա՞ն են մեր ժամանակները, և որքանո՞վ է ժամանակակից հայկական թատրոնը:

-Ժամանակները միշտ են թատերական, իսկ թատրոնի լավ կամ վատ լինելը տվյալ ժամանակահատվածում պայմանավորված է նրանով, թե որքանով է պետությունը կարևորում թատրոնի դերը հասարակության կյանքում: Եթե պետությունը ուշադիր է թատրոնների նկատմամբ, ուրեմն կունենանք լավ թատրոն, եթե ոչ, ապա կծագեն բազում դժվարություններ: Այս առումով վերջին 20-25 տարիներին բազում խնդիրներ են կուտակվել՝ թատրոնի կառավարման համակարգի, ֆինանսատնտեսական գործունեության և այլ ոլորտների ուղղորդման հետ կապված: Եվ այդքանով հանդերձ մենք այսօր էլ ունենք լավ թատրոններ, ստացված ներկայացումներ, հետաքրքիր մտածող մարդիկ: Դրական գնահատական տալու համար պարտադիր չէ, որ թատրոնի կյանքում լինեն հազարավոր իրադարձություններ. մեկ-երկու վառ պոռթկումներն էլ արդեն խոսում են այն մասին, որ թատրոնն ապրում է:

-Թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», որ ընդամենը վերջերս բավական դժգոհությունների տեղիք տվեց թատերական աշխարհում, իրականում ի՞նչ վտանգներ ուներ իր մեջ: Ի՞նչ պետք է անել նման միջադեպերից խուսափելու համար:

-Բարեբախտաբար սևագիրը սևագիր էլ մնաց: Թեկուզ սևագիր տարբերակով, բայց մեր խնդիրն էր արձագանքել և կանխել հետագա զարգացումները, քանի որ եթե կա սևագիրը, նշանակում է՝ այդպիսի տրամադրություններ կան, նշանակում է՝ կան այդ ուղղությամբ մտածող մարդիկ: Այսօր պետությունը լուրջ անելիք ունի թատրոնների կայացման գործում, որը պիտի արտահայտվի առաջին հերթին «Թատրոնի մասին» օրենքի ընդունումով: Խնդիրները, որ հիմա ծագում են թատրոններում՝ տարբեր նշանակումների, ազատումների և ընդհանրապես թատրոնի գործունեության հետ հետ կապված, պայմանավորված են օրենքի բացակայությամբ: Օրինակ՝ երբ օրենքը չկա, կարելի է պնդել, որ գեղարվեստական ղեկավարի հաստիքը ստեղծագործական հաստիք չէ, այլ վարչական:

-Արդի թատրոնն ինչպիսի՞ առանձնահատկություններ պիտի ունենա՝ հասարակության ուշադրությունը գրավելու համար:

-Թատրոնը պետք է կենդանի լինի, արդիական, տեսնի, զգա, և ինչպես ասում էր Անդրեյ Գոնչարովը՝ այն պիտի գտնի, շոշափի հանդիսասրահի բորբոքված գոտիները: Հանդիսատեսը պետք է հերոսների մեջ իրեն տեսնի և հասկանա, որ ներկայացումը մեր ժամանակների մասին է՝ անկախ նրանից՝ պիեսը որ դարաշրջանում է գրված:

-Ի՞նչ նշանակություն ունի, ի վերջո, այսօր թատրոնը հայ մարդու կյանքում:

-Թատրոններն իմ տպավորությամբ սկսել են շատ հետաքրքիր աշխատել, ավելացել է հանդիսատեսի քանակը: Սա այն դեպքում, որ վերջին տարիներին հեռուստաէկրանն իր սերիալների, ամեն տեսակի զավեշտալի հաղորդումների, շինծու աստղերի ձևավորմամբ ամեն ինչ արեց, որ խանգարի թատրոնի կյանքին՝ պատահական մարդկանց դարձնելով հանրաճանաչ միայն այն պատճառով, որ նրանք անընդհատ երևում են հեռուստաէկրանից: Դրա փոխարեն իրական տաղանդավոր մարդիկ, որ գլուխները կախ իրենց գործն են անում և շատ լավ են անում, մնացին ստվերում: Այսօր կարծես հասարակության հետաքրքությունը դեպի թատրոն սկսում է աճել:

-Հայկական թատրոնի գերակա խնդիրն այս պահին:

-Շատ թատրոններ ունեն կառավարման, գովազդի՝ ապրանքը վաճառելու խնդիր: Այսօր հեռուստագովազդը շատ թանկ հաճույք է, և ներկայիս ֆինանսավորման շրջանակներում թերևս անհնար է դրա իրականացումն՝ առանց հովանավորի, առանց աջակիցների: Ըստ էության՝ գովազդն ավելի թանկ պետք է լինի, քան ողջ ներկայացման արժեքը:

Ցավոք սրտի, այսօր թատրոնների, ընդհանրապես մշակութային ոլորտի հովանավորները քիչ են: Մինչ հեղափոխությունն ինչպե՞ս է եղել. հովանավոր ձեռք ենք բերել կամ նախագահի կամ վարչապետի միջամտությամբ կամ հենց նրանք են հովանավորել: Այսօրվա դաշտը դեռևս ձևավորվում է: Մեկենասության մասին օրենքի ընդունումն ուղղակի լուրջ օգնություն կլինի ողջ մշակութային համակարգին: Մշակութային ձեռնարկներին աջակցող մարդիկ պիտի ազատվեն որոշակի հարկերից այն չափով, որով օգնում են տվյալ նախագծին: Սակայն պետությունը դեռ խուսափում է այս քայլին գնալուց՝ շարունակելով դրանում ռիսկային պահեր տեսնել:

-Ո՞րն է Թատերական գործիչների միության հիմնական առաքելությունը դաշտում:

-Թատերական գործիչների միությունն այսօր պաշտպանում է թատրոնների շահերը, միջնորդ է դառնում թատրոնի և պետության միջև, բավական մեծ աշխատանք է կատարում մարզերում՝ լուծելով տեղի թատրոնների խնդիրները: Վերջին հաշվով ԹԳՄ-ն անցկացնում է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը մեկ տարվա հայելին է այն ամեն դրականի, որ տեղի է ունեցել հայ թատրոնում: 12 անվանակարգերում մեր փորձագետների խումբը որոշում է տվյալ տարվա լավագույն աշխատանքները:

Որպես լրացում ասեմ՝ միությունը քաղաքական կառույց չէ. մեր խնդիրն է օգնել պետությանը թատրոնների նկատմամբ ճիշտ քաղաքականություն ձևավորելու հարցում:

-Ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել մարզերում թատերական կյանքն աշխուժացնելու համար:

-Վերջին շրջանում ես դրական տեղաշարժեր տեսնում եմ Արտաշատի, Աբովյանի, Գավառի թատրոններում: Գավառի թատրոնը վերջերս հրաշալի շենք նվեր ստացավ, նաև ունի լավ գեղարվեստական ղեկավար, որ բավական հետաքրքիր սկզբունքներով է աշխատում: Ցավոք սրտի, վառ պոռթկումներ չկան Գորիսում և Կապանում: Կուզենայի հորդորել, որ տնավարությունը վերանար այս թատրոններից: Տխուր փաստ է, որ արդեն քանի տարի է՝ այդ թատրոնները չստեղծեցին այնպիսի աշխատանքներ, որոնք կներկայացվեին «Արտավազդ» մրցանակաբաշխությանը:

Մարզեր կատարած յուրաքանչյուր թատերական այցելություն ինչ-որ ձևով աշխուժացնում է թատերական կյանքը, ավելի է սևեռում ուշադրությունը դեպի տեղի թատրոնը: Սա ես ասում եմ մեր փորձից, որովհետև պարբերաբար միջոցառումներ ենք անում հեռավոր մարզերում: Բայց այդ ամենին զուգահեռ բախվում ենք նաև մի տխուր երևույթի՝ Երևանից թատրոնը իր միջոցներով կարող է հրաշալի ներկայացում տանել մարզ, իսկ այնտեղ դահլիճում նստած լինեն ընդամենը 30 հոգի: Այն դեպքում, որ ներկայացումն անվճար է խաղացվում: Երբ հարցնում ես՝ ինչու նախօրոք կազմակերպչական քայլեր չեն ձեռնարկվել, ասում են՝ մեր քաղաքն այդպիսին է, այստեղ մարդիկ թատրոն չեն գալիս: Եթե մենք շարունակենք այս մտածողությամբ գործել՝ սեփական վատ աշխատանքը գցելով բնակչության վրա, ավելի լավ է թատրոն չունենանք տվյալ քաղաքում:

-ՀՀ-ում ի՞նչ թատերական փառատոներ են կազմակերպվում:

-Բարեբախտաբար, թատերական փառատոներ շատ ունենք՝ «Հայֆեստ», Շեքսպիրյան, «Արմմոնո», Մնջախաղի միջազգային թատերական փառատոներ և այլն: Զարգանում է նաև «Թատերական Լոռի» արդեն միջազգային կարգավիճակ ստացած փառատոնը: Այս ամենն, իհարկե, ուրախալի է, բայց ցանկալի է նաև փառատոների նորմալ ֆինանսավորում, որովհետև դրանք տվյալ երկրի այցեքարտն են:

-Հայկական թատրոնները մասնակցու՞մ են միջազգային փառատոների:

-Թատրոնները շատ ակտիվ են մասնակցում փառատոներին, հատկապես՝ Տիկնիկային թատրոնը: Մասնակցությունն այս կամ այն փառատոնին դարձյալ ճիշտ կառավարման արդյունք է: Թատրոնները պիտի ունենան համապատասխան աշխատողներ, որոնք լեզվի իմացության և անհրաժեշտ հմտությունների շնորհիվ կկարողանան փնտրել ու գտնել հետաքրքիր փառատոներ, ուղարկել հայտեր և ստանալ հրավերներ:

-Ի վերջո, ո՞րն է թատրոնի առաքելությունը:

-Թատրոնը հասարակության հայելին է, բայց մի քայլ առաջ անցած: Եթե այսօրվա թատրոնը մտածելու առիթ չտվեց, եթե հանդիսականը դահլիճից դուրս չեկավ անհանգստացած, ապա դրա գոյությունը պետք չէ, նշանակում է նա չի կատարում իր առաքելությունը, նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ:

Արփի Խաչատրյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: